Ցանկությո՞ւն չկա, թե՞ ֆինանսներ… 2013-ին ի՞նչ ծրագրեր կիրականացվեն երիտասարդ գիտնականների համար

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 27, 2012 15:30

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն առաջարկում են կոնկրետ  ծրագրեր իրականացնել նաև երիտասարդ գիտնականների համար: Նախարարությունում էլ նշում են, որ իրենց հնարավորության սահմաններում աշխատում են, ավելիի համար միջոցներ չունեն:

ԱԺ-ում 2013-ի բյուջեի նախագծի  քննարկումների ընթացքում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) նախաձեռնության ներկայացուցիչ Արթուր Իշխանյանը գիտությանը հատկացվող ֆինանսների ավելացման այլընտրանքային աղբյուրների  առաջարկներ ներկայացրեց նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

«Տպավորություն կա, որ սպորտի և երիտասարդության հարցերի  նախարարության գործառույթներից դուրս է մնացել երիտասարդության մի բավական կարևոր հատված` երիտասարդ գիտնականները: Կարծում եմ, որ սա այլևս ընդունելի ու ներելի չէ: Ըստ իս`  նախարարությունը պետք է մշակի և իրականացնի շոշափելի ու տեսանելի  միջոցառումներ` ուղղված երիտասարդ գիտնականներին»,- «Անկախի» հետ զրույցում ասաց Արթուր Իշխանյանը:

Նրա  խոսքով`  նախարարությունը կարող է ֆինանսական միջոցներ  ուղղել երիտասարդական  գիտական դպրոցների, գիտաժողովների կազմակերպման համար, գումար հատկացնել  արտասահմանյան գիտաժողովներին երիտասարդ գիտնականների մասնակցության ծախսերը հոգալու համար, որոշակի պարբերականությամբ սահմանել տարատեսակ մրցանակներ երիտասարդ գիտնականների համար: Աջակցել երիտասարդ գիտնականների հանգստի կազմակերպմանը:

«Կարծում եմ, որ նախարարությունը կարող է  Ծաղկաձորում կամ այլ հանգստյան բազաներում կազմակերպել երիտասարդ գիտնականների և նրանց ընտանիքների հանգիստը: Սա կլինի մի քայլ, որով նրանք կզգան, որ ուշադրության են արժանանում,- ասում է Իշխանյանը:-  Ինչու ոչ,  սպորտի և երիտասարդության հարցերի  նախարարությունը, ըստ իս, պարտավոր է ֆինանսավորել երիտասարդներից  բաղկացած գիտական խմբերի գիտական հետազոտությունները գիտահետազոտական դրամաշնորհների միջոցով»:

Իշխանյանը նշում է, որ առանց ուսումնասիրությունների ու պլանավորման վրա ժամանակ ծախսելու, նախարարությունը կարող է իրականացնել ՀՀ նախագահի «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» կրկնօրինակը: «Նախագահի հատկացրած  100 մլն-ի շրջանակներում երիտասարդ գիտնականները մասամբ  փոխհատուցում են միջազգային գիտաժողովներին մասնակցելու ծախսերը, տալիս են գիտաժողովների կազմակերպման համար միջոցներ, շուտով  կհայտարարեն գիտահետազոտական դրամաշնորհներ,  կսահմանեն մրցանակներ: Սրանք ծրագրեր են, որոնք իրականացրեցին հենց երիտասարդ գիտնականները: Ահա և՛ մեխանիզմը, և՛ ձևը, և՛ ուղղությունները, ավելին` փորձարկված: Այս  ծրագրի ճշգրիտ պատճենահանումը նախարարության  հաջորդ  տարվա բյուջեում համարում եմ  նվազագույն քայլ, որը պիտի իրականացնի սպորտի և երիտասարդության հարցերի  նախարարությունը»,- ասում է Իշխանյանը:

ՊԳՖԱ-ն առաջարկը հրապարակային ներկայացրել է, բայց ոչ պաշտոնապես: Այժմ սպասում է նախարարության արձագանքին: «Փաստացի ոչ ձևական տեսանկյունից ամեն ինչ արված և պատրաստ է, պարզապես դա պետք է մտցնել սպորտի և երիտասարդության հարցերի  նախարարության բյուջե և անհապաղ: Կոչ եմ անում նախարարությանը ներքին ռեսուրսներ գտնել և հատկացնել 100 մլն դրամի ծրագիրը: Սա նոր շունչ կհաղորդի ու ընդհանրապես ավելի բովանդակալից կդարձնի նախարարության գործունեությունն և կողջունվի հանրության կողմից բոլոր առումներով»:

Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանը ևս փաստում է, որ իրենք պաշտոնապես որևէ ծրագրային առաջարկ չեն ստացել, սակայն հեռակա կարգով տեղյակ են ԱԺ-ում հնչեցրած առաջարկներին: Նա ասում է նաև, որ իրենք մինչ այս էլ երիտասարդ գիտնականների համար ծրագրեր իրականացրել են. «ՀՀ պետական բյուջեով նախատեսված համապատասխան տողից ամեն տարի իրականացվում են  միջոցառումներ երիտասարդ գիտնականների համար»:

Այսպես, վերջին 3 տարիների ընթացքում տարեկան 2 մլն դրամ-ի շրջանակներում իրականացվել են երիտասարդ գիտնականների գիտատեխնիկական և գիտահետազոտական նախագծերի մրցույթ և երկու գիտաժողով: Պապյանն ասում է, որ 2013-ի համար պետբյուջեով իրենց համար որոշակի գումար է նախատեսված, ինչից և ենթադրվում է, որ գիտնականների առաջարկները որքան էլ նախարարությունում քննարկվեն, միևնույն է, 2013-ի ծրագրում դժվար թե  ընդգրկվեն:

«Եթե մենք հաջորդ տարի ուզում ենք ավելացնել որոշակի տողի մասով ֆինանսավորումը, պետք է շատ հստակ հիմնավորում կարողանանք ներկայացնել,  և՛ թվային կտրվածքով, և՛ բովանդակային առումով կարողանանք հիմնավորել: Հեշտ չէ, որ փորձենք կտրուկ ֆինանսավորման չափը փոխել, որովհետև ընդհանուր առմամբ պետբյուջեի շրջանակներում մեր նախարարության համար նախատեսված գումարը վերջին 2-3 տարիներին բավականին նվազեցվել է` հաշվի առնելով նաև ֆինանսական կրիզիսը»:

Անդրադառնալով 2014-ին ծրագրերի իրականացման հավանականությանը` Պապյանն ասում է, որ կառավարության գերակա խնդիրների շրջանակներում  մշակվել է 2013-2017 թթ. ռազմավարություն, որում կարևորվում է նաև երիտասարդ գիտնականների և ընդհանրապես գիտության աջակցությունը: «Ռազմավարության նախագիծը դեկտեմբերին կներկայացվի կառավարություն և հավանաբար կընդունվի ու կդառնա իրականացման համար պարտադիր փաստաթուղթ, ուստի 2014-ի բյուջեն կազմելիս մենք անպայման կնախատեսենք նաև որոշակի ավելացում բյուջեի շրջանակներում»:

Հարցին, թե արդյոք հավանակա՞ն է երիտասարդ գիտնականների համար նախատեսված ծրագրերին ուղղված ֆինանսական միջոցների մեծ աճ, Պապյանը պատասխանում է. «Ֆինանսական մասով որոշումը մի քիչ այլ ատյաններում է կայացվում, մենք կարող ենք ծրագրային առաջարկ ներկայացնել և հիմնավորել թվերով, սակայն վերջնական որոշումն այլ նախարարությունում է կայացվում: Ծրագրային մասով մենք ցանկացած առաջարկ կարող ենք ներկայացնել»:

Դիտվել է 2636 անգամ:
Print Friendly

Leave a Reply