Ո’չ Նոնոյին. Բնապահպանները դեմ են Խոսրովի արգելոցի նոր տնօրենին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 27, 2012 15:00

“Մենք` որպես միջազգային կառույց, որ 2002 թվականից մինչ այսօր Խոսրովի արգելոցում ներդրել ենք մոտ կես միլիոն դոլարին համարժեք միջոցներ, այժմ հրաժարվում ենք մեր ներդրումներից”,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Վերջինս նշեց, որ իրենք Խորովի արգելոցին տրամադրել են ամենագնաց մեքենաներ, արգելապատնեշներ, ինչպես նաև գումարներ արգելոցի պահպանման համար, սակայն հիմա նրանք վստահ չեն, որ իրենց տրամադրած միջոցները կծառայեն իրենց նպատակին, այլ ոչ թե կուղղվեն, օրինակ, որսագողության իրականացմանը:
“Փաստորեն, ստացվում է մի պահ, որ այդքան ներդրումներից հետո հայտնվում են մարդիկ, ովքեր մտածում են, որ կենդանական աշխարհն արդեն ավելացել է, կենդանիները շատացել են, և արդեն ժամանակն է` “գնանք մեր ձեռքը դնենք այդ տարածքի վրա, մեզանով անենք ու օգտագործենք մեր հայեցողությամբ””,-նշեց Մանվելյանը:
Խոսրովի արգելոցի տնօրենը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, և արգելոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարվել է մրցույթ: Մանվելյանի և իր կոլեգաների կարծիքով, ով որ հաղթել է մրցույթում` հավաքելով 85 բալ, չի համապատասխանում այդ պաշտոնին մի քանի կետերի համաձայն. “Նախ, այնտեղ պարզ գրված է, որ այդ պաշտոնին հավակնորդը պետք է ունենա համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, սակայն, ինչպես մենք` բոլորս հասկացանք, նա այդ կրթությունը չունի: Նա պետք է ունենա նաև համապատասխան տեսլական, հրապարակված հոդվածներ և այլն”:
Կարեն Մանվելյանն ասաց, որ այդ հաղթող թեկնածուն արտաշատցի Գաբրիել Պողոսյանն է` Նոնո մականունով:
Մավելյանը նշեց նաև, որ իրենք դիմել են բնապահպանության նախարարին` խնդրանքով, որ չեղյալ համարի մրցույթը և հայտարարի նոր մրցույթ. “Դրա հետ մեկտեղ մենք ժամանակին դիմել էինք նաև հանրությանը, որ համապատասխան կադրեր լինեին, որ դիմեին այդ մրցույթին մասկացելու համար, ոչ թե մեկ-երկու հոգի լինեին մասնակից”:
Բանախոսը հայտնեց, որ նման մարդիկ կային, սակայն, ինչ-ինչ պատճառներով չեն դիմել, և նա այսօր կոչ է անում տվյալ մարդկանց, որ եթե մրցույթը չեղյալ համարվի, նրանք անպայման դիմեն ու մասնակցեն, իրենք էլ ինչով կարողանան կաջակցեն նրանց:
Վահե Մակարյան

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply