«Ադրբեջանի հայկական սփյուռքը» կամ ալիևյան ռեժիմի հերթական «էժանագին» սուտը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | November 27, 2012 15:17

Նոյեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը հանդես եկավ իրեն և ալիևյան ռեժիմին բնորոշ հերթական ցնդաբանությամբ: Այսպես, հղում չկատարելով որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական աղբյուրի` Ասլանովը հայտարարեց, թե իբր Ադրբեջանում բնակվում է ոչ ավել, ոչ պակաս 30 հազար հայ, որոնց «հիմնական իրավունքներն ու ազատություններն ադրբեջանական պետության կողմից երաշխավորվում են սահմանադրությամբ»:

Քննարկել այս հայտարարության իսկությունն անիմաստ է: Բոլորս էլ գիտենք, որ դա, մեղմ ասած, մառազմ է: Ուղղակի անհրաժեշտ է նշել մի քանի հանգամանք, որոնք, ինքնըստինքյան, հօդս կցնդեցնեն Ասլանովի ապատեղեկատվությունը:

  1. Սկսենք ամենատարրականից, ամենապարզից: Ադրբեջանն այսօր այնպիսի մի պետություն է, որտեղ բացահայտ, հասարակ, ազատ պայմաններում չի կարող ապրել անգամ մեկ հայ, քանզի այդ մասին հայտնի դառնալու դեպքում գազանաբար կսպանվի (ամենայն հավանականությամբ՝ կացնով) հրեշացած ամբոխի կողմից, ինչպես դա եղավ 80-ական թթ. վերջիներին և 90-ական թթ. սկզբներին Սուգմայիթի, Բաքվի, Կիրովաբադի և կովկասի թաթարների կողմից կազմակերպված այլ ջարդերի ժամանակ… ինչպես դա եղավ նաև մեր օրերում, երբ Ադրբեջանի պետական մեքենան տանջամահ անելով սպանեց Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, հասարակ հովիվ քսանամյա Մանվել Սարիբեկյանին, որը մոլորվել էր, իսկ այնուհետև` գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից: Պարզ է մեկ բան. Ադրբեջանի ազգային գաղափարախոսությունը և հայերը անհամատեղելի են, ավելի ճիշտ` առաջինը հիմնված է հայատյացության վրա, դրա հիմքում ընկած է հայաոչնչացման միջոցով համախմբելը:
  2. Եթե Ադրբեջանում բնակվում է 30 հազար հայ, ապա ինչու հայերի (ոչ թե հայաստանցիների, այլ հենց հայերի` բոլոր նրանց, ովքեր չեն թաքցնում իրենց հայ լինելու փաստը) մուտքն Ադրեջան խստիվ արգելված է` չհաշված մի քանի մարզական միջոցառման շրջանակներում արվող վերապահումների, որոնք էլ քաղաքական ենթատեքստ ունեն: Հանրությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ այլ պետությունների քաղաքացիների չեն թողել Ադրբեջան միայն այն պատճառով, որ վերջիններս ունեցել են հայկական ազգանուն: Ամենահիշարժանը երևի թե անցած տարվա հոկտեմբերի վերջին գրանցված դեպքն էր, երբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սերգեյ Գյուրջյանը, որը Բաքու էր մեկնում` գործուղման, ադրբեջանական AZAL ավիաընկերության կողմից առանց որևէ հիմնավորման չէր թողնվել Մոսկվա-Բաքու ինքնաթիռային չվերթին: Տվյալ փաստը երկար ժամանակ գտնվում էր ՌԴ քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների և հանրահայտ ու ազդեցիկ լրագրողների ուշադրության կենտրոնում, որոնք քննադատության հսկայական ալիք և ամոթանք իջեցրեցին Բաքվի գլխին:
  3. Եթե Ադրբեջանում բնակվում է 30 հազար հայ, ապա որտե՞ղ են նրանք, ինչու՞ մինչև այժմ ադրբեջանական հեռուստատեսությամբ կամ զանգվածային լրատվության որևէ միջոցով չի լուսաբանվել նրանց ապրելակերպը, ինչու՞ ոչ մի լրատվամիջոց չի անդրադարձել դրանց: Վերջապես, դրանց մի մասն արդյոք բարեկամներ չունի Ադրբեջանից դուրս` Հայաստանում և այլ պետություններում, որոնց միջոցով հնարավորություն կունենային որևէ կերպ աշխարհին տեղյակ պահել իրենց մասին, ինչու չէ` խոսել նաև Ադրբեջանի «տոլեռանտության մասին»: Ինչու՞ են նրանք լռում: Բնական է, լռում են, որովհետև չկան, գոյություն չունեն, տարիներ առաջ ջարդի են ենթարկվել կամ մի կերպ մազապուրծ եղել այդտեղից:

Բավարար համարելով հանգամանքների քանակը, ամեն դեպքում, հարկ է պարզել, թե ինչու է Ասլանովը հանդես եկել նման հայտարարությամբ: Ընդհանուր առմամբ, Ասլանովն իր հայտարարությունը հնչեցրել է` մենկանաբելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանի թիվ մեկ թշնամին ոչ թե համայն հայությունն է, այլ հայկական լոբբին է: Եվ դա այն դեպքում, երբ ամիսներ առաջ` սույն թվականի գարնանը, Ալիևի հայտարարել էր, որ Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի բոլոր հայերն են` համայն հայությունը:

Հետաքրքիր է, թե ինչ է փոխվել այդ մի քանի ամիսների ընթացքում, ինչը խթանեց Իլհամ Ալիևին Ադրբեջանի թշնամիների ցուցակից միանգամից ջնջել միլիոնավոր մարդկանց: Հավանաբար, կարելի է ենթադրել, որ Ալիևի` Ադրբեջանի թշնամիների վերաբերյալ հայտարարության բովանդակության փոփոխությունը և համեմատաբար զսպված լինելը միջազգային հանրության ճնշման արդունք է: Ամեն դեպքում, պարզ է միայն մեկ բան: Վերոհիշյալ հայտարարություններով Իլհամ Ալիևը ապացուցեց իր անսկզբունքայնության և քաղաքական ոչ հասուն գործիչ լինելու փաստը, իսկ նրա աշխատակազմը հերթական անգամ ցուցաբերեց իր ոչ պրոֆեսիոնալ լինելը:

Տիգրան Աբրահամյանց

Դիտվել է 1637 անգամ:
Print Friendly

Leave a Reply