Ամփոփվել են բնապահպանության ոլորտում մայրաքաղաքում 2012 թ.-ին կատարված աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 27, 2012 19:43

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ամփոփել է ոլորտում 2012 թ. կատարված աշխատանքներն ու նախանշել 2013 թ. անելիքները: Նախատեսված ծրագրերի շրջանակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, վաղ գարնանից իրականացվել են համալիր միջոցառումներ` մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման ու նոր գոտիների ստեղծման ուղղությամբ: Լիարժեք արդյունքի ակնկալիքով մայրաքաղաքում վերագործարկվել է մոտ 20 կմ ոռոգման նոր ցանց, վերակառուցվել են նաև հին ու արդեն մաշված ցանցերը: Վարչական շրջաններում տնկվել է 15 տեսակի 1 մլն 800 հազար ծաղկասածիլ` 6.5 հեկտար տարածքով: Այս տարի առաջին անգամ մայրաքաղաքում կիրառվել է ձևավոր ծաղկապատման մշակույթը` դիզայներական հարուստ լուծումներով: 2012 թվականին ստեղծվել են 14 հեկտար մակերեսով նոր սիզամարգեր, տարբեր վարչական շրջաններում ստեղծվել և բացվել է 20 այգի և պուրակ: Գարնանային և աշնանային ծառատունկի միջոցով մայրաքաղաքում 2012 թվականին տնկվել է 40 հազար ծառ և թուփ (հացենի, կաղնի, ակացիա, սոսի, եղևնի և այլ ծառատեսակներ): Տնկված ծառերի կպչողականությունը կազմել է շուրջ 70 տոկոս, ինչն աննախադեպ ցուցանիշ է մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններում: Տնկվող ծառատեսակների ընտրությունը, ի դեպ, կատարվել է բնապահպնանության վարչության և քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի հետ համատեղ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս օրերին կանաչապատման ձեռնարկությունների կողմից ծառատունկի աշխատանքները Երևանում դեռ շարունակվում են: Ավետ Մարտիրոսյանը անդրադարձել է նաև տնկիների գողության դեպքերին, նշելով, որ քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը պատրաստ է բոլոր ցանկացողներին անվճար տրամադրել դեկորատիվ ծառեր: Տարվա ընթացքում կանաչաատվել, ծաղկապատվել և ձևավորվել են վարչական բոլոր շրջանների այգիները, պուրակները, բակային տարածքները, կամուրջների և մայթերի հարակից հատվածները, ինչպես նաև ավտոճանապարհների ու պողոտաների միջնամասերը: Հատուկ ուշադրություն է դարձվել մայրաքաղաքի մուտքերի կանաչապատմանն ու ու գեղարվեստական ձևավորմանը: Այս տարի մայրաքաղաքում կանաչ գոտիների պահպանության ու նաև նորերի ստեղծման ուղղությամբ տարված աշխատանքների արդյունքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը մայրաքաղաքում հասել է 842 հեկտարի (այս ցուցանիշը 2004թ.-ին եղել է 530 հեկտար): Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքներ են տարվել մայրաքաղաքի երբեմնի անտառաշերտը վերականգնման ուղղությամբ: Ոռոգման և մշակման աշխատանքներ են իրականացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառային գոտում, Նորքի անտառպուրակում, Հաղթանակ զբոսայգում: Ընթացիկ տարին մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկային տարածքների ձևավորման առումով աննախադեպ է եղել: Արդյունքում, Երևանը 2012 թ. –ին ճանաչվել է հանրապետության լավագույն կանաչապատ համայնք: Ավետ Մարտիրոսյանը հատկանշել է, որ համեմատական վերլուծությամբ կանաչապատման առումով Երևանը այսօր արդեն չի զիջում եվրոպական լավագույն քաղաքներին: Այս օրերին կատարվում է Հոլանդիյից ներկրված 300 հազար գունավոր կակաչների սոխուկների ցանքս, որն իր արդյունքը կտա արդեն ապրիլին: Ծաղկային գամման մայրաքաղաքում կպահպանվի մինչև դեկտեմբեր: Վերոհիշյալ բոլոր ուղղություններով աշխատանքները կշարունակվեն և կընդլայնվեն 2013 թվականին: Միայն 20 հեկտարով նախատեսվում է ավելացնել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները, իսկ ծաղկապատման ցուցանիշը կհասնի 7.2 հեկտարի: Դարձյալ ուշադրության կենտրոնում կլինեն անտառապատ գոտիների ստեղծման, նոր ոռոգման ցանցերի անցկացման, ծառատունկի և ծաղկային կոմպոզիցիաների իրականացման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն:

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply