Կգնա՞ն մերոնք Բաքու, թե՞ ոչ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 17, 2010 15:04

Ապրիլի 13-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկելու է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, սակայն դեռևս պարզ չէ, թե Հայաստանը ներկայացուցիչ ունենալո՞ւ է այդ ստուգատեսում, թե՞ ոչ:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմշամարտի հավաքականը ներկայումս պարապում է մեր երկրում, իսկ ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին` մարզումներ է անցկացնում Օսեթիայում: Թեև նախապատրաստությունն ընթանում է ամենայն ծանրաբեռնվածությամբ, սակայն հնարավոր է մեր ըմբիշները չմեկնեն մրցավայր: Տեսակետները տարբեր են: Մասնագետներից ոմանք գտնում են, որ պետք է անպայման մասնակցել այդ ստուգատեսին, մի մասն էլ այն կարծիքին է, որ այդ անելը մեր ըմբիշներին ոչ մի բան չի կարող տալ, ավելորդ հոգեբանական ճնշումից բացի: Գաղտնիք չէ, որ կազմակերպիչները հնարավորն անելու են, որպեսզի Հայաստանի ըմբիշները հաջողության չհասնեն: Ոմանք էլ գտնում են, որ մրցավայր կարելի է ուղարկել Հայաստանի հավաքականի  ոչ առաջատար ըմբիշներին: Այսպիսի տրամադրությունների պատճառը, թերևս այն է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում այժմ մի տեսակ լարվածություն է զգացվում: Բացի այդ, ադրբեջանցիները վերջերս հայտարարել են, որ իրենց երկրում անցկացվող մարզական միջոցառումներից առաջ կարիք չկա, որ Հայաստանի ներկայացուցիչներին անվտանգության նոր երաշխիքներ տրվեն: Եվ մեր մասնագետների թվում կան այնպիսիները, ովքեր համարում են , որ այսպիսի իրավիճակում իմաստ չունի համարձակ քայլերի դիմել, Բաքու գնալ, առավելևս, որ այդ ստուգատեսը ոչ մի բան չի տալիս, վարկանիշային չէ:

Եթե  Հայաստանի ըմբիշները 2007-ին Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցել էին աշխարհի առաջնությանը, ապա այն ժամանակ պարգևներից բացի վիճարկվում էին նաև օլիմպիական խաղերի ուղեգրեր: Այսինքն, մերոնց մասնակցությունը ճարահատյալ քայլ էր: Ինչևէ, դեռևս պարզ չէ, թե այս անգամ ինչ է արվելու: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը «Անկախին» հայտնեց, որ հարցն առաջիկա օրերին կքննարկվի:Վճռորոշ կարող է դառնալ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը: Ի դեպ, Բաքու գնալուց հրաժարվելը կարող է տարաբնույթ խոսակցություններ տեղիք տալ: Դժվար է ասել, թե դրան ինչպես կարձագանքի նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան: Ընդ որում, մի շարք երկրների` Ռուսաստանի, Ուկրաինայի, Հունաստանի, Լեհաստանի և այլն, հավաքականների թեկնածուների թվում կան հայ մարզիկներ, մարզիչներ, ովքեր, անկախ մեր երկրի ներկայացուցիչների դիրքորոշումից, պարտադիր ուղևորվելու են Ադրբեջան:

Բացի այդ, եթե Հայաստանի ըմբիշները հրաժարվեն Բաքու մեկնելուց, ապա հնարավոր է դա  շղթայական ռեակցիա առաջացնի: Բանն այն է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում ապրիլի 20-ին մեկնարկելու է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը վարկանիշային է Սինգապուրում այս տարի անցկացվելիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերի համար. ուղեգրերի են արժանանալու մրցանակակիր դարձած մարզիկները: Առայժմ մեր բռնցքամարտիկները մտադիր են մասնակցել այդ ստուգատեսին, սակայն  հնարավոր է, որ նրանք էլ վերանայեն իրենց որոշումը:Ի դեպ, ապրիլի 2-ին  Բաքվում մեկնարկելու է նույնպես այդ խաղերի համար վարկանիշային համարվող  սուսերամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մերոնք նախապես համակերպվել էին որ չեն մասնակցելու, հայտ չէին ներկայացրել: Քանի որ ակնկալիքներ չկար, ապա ավելորդ էր համարվել պատվիրակներ գործուղելը, ընդհանրապես ֆինանսներ ծախսելը:

Դիտվել է 1929 անգամ:
Print Friendly

Leave a Reply