Ստեփան Սաֆարյան. «Հայաստանից հեռանում են մարդիկ, ովքեր կարող են նպաստել էական փոփոխությունների»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 16, 2010 20:18

Ստեփան Սաֆարյան2008թ-ի մարտի 1-ին հաջորդած երկու տարիների ընթացքում Հայաստանի իշխանություններն այդպես էլ ոչինչ չձեռնարկեցին՝ դատական համակարգի բարեփոխումներին ուղղված, մինչդեռ համակարգի վերաբերյալ կոշտ գնահատականները շարունակվում են: Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Պատճառներն, ըստ Սաֆարյանի՝ միանգամայն հասկանալի են: «Բարձրագույն իշխանության համար դատական համակարգը շարունակվում է մնալ հարստանալու աղբյուրներից մեկը` ի հաշիվ վերեւից ներքեւներին պարտադրվող «մուծվելու պարտականության», ինչն առկա է պետական համակարգի այն բոլոր օղակներում, որոնք շփվում կամ «սպասարկում» են քաղաքացիներին: Այն միջոց է` պարտակելու աղմկահարույց հանցագործությունները, որոնք առնչվում են բարձրաստիճան պաշտոնյանների ու նրանց հարազատների հետ: Եվ վերջապես` դատական իշխանությունը վեր է ածվել քաղաքական ընդդիմախոսներին վերացնելու գործիքի: Այս վերջինի ապացույցը հարյուրից ավելի քաղբանտարկյալներն ու քաղաքական դատավարություններն էին, որ ունենք մինչ օր»,-ասաց Սաֆարյանը:
Մարտի 8-ին հրապարակված ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ զեկույցը «Ժառանգության» պատգամավորը որակեց իբրեւ Հայաստանի դատական համակարգի արատների հանրագիտարան: «Դժվար չէ հասկանալ, որ մարդիկ Հայաստանը լքում են ոչ միայն սեփական երկրում աշխատանք ու բարեկեցություն չգտնելու, իրենց ու երեխաների համար ապագա չտեսնելու, այլ նաեւ անարդարությունից, հալածվելու պատճառով: Ըստ որում, Հայաստանից նաեւ հեռանում կամ հարկադրված փախուստի են դիմում մարդիկ, ովքեր կարող են նպաստել էական փոփոխությունների»,-ասաց Սաֆարյանը՝ մատնանշելով Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր անդամներից վտարանդի գրող Վահե Ավետյանին, ով այսօր իր դեմ հյուսված քրեական գործի պատճառով տարագրության մեջ է եւ չի կարողանում վերադառնալ հայրենիք: «Պահն է ապացուցելու, որ «Արի տուն» կոչը վերաբերում է նաեւ այս մարդկանց»,-կոչ արեց Սաֆարյանը:

Դիտվել է 2147 անգամ:
Print Friendly

Leave a Reply