2010-2012 թթ. Հայաստանում ընտանեկան բռնության է ենթարկվել 1044 մարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 26, 2012 15:44

Նոյմեբերի 25-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է որպես Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օր: Այս թեմայով մշակվել է օրենքի նախագիծ, որը շուտով կհանձնվի կառավարության դատին:

Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանի խոսքով օրենքի վերաբերյալ պատմությունը բավականին երկար է, դեռ 1997-1998 թթ, երբ իրենք սկսել են աշխատել ընտանեկան բռնության ոլորտում, այդ ժամանակ ի հայտ է եկել պահանջարկը, որ պետք է օրենք լինի ընտանեկան բռնության մասին, որից հետո  2007 թվականին ստեղծվել է աշխատանքային խումբ, որն սկսեց աշխատել այս օրենքի վրա 2007-2009 թթ:

“Սկզբից մենք ուսումնասիրում էինք միջազգային փորձը, հետո ուսումնասիրեցինք, թե ինչպես են կիրառվում մեխանիզմները, որոնք այնուհետև մշակվեցին և ադապտացվեցին հատուկ Հայաստանի համար, դրանից հետո օրենքը նայել են բազմաթիվ էքսպերտներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս”,-ասաց Վարդանյանը` նշելով, որ օրենքը նայելուց հետո էլի բավականին փոփոխություններ են կատարվել, և 2010 թվից այս կողմ օրենքի նախագիծը փոխանցվել է կառավարություն:

Վարդանյանը նշեց, որ մինչև այս տարվա դեկտեմբերի 10-ը օրենքը պետք է դրվի վարչապետի սեղանին վերջնական տեսքով:

Բանախոսի խոսքով այս օրենքը կհստակեցնի շատ դրույթներ` կապված բռնությունների տեսակի հետ, թե որտեղ է կատարվել բռնությունը, ում կողմից և ում ինչպիսի պատիժ պետք է հասնի. “Մենք ունենալու ենք նաև հիմնադրամ, որտեղ պետք է բյուջեից փոխանցվեն գումարներ, որպեսզի կարողանան ֆինանսապես օգնել բռնության ենթարկված և տնից հեռացած կանանց”:

Իրավաբան Աստղիկ Կարապետյանն էլ ներկայացրեց վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց, 2010 թվականի հունվարից մինչև 2012 թվականի հոկտեմբերն ընկած հատվածում Ազգային թեժ գիծ ծառայությունն ստացել է 4688 զանգ, որոնցից ընտանեկան բռնության զանգերի ընդհանուր թվից առաջնային զանգերի թիվը կազմել է 1044, իսկ կրկնվող զանգերինը` 1513: Դրանցից ֆիզիկական բնույթի բռնության պատճառով կատարված զանգերի թիվը կազմել է 525, հոգեբանականը` 476, իսկ սեռականը` 10 զանգ:

Վահե Մակարյան

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply