Մեկնարկել է “Ընդդեմ գենդերային բռնության” խորագրով տասնվեցօրյակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 26, 2012 15:17

“Նոյեմբերի 12-13-ը տեղի ունեցան հանրային քննարկումներ, լսումներ ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի վերաբերյալ, որը կազմակերպել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը”,-այս  մասին այսօր Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օրվա առթիվ հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց Կանանց իրավունքների կենտրոնի կոորդինատոր Սաթենիկ Գևորգյանը:

Վերջինս նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է օրենքի նախագիծը, թե ինչ է իրենից ներկայացնում և ինչ հարաբերություններ է կարգավորելու այն կառավարության կողմից  հավանության արժանանալուց և Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո:

Անդրադառնալով “Ընդդեմ գենդերային բռնության” թեմայով կազմակերպված տասնվեցօրյակի միջոցառումներին` Սաթենիկ Գևորգյանն ասաց, որ այդ տասնվեցորյակը քարոզարշավ է, որն ընդունված է ամբողջ աշխարհում և միտված է կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելմանը:

“Սա քարոզարշավ է, որն սկսվում է նոյեմբերի 25-ին, և հատուկ օրեր կան, որոնք հատուկ կապված են քարոզարշավի հետ: Նեյմբերի 25-ը կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օրն է, նոյեմբերի 29-ը Կանանց իրավունքների պաշտպանի միջազգային օր է հայտարարված, դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի համաշխարհային օրն է, դեկտեմբերի 2-ը` որպես Ստրկության վերացման միջազգային օր”,-ասաց բանախոսը:

Գևորգյանը առանձնահատուկ կարևորություն տվեց այդ քարոզարշավին, որտեղ, ըստ նրա, իրենց մասնակցությունը կունենան նաև տղամարդիկ, ովքեր իրենց քայլը կանեն և կներկայացնեն իրենց մեսսիջը` ուղղված կանանց նկատմամբ բռնությունների վերացմանը. “Սովորաբար ընդունված է, որ կանայք են միշտ պայքարում կանանց համար, բայց այս օրը տղամարդիկ իրենք են փորձում ձեռք մեկնել, որպեսզի համախմբված պայքարեն ընտանեկան բռնությունների դեմ”:

Բանախոսի խոսքով այս տասնվեցօրյակի ընթացքում տարբեր միջոցառումներ են կազմակերպվելու Կանանց իրավունքների կոնտրոնի և բոլոր այն ՀԿ-ների կողմից, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության հարցերով. “Միջոցառումների հիմնական նպատակն է ևս մեկ անգամ  բարձրաձայնել հիմնախնդրի մասին և հանդես գալ կանանց իրավունքների պաշտպանությամբ”:

Վահե Մակարյան

Դիտվել է 644 անգամ:
Print Friendly

Leave a Reply