Կովկասի բնության հիմնադրամը դադարեցնում է Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը. Արման Վերմիշյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 27, 2012 17:01

“Մեր կազմակերպությունը հանդիսանում է բնապահպանության նախարարության հիմնական գործընկերներից մեկը, նամակով դիմել է բնապահպանության նախարարին, որպեսզի չեղյալ հայտարարվի այս մրցույթը”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի բնության հիմնադրամի Հայաստանում ազգային համակարգող Արման Վերմիշյանը` խոսելով Խոսրովի արգելոցի նոր տնօրենի հետ կապված վերջերս բարձրացված աղմուկի մասին:

Նա նշեց, որ մրցույթում հաղթած թեկնածուն չունի համապատասխան կրթություն, նա ընդամենը ավարտել է Ռոստովի պետական համալսարանը  և ունի ապրանքագետի մասնագիտություն. “Եթե հարգարժան ժյուրիի անդամները, ովքեր գնահատում էին մրցույթը և այն, թե արդյոք թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են մրցույթի պայմաններին, թե ոչ, համարում են, որ Ռոստովի համալսարանի ապրանքագետի մասնագիտությունը համարվում է համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, ապա պահակագիտական ֆակուլտետն ավարտած անձը ևս կարող է բնապահպանական բնագավառի մասնագետ լինել”:

Վերմիշյանի կարծիքով, այդ մարդը, ով հաղթել է մրցույթում` դառնալով արգելոցի տնօրեն, ուղղակի զոհ է այս խաղում: Ուստի, Վերմիշյանը նշեց, որ իրենք էլ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նման, դադարեցնում են Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը:

Ըստ բանախոսի` Կովկասի բնության հիմնադրամն ուղղակի ֆինանսական օգնություն ցույց տվող կառույց է, աշխատում է Հայաստանում և Ադրբեջանում և աշխատում է հետևյալ կերպ. “Պետբյուջեից տրվում է որոշակի գումար հատուկ պահպանվող տարածքներին` ընթացիկ ծախսերը փակելու համար: Մենք էլ, պետյուջեի հատկացրած գումարի չափով, այսինքն` 50/50-ի սկզբունքը պահելով, կարողանում ենք ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել տվյալ հատուկ պահպանվող տարածքին”:

Վերմիշյանի խոսքով` կոնկրետ Խոսրովի արգելոցում նրանք եռամյա ծրագիր են ունեցել, որի արժեքը կազմել է մոտ 250.000 եվրո. “Այս տարի վերջին տարին էր, և մենք, այս իրավիճակը տեսնելով, որոշեցինք, որ այլևս ոչ մի կոպեկ չի գնալու Խոսրովի արգելոցին”:

Այդ 250.000  եվրոյից մնացել էր մոտ 40.000 եվրոյի չափով գումար, որը, փաստորեն, այլևս չի փոխանցվի արգելոցի հաշվին: Սակայն, հիմնադրամը կշարունակի իր գործունեությունը մյուս հատուկ պահպանվող տարածքների  մասով, ինչպես նաև կվերականգնի Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը, եթե կառավարությունը բավարարի իրենց ներկայացրած պահանջները:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply