Նոր համակարգչային լսարան՝ ագրարային համալսարանում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 26, 2012 16:36

Նոյեմբերի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացեց համակարգչային լսարան (էլեկտրոնային ընթերցասրահ)։ Լսարանը հագեցած է նորագույն տեխնիկայով, այն ապահովված է նաև անվճար ինտերնետով։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ համակարգչային լսարանը ստեղծվել է՝ հաշվի առնելով բուհի ուսանողների և ուսանողական խորհրդի կարիքները։ Նա կոչ արեց ուսանողներին արդյունավետ օգտագործել ուսման տարիները, օգտվել ստեղծված հնարավորությունից, ինչը կնպաստի նրանց գիտելիքները հարստացնելուն։ ՙԱյսօր առանց տեղեկատվական տեխնոլոգիաների դժվար է պատկերացնել լավ, մրցունակ կրթություն։ Այս լսարանը կոչված է օգնելու ագրարային համալսարանի ուսանողներին՝ հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերել։ Գիտելիքն այն ամենամեծ կապիտալն է, որ հետագայում պետք կգա յուրաքանչյուրին՚,- նշեց Կարեն Ավագյանը։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը բարձր գնահատեց ագրարային համալսարանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և համատեղ իրականացված բազմաթիվ ծրագրերը։ ՙՆորաստեղծ այս լսարանն ուսանողներին տալիս է լայն հնարավորություն դասերից հետո կատարելագործելու իրենց գիտելիքները, ծանոթանալու կրթական ոլորտի նորագույն ձեռքբերումներին, մասնագիտական գրականությանը, մեթոդական ձեռնարկներին՚,- ասաց ռեկտորը։

Նորաստեղծ համակարգչային լսարանը հետագայում կծառայի նաև որպես հաշվապահական, գրաֆիկայի և դիզայներական ծրագրերի ուսուցման կաբինետ:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply