Եկեղեցին ընդդեմ կինո Մոսկվայի. «Գտել են, որ իրենից բան չի ներկայացնում»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 17, 2010 13:44

Ձախից աջ` ճարտարապետներ Սարհատ Պետրոսյան, Մկրտիչ Մինասյան

«Եկեղեցին բյուջե չունի և ցանկացած շինարարություն, որ նախաձեռնում է Մայր Աթոռը` կատարվում է արտասահմանյան և տեղական բարերարների համաձայնությամբ կամ առաջարկով».- այսօր «Հայելի» ակումբում ծավալված բանավեճում ասաց  Արտաշատի հոգևոր հովիվ Տեր Մխիթար Ալոյանը ի պատասխան հնչած այն  հարցի, թե ինչու՞ Հայաստանի ծայրամասերում` խնամքի ու վերականգնման կարիք ունեցող եկեղեցիների փոխարեն որոշել է Մոսկվա կինոթատրոնի Ամառային դահլիճի տեղում վերականգնել Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին:

Բանավեճի մյուս բանախոս, ճարտարապետ, SAVE Cinema Moscow Open-Air Hall խմբի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե ո՞վ է այդ բարերարը և ո՞վ է նրան մատնանշել հատկապես այդ տեղը, ինչին վանահայրը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ ով է նա. միգուցե երևանցի է, որ իր տատերից ու պապերից լսել է եկեղեցու մասին և ուզեցել է կառուցել այն»:

Բանավեճի երրորդ մասնակից, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ սուրբ Պողոս-Պետրոսը հնարավոր չէ վերականգնել նույնությամբ: «Այն քարից չէ և կառուցված է եղել հայ ժողովրդի համար շատ ծանր պայմաններում,- ասաց նա,-  նրա ճարտարապետական արժեքը զրո է: Իսկ մենք ուզում ենք կրկնել անցյալի սխալները: Լեզվի ինստիտուտի ժամանակ մենք առանց խնդրի բացեցինք այդ տարածքը, իսկ այժմ դեմ ենք, որովհետև կինոյի շենքը լինելով մշակութային արժեք` նաև հոգևոր արժեք է»:

Տեր Մխիթար Ալոյան.«էդ տեղն է ընտրվել որովհետև գտել են, որ իրենից բան չի ներկայացնում»

Սակայն հոգևոր հայրը հունից դուրս էր եկել և բղավելով ասաց, որ իրենք ընդամենը պահանջում են այն, ինչը իրավամբ պատկանել է եկեղեցուն և բռնի խլվել է կոմունիստների օրոք:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը հստակեցնելով խմբի և ճարտարապետական հանրության դիրքորոշումը այս հարցի շուրջ` ասաց, որ բոլորն էլ կողմ են եկեղեցուն. «թող Երևանի ամեն թաղամասում լինի մի եկեղեցի, բայց ոչ մեկ այլ շերտ քանդելու հաշվին: Թող շենքը լինի Մայր Աթոռի պահպանության տակ. կազմակերպվեն հոգևոր միջոցառումներ կամ դառնա Հայորդաց տուն»:

«Ուր էիք դուք այն ժամանակ, երբ քանդվում էր Երիտասարդական պալատը կամ հանվեց Լենինի արձանը. դրանք մշակութային արժեքներ չէի՞ն,- բորբոքված հարցնում էր տեր Մխիթարը,- ես կարծում եմ, որ սա ինչ-որ մեկի կողմից կազմակերպված և ուղղորդված պատվեր է, որովհետև մարդիկ հետևողականորեն գնում են դրա հետևից: Ես առաջին անգամն եմ տեսնում մի տեղում հավաքված մարդկանց այսպիսի խումբ, որ միմյանց հետ տարակարծություն չունեն»:

Մինասյանն ասաց, որ Լենինի արձանը հանելը քաղաքական որոշում էր, թեպետ այն ժամանակ էլ իրենք պայքարել են, որ գոնե պատվանդանը չհանվեր: Իսկ Պետրոսյանն ավելացրեց, որ վերջին տասնամյակի ընթացքում Երևան քաղաքում քանդվել է 17-18-րդ դարը ներկայացնող բոլոր շենքերը, իսկ կոնկրետ այդ շենքը մեծ ազդեցություն է ունեցել իր և նախորդ սերնդակից ճարտարապետների դաստիարակման գործում. «Կամ եթե եկեղեցին պնդում է, որ այն պիտի վերականգնվի իր տեղում, ապա թող պահանջի քանդել կինո Մոսկվան, քանի որ այն եղել է այդ տեղում: Կամ մի օր էլ կարող է հարց դրվել քանդել Օպերայի շենքը, չէ՞ որ այնտեղ էլ եղել եկեղեցի»:

Վանահայրը չկամեցավ լսել այն պատճաբանությունները, որ հուշարձանների ցանկում ընդգրկված բոլոր շինություններն էլ հավասարազոր արժեք են և չի կարելի մեկը մյուսից ավելի արժևորել:

«Դա հնարավոր չի, որովհետև կինո Մոսկվան և Օպերան ինձ համար ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան էդ պատերն ու էդ ցանկապատները: Ու էդ պատճառով էլ ընտրվել է էդ տեղը. գտել են, որ իրենից բան չի ներկայացնում»,- ասաց նա:

Դիտվել է 3788 անգամ:
Print Friendly

Leave a Reply