Հայաստանյան պատվիրակությունը նշում է Վրաստանյան GITI 2012 համաժողովում ձեռք բերված հաջողությունները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 26, 2012 11:40
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»), Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն և X-Tech նորարարական ստուդիան այսօր հրավիրել էին մամուլի ասուլիս ՝ ներկայացնելու Թբիլիսիում վերջերս կայացած «Վրաստանյան ՏՏ նորարարության» GITI 2012 համաժողովին հայաստանյան պատվիրակության ձեռքբերումները: Համաժողովին բիզնեսի և պետական ոլորտներում ներկայացված տասնչորս անվանակարգերից Հայաստանից մասնակցող բարձր տեխնոլոգիաների ընկերություններն ու Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն համապատասխանաբար արժանացել են հինգ և երկու մրցանակների:
Ավելի մանրամասն`
X-Tech ստուդիայի CityBugs ծրագիրն արժանացել է երկու մրցանակի՝ «Տարվա
լավագույն ինտեգրատոր» և «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ»
անվանակարգերում,
E-Agro-ն մրցանակի է արժանացել «Բիզնեսի համալիր լուծումներ»
անվանակարգում,
Innovative Greenhouse-ը մրցանակի է արժանացել «Բիզնեսը բիզնեսին՝
լավագույն լուծում» անվանակարգում,
Instigate-ը մրցանակի է արժանացել «Լավագույն ՏՏ կրթություն»
անվանակարգում՝ Գորիսի վերապատրաստման կենտրոնի իր նախագծով,
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մրցանակներ է շահել բիզնես
նախագծի ճիշտ ուղղորդմանը նպաստած «ՏՏ հաջողված նորարարության» և
«Լավագույն տեղեկատվական ռեսուրս» անվանակարգերում:
Համաժողովի շրջանակում, հայաստանյան պատվիրակությունը տասնմեկ պրեզենտացիաներ է ներկայացրել և նոյեմբերի 15-17-ին GITI ցուցահանդեսի հայկական անկյունում ներկայացրել բարձր-տեխնոլոգիական իր լուծումները:
Համաձայնություններ են ձեռք բերվել այս տարի ԻՏՁՄ-ի կողմից կազմակերպվելիք «Առանց փողկապների հանդիպմանը» վրացի գործընկերների
մասնակցության վերաբերյալ: Բացի այդ, Instigate ճարտարագիտական ընկերությունը ներկայացրել է իր նորաբաց մասնաճյուղը Թբիլիսիում:
Վրաստանում կայացած համաժողովին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը համակարգել էր ԻՏՁՄ-ն՝ «Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցությամբ, որը սատարում է հայաստանյան ՏՏ ընկերությունների արտահանման կարողությունների զարգացմանը և նպաստում նրանց գործնական հմտությունների կատարելագործմանը բիզնես հաղորդակցության, մարքեթինգի և վաճառքի ոլորտներում:
2008 թ. իր մեկնարկից ի վեր՝ GITI համաժողովը մրցունակությունը և նորարարությունը խթանելու համար նպատակ ունի նպաստել Կենտրոնական և
Արևելյան Եվրոպայի, բալթյան, ինչպես նաև Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ՏՏ ընկերությունների, ասոցիացիաների և կառավարությունների ներկայացուցիչների միջև գործարար կապերի ընդլայնմանը և գործընկերային հարաբերությունների հաստատմանը: Համաժողովը կազմակերպում են Վրաստանի ՏՀՏ բիզնես խորհրդն ու Վրաստանի արդարադատության նախարարության տվյալների
փոխանակման LEPL գործակալությունը:






Facebook
Tweet This
Email This Post
