Զարգացումներ կինո Մոսկվայի շուրջ. քննարկումներ Հանրային խորհրդում

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 16, 2010 22:49

«Հանրային խորհուրդը բազմաթիվ նամակներ է ստանում, թե ինչքանով է նպատակահարմար կինո Մոսկվայի ամառային դահլիճի տարածքում եկեղեցի կառուցումը կամ ինչքանով է կառավարության որոշումը օրինական»,-  Հանրային խորհրդի մշակույթի հարցերով ենթահանձնաժողովի նիստն այսօր այս խոսքերով բացեց  նախագահ Գագիկ Մանասյանը:

Խնդրո առարկայի վերաբերյալ Հանրային խորհուրդ ստացված բազմաթիվ նամակներում արծարծված խնդիրները քննակելու համար ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը դիմում էր ուղղել ՀԽ համապատասխան ենթահանձնաժողով:

Հանձնաժողովը հրավիրել էր ներկայացուցիչներ բոլոր շահագրգիռ կողմերից, սակայն Արարատյան հայրապետական թեմից և Մշակույթի նախարարությունից ոչ ոք չէր եկել:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ 1960թ շահագործման հանձնված այս կառույցը մեծ արժեք ունի, որովհետև հետթամանյանական շարունակական ճարտարապետությունում այն նոր խոսք էր ու մեծ արձագանք գտավ  խորհրդային ճարտարապետական շրջանում: «Այդ կառույցը միջավայր հասկացողությունը բերեց մի նոր բարձրության վրա, ասինքն դա համալիր վերաբերմունք է այն միջավայրի նկատմամբ, որտեղ գտնվում է»,- ասաց նա:

Ո՞վ է ասում, որ նրա շահագործումը շահավետ չէ. հարցնում է Մինասյանն ու պատասխանում. «Շատ երևանցիներ կարող են հիշել, որ ժամանակին այնտեղ մտնելու համար տոմս չէին կարողանում ճարել, իսկ այժմ շատ չնչին ֆինանսական ներդրումից հետո նույնպես կարելի է շահույթներ ունենալ»:

Կառավարությունը մարտի 4-ի որոշմամբ փոփոխություն է կատարել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, համաձայն որի Ամառային դահլիճն այլևս այդ ցուցակում չէ:

«Այդ ցուցակում որևէ փոփոխություն մտցնելը. ինչպես հուշարձան հանելը, այնպես էլ ընդգրկելը` չափազանց բարդ ու երկարատև պրոցեդուրա է,- ասաց Մինասյանը,- ըստ ընթացակարգի` այն կարող է փոփոխվել ճարտարապետներից, հնագետներից և գիտնականներից բաղկացած խմբի եզրակացության հիման վրա: Ցուցաբերվել է կամայական մոտեցում հարցի նկատմամբ, և մեր կառավարությունը, որը իրավամբ համարվում է օրենքի պաշտպանը` չի գտնվել իր բարձրության վրա: Տվյալ դեպքում մեր պահանջը մշակույթի նախարարությունից այն է, որ պահպանվի օրենքի գերակայությունը, մնացածը դրանից ածանցված խնդիրներ են»:

Կառավարության աշխատակազմի իրավաբանության վարչության բաժնի պետ Արթուր Սարգսյանն ասաց, որ որոշումն ընդունելուց առաջ այն ուղարկվել է Երևանի քաղաքապետարան և Արդարադատության նախարարություն: «Ոչ մի տեղից էլ մենք բացասական կարծիք չենք լսել,- ասաց նա,- բացի այդ այդ որոշումը դրված է եղել կայքում և նույնպես ոչ մի բացասական արձագանք չի ունեցել»:

Ճարտարապետ Լևոն Իգիթյանը կարծիք հայտնեց, որ կառավարության սխալը տրամաբանորեն հասկանալի է, որովհետև այդ հարցի քննարկման ժամանակ որևէ մասնագետ գործին չի առնչվել. «մենք մանթո վիճակում ենք, որովհետև մեր կառավարությունը նման կերպ է վերաբերվում սովետական ճարտարապետության գոհարներից մեկի նկատմամբ»:

Լևոն Իգիթյան. «Մենք մանթո վիճակում ենք, որովհետև մեր կառավարությունը նման կերպ է վերաբերվում սովետական ճարտարապետության գոհարներից մեկի նկատմամբ»

Շարունակելով պնդել, որ կառավարությունը պետք է հանձն առնի և ուղղի կատարվածը Իգիթյանը հայտարարեց, որ այս ամենը բոլորովին էլ եկեղեցաշինություն չի հետապնդում, այլ ուրիշ ենթատեքստ ունի:

«Այդ տարածքում ոչ մի եկեղեցի էլ չի կառուցվի. դա սուտ է և բացահայտ դեմագոգիա,- տարածքի հետագան կանխագուշակեց նա,- քանդվելուց հետո այդ տեղը կմաքրվի և երկար ժամանակ այդպես կմնա, հետո հայտնի կդառնա, որ փողը քչություն է անում, այդ ժամանակ կհայտնվի ինվեստորը, որը ասենք այդ շրջակայքում քառակուսի շենքեր է կառուցում, և տարածքը կվաճառվի նրան: Այս գործընթացը սկսվել է  այդ հիմքով ու այդպես էլ շարունակվելու է»:

Իգիթյանը չկամեցավ մանրամասնել, թե կոնկրետ ինչ ներդրողի մասին է խոսքը. «դա իմ զենքերից է, որը ժամանակի ընթացքում կօգտագործեմ»:

Ֆեյսբուքում ստեղծված SAVE Cinema Moscow Open-Air Hall խմբի ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն ասաց, որ սա  մինչ օրս քաղաքում քանդված շենքերի ու շինություների խտացումն է լոկալ դեպքում, և  խմբի նպատակը ոչ միայն կոնկրետ Ամառային դահլիճի պահպանություն  է, այլ վերաբերմուքը քաղաքի նկատմամբ: «Մենք գտնում ենք, որ կառավարությունն ու Մայր Աթոռը կլինեն բավական խելամիտ ու կփոխեն իրենց որոշումը,- ասաց նա ,-  բայց մենք կոչ ենք անում բոլոր մտավորականներին, որ փոխեն վերաբերմունքը դեպի քաղաքը. քաղաքները չեն կառուցվում մեկ օրում և մեկ շերտ քանդելու հաշվին չի կարելի մի այլ շերտ սարքել»:

Կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը հստակեցրեց, որ Կառավարության  որոշումը վերաբերվում է միայն պահպանվող հուշարձանների ցանկում կատարված փոփոխությանը:  «Կառավարությունը չի կարող օտարել սեփականատիրոջ գույքը կամ որոշում ընդունել այն քանդելու մասին,- ասաց նա,- իսկ շենքը քանդելու համար սահմանված են պրոցեդուրաներ, որը պետք է անի սեփականատերը` պահելով այդ ընթացակարգի համար անհրաժեշտ իրավական և մասնագիտական հիմնավորումները»:

Ճարտարապետների միության նախագահ Մինասյանն իր հերթին շատ զարմացավ կառավարության ներկայացուցչի պատասխանի վրա. «Նախ կառավարությունը խախտել է օրենքը. դա փաստ է,- ասաց նա,- բացի այդ եթե մարդու պասպորտը ճղում են, այդ մարդը իրավաբանորեն դադարում է գոյություն ունենալուց: Դրանից հետո շենքը քանդելը 2 օրվա պատմություն է»:

Ճարտարապետ Պետրոսյանն ասում է, որ Մոսկվա կինոթատրոնի տնօրինությունը իրավունք չունի իրեն պահ տրված հուշարձանը օտարել մեկ այլ սեփականատիրոջ: «Մենք ուզում ենք ընդգծել, որ մեր պայքարը բոլորովին էլ եկեղեցու դեմ չէ,- ասաց նա,- արդեն ասվել է, որ այդ տեղում եկեղեցի կառուցել հնարավոր չէ, ընդ որում հայտնի է, որ Պողոս-Պետրոսը չի գտնվել կոնկրետ Ամառային դահլիճի տեղում: Եվ եթե եկեղեցին հնարավոր է համարում եկեղեցու կառուցումը ոչ թե իր գտնվելու պատմական վայրում, այլ դրա հարևանությամբ, թող կառուցի Նկարիչների միության հետևում, որտեղ հսկայական ազատ տարածք կա ու մի քանի տասնյակ մետր է հեռու այդ տեղից»:

Ճարտարապետ Լևոն Վարդանյանն էլ ասաց, որ Ամառային դահլիճը Հայաստանի ամֆիթատրոնն է և 21-րդ դարում ունենալ ամֆիթատրոն ու քանդել այն. հնարավոր չէ. «Ոչ մի բուլդոզեր էլ չի կարող այդտեղ մոտենալ. բոլոր երևանցիներն էլ մի մարդու նման ոտքի կկագնեն»:

Նկարիչ Արմեն Աթանյանը ներկաներին պատմեց Մոսկվա կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանի հետ իր զրույցը, ով բողոքել է, որ այսքան տարիների ընթացքում ոչ մի կոնկրետ առաջարկ չի ստացել որևէ կողմից` շահավետ օգտագործելու համար և դրա շահագործումն իրենց համար տնտեսապես ոչ շահավետ է:

Ազգային պատկերասրահի ֆիմերի բաժնի տնօրեն Մելիք Կարապետյանը Ադոյանի այս պատճառաբանությունները որակեց որպես «էլեմենտար սպեկուլացիա»:

«Այդ դահլիճը 900 տեղանոց է և ավելի տարողունակ է, քան կինո Մոսկվայի երեք դահլիճները միասին վերցրած,- ասաց նա,- անցյալ տարի, երբ այդ դահլիճում կազմակերպվեց բոլորիս հայտնի փառատոնը, մարդիկ առանց զլանալու  3000 դրամով տոմս գնեցին ու եկան այն դիտելու: Այնտեղ է եղել նաև  Հայաստանի առաջին տիկինը: Դե եթե այն հին է ու քանդման ենթակա. ինչու՞ եք առաջին տիկնոջը հրավիրել այդտեղ, կամ 20 տարի է այն եկամուտ չի բերու՞մ»:

Կատարվածը որակելով միանշանակ անխոհեմ քայլ`  ընդունված որոշումը կասեցնելու խնդրանքով, ՀԽ Մշակույթի ենթահանձնաժողովը կազմեց արձանագրություն` ուղարկելով ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին:

Արձանագրության հիման վրա` մինչև ՀԽ առաջիկա լիագումար նիստի օրակարգում ընդգրկելը, նախագահ Վազգեն Մանուկյանը այն  քննարկման է ներկայացրել մարտի 18-ի ՀԽ Փոքր խորհրդի նիստում:

Դիտվել է 4439 անգամ:
Print Friendly

Leave a Reply