«Մարդամեջ: Reload» սոցիալական ճամբարում հաղթող ճանաչվեց «Մանկապարտեզների մոնիտորինգը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 25, 2012 23:37

Նոյեմբերի 23-25-ը Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Մարդամեջ: Reload» Սոցիալական նորարության ճամբարը: Երկու օր շարունակ ճամբարի մասնակիցները մշակում էին ծրագրային փաթեթներ` տեղեկատվական տեխնոլոգիաները ծառայեցնելով կոռուպցիոն խնդիրների լուծմանը: Այսօր վերջին օրն էր, և երեկոյան «Ռոսիա» հյուրանոցային համալիրում մասնակից 6 խմբերը ներկայացրին իրենց նախագծերը, որից հետո տեղի ուենցավ քվեարկություն, և պարզ դարձավ հաղթող թիմը:
Ճամբարի քննարկմանը ներկայացվել էին հետևյալ 6 ծրագրերը.
Դավիթ Դադալյան, «Համալսարանների մոնիտորինգ կամ ավել փող չունեմ»
Եղիազար Դավթյան, «Չեմ ստացել իմ դեղը»
Սեդա Մուրադյան, «Կոռումպածառ. խնդրի լուծման պատմություն»
Խաչիկ Շահզադյան, «Մանկապարտեզների մոնիտորինգ»
Սառա Խոջոյան, «Իմ գրպանից»
Աննա Սահակյան, «Արյան դոնորների միասնական վիրտուալ ռեեստր»
Քվեարկության և ժյուրիի որոշման արդյունքում «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ Աննա Սահակյանի գլխավորած թիմն իր «Արյան դոնորների միասնական վիրտուալ ռեեստր» ծրագրային փաթեթը:
Սակայն հաղթողի կոչմանն արժանացավ Խաչիկ Շահզադյանի թիմը, որը ներկայացրել էր «Մանկապարտեզների մոնիտորինգ» ծրագիրը:
«Մանկապարտեզների մոնիտորինգը» առցանց հարթակ է, որը հնարավորություն է տալիս մանկապարտեզների հաճախորդներին /ծնողներին/ գնահատել մանկապարտեզները` հիմնվելով առաջարկվող չափորոշիչների վրա` բացառելու համար ստվերային վճարումների հնարավորությունը:
Հաղթող թիմը «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի կողմից կստանա 3000 դոլար մրցանակ` իր ներկայացրած ծրագիրը կյանքի կոչելու համար:
Հիշեցնենք, որ սոցիալական ճամբարը աշխարհում հանրահայտ` սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է: Այս մեթոդը կիրառելի է առողջապահության, կրթության, բնապահպանության, արդարադատության, համայնքների զարգացման կամ ցանկացած այլ ոլորտներում նորարարական լուծումներ գտնելու համար: Ճամբարի կարգախոսն է` «Օգտագործել օնլայն աշխարհը` օֆլայնը փոխելու համար»:
Վահե Մակարյան

Դիտվել է 1153 անգամ:
Print Friendly

Leave a Reply