Հայտարարվել է Նա/Նե լրագրողական աշխատանքների 5-րդ մրցույթը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 27, 2012 16:56

Լուսանկարի հեղինակ` Նազիկ ԱրմենակյանԲրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակը հայտարարում են Նա/Նե լրագրողական աշխատանքների 5-րդ հոբելյանական մրցույթը: Մրցույթը կազմակերպվում է Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի, Եվրոպական Միության, Հանրային լրագրության ակումբի, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ:

Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները։ Տպագրված կամ հեռարձակված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրել նաև հասարակական կազմակերպություններն ու անհատները:

Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2012թ հունվար – դեկտեմբեր ժամանակահատվածում, անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից։ Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։

   Անվանակարգեր

Հեռուստատեսային նյութ

Ռադիոնյութ

Տպագիր հոդված

Առցանց հոդված

Հանրային թղթակցություն/Բլոգի հոդված

Ֆոտոռեպորտաժ

Առևտրային գովազդ

 Մրցանակներ

1-ին մրցանակ – Նա/Նե արծաթե արձանիկ և 300.000 դրամ

2-րդ մրցանակ – Հավաստագիր և 150.000 դրամ

3-րդ մրցանակ – Հավաստագիր և 75.000 դրամ

Գործընկեր կազմակերպությունները սահմանել են հատուկ թեմատիկ մրցանակներ: Հաղթողները կարժանան 100.000 դրամ մրցանակի:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, աջակցելով մրցույթի անվանակարգերին, սահմանում է հատուկ մրցանակ «Կանխարգելելի անպտղություն՝ պայմանավորված աբորտով կամ սեռավարակներով» թեմայի լավագույն լուսաբանման համար:

Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակը սահմանել է հատուկ մրցանակ, որը կտրվի «մոր և մանկան առողջության» թեմայի լավագույն լուսաբանման համար: Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում երկրորդ հատուկ մրցանակը կտրվի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, իրազեկում, խտրականության վերացում»  թեմային առնչվող լավագույն նյութի համար:

ՕՔՍՖԱՄ հայաստանյան մասնաճյուղի ` Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակում սահմանել է հատուկ մրցանակ լավագույն տպագիր հոդվածի կամ ռադիոնյութի համար այն թեմայով, թե ինչպես են կանայք և երիտասարդները  պաշտպանում իրենց համայնքները աղետներից: Իսկ Կայուն Կենսապահովման ծրագրի շրջանակում ՕՔՍՖԱՄ հայաստանյան մասնաճյուղը  սահմանել է հատուկ մրցանակ գյուղական համայնքներում կանանց տնտեսական առաջնորդության թեմայով լավագույն հեռուստատեսային կամ ռադիո նախագծի / ծրագրի համար:

Հայաստանի երիտասարդական կանանց ասոցիացիան ավանդաբար սահմանել է մրցանակ ուսանողական լավագույն աշխատանքի համար:

Հանրային լրագրության ակումբը սահմանել է մրցանակ: Լավագույն հանրային թղթակցության հեղինակը կստանա Անդրոիդ համակարգով բջջային հեռախոս: Նյութը կարող է հրապարակված լինել ինչպես www.mynews.am պորտալում, այնպես էլ հանրային լրագրության այլ հարթակներում:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը սահմանել է հատուկ մրցանակ պատերազմի ազդեցությունը կանանց վրա թեմայով լավագույն լուսաբանման համար:

Բրիտանական խորհրդի «Ֆեյսբուքցիների համակրանք» մրցանակը կտրվի Նա/Նե բլոգում առավելագույն Facebook-ի Like ստացած նյութը: Հանրային քվեարկությունը կավարտվի հունվարի 20-ին:

   Ինչպես դիմել

Հայտերը հարկավոր է ներկայացնել մինչև 2013 թվականի հունվարի 13-ը: Արդյունքները կամփոփվեն հունվարի վերջին և կներկայացվեն Նա/Նե մրցանակաբաշխության 2013 թվականի փետրվարին: Նյութերը կարող եք ներկայացնել Բրիտանական խորհրդի գրասենյակ Ալեք Մանուկյան 9 հասցեով կամ ուղարկել nane@britishcouncil.am հասցեին՝ նշելով անուն ազգանուն, լրատվամիջոց և հեռախոսահամար: Էլեկտրոնային հայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տպագրված նյութի սկանավորած տարբերակը։ Բոլոր նյութերը կտեղադրվեն Նա/Նե բլոգում:

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply