Ամենաթանկարժեքը Տաշիրի Սամոյի Maybach-ն էր` մոտ 500.000 դոլար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 27, 2012 17:59

“168 ժամ” թերթի տեղեկացմամբ` քիչ առաջ Երևանի Պուշկինի փողոցում գտնվող “Դոլմամա” ռեստորանի դիմաց բազմաթիվ թանկարժեք ու ավտոմեքենաներ են կուտակվել, որոնց պետհամարանիշներից դատելով այդ մեքենաները պատկանում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին, գործարար Սամվել Ալեքսանյանին և “Տաշիր” գրուպի հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանին:
Թերթի տեղեկացմամբ` բարձրաստիճան, էլիտար անձինք եկել են ռեստորան միասին ընթրելու, դրանով է պայմանավորված նրանց մեքենաների “հիթ-շքերթը” Պուշկինի փողոցում:
“Անկախ”-ը պարզել է, թե այդ մեքենաներից որը ում է պատկանում և մոտավոր պատկերացում է կազմել դրանց գնային արժեքի վերաբերյալ: Ըստ մեր դիտարկման` այդտեղ հավաքված մեքենաներից ամենաթանկարժեքը Maybach 62-ն է` 99 LP 999 պետհամարանիշով, որը նախնական տպավորությամբ պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին` Տաշիրի Սամոյին: Այդ Maybach-ի միջին գինը կազմում է մոտ կես միլիոն դոլար, ունի V-աձև 12 մխոցանի հզոր շարժիչ և համարվում է աշխարհի ամենաշքեղ ու թանկարժեք սեդաններից մեկը, որը սպասարկում է միայն հասարակության էլիտար խավի ներկայացուցիչներին:
“Դոլմամա” ժամանած գերթանկարժեքներից երկրորդ տեղում է Սամվել Ալեքսանյանին պատկանող Rolls-Royce Ghost մեքենան է `Ալեքսանյանին պատկանող հայտնի 60 TT 006 պետհամարանիշով: Այս մեքենան նույնպես էլիտարներին սպասարկող ներկայացուցչական դասի թանկարժեք սեդան է, որի շուկայական արժեքը այս տարվա տվյալներով սկսվում է մոտ 400.000 դոլարից: Այն ևս ունի V12 տեսակի հզոր շարժիչ, որի հզորությունը կազմում է 570 ձ/ու, իսկ վառելիքի ծախսը` ավելի քան 20 լիտր:
Վերոնշյալ երկու մեքենաները հավաքվում են ձեռքով` անհատական պատվերների հիման վրա և համարվում են էքսկլյուզիվ ավտոմեքենաներ:
Երրորդ տեղում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին սպասարկող BMW 7-Series-ն է, որի արժեքը տատանվում է 100-200 հազար դոլարի սահմաններում` կախված շարժիչից և կոմպլեկտացիայից: Սակայն, Հովիկ Աբրահամյանին սպասարկող ներկայացուցչական BMW-ն հաստատ ամենահամեստների շարքից չէ և, ենթադրելի է, որ կունենա հզոր շարժիչ ու թանկարժեք կոմպլեկտավորում: ԱԺ նախագահի մեքենան, որպես կանոն, ուղեկցում են երկու Nissan X-Trail մակնիշի քաղաքային թեթև արտաճանապարհայիններ, որոնց ընդհանուր արժեքը, սակայն, չի հասնում 100.000 դոլարի:
Նշված գործարար-պաշտոնյա անձանցից թերևս “ամենահամեստը” կամ գոնե ԱԺ նախագահի BMW-ին համարժեքը կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին պատկանող մեքենան է` Lexus LS 600հL մոդելի` նախարարության 100 LL 55 պետհամարանիշով: Այս մեքենան, մեր տեղեկություններով, 2011 թվականի արտադրության է և համարվում է LS մոդելային շարքի ամենաթանկ ու ամենաշքեղ մոդիֆիկացիան, որի գինն անցյալ տարի եղել է 150-160 հազար դոլար (հավանաբար հենց այդքան է վճարել Բեգլարյանը մեքենայի համար), իսկ այս տարի արդեն նույն մեքենան արժե 200.000 դոլար:

Լուսանկարները`Մեդիամաքսի:

Վահե Մակարյան

Դիտվել է 1969 անգամ:
Print Friendly

Leave a Reply