“Ես որևէ մեկին չեմ հարվածել”,-Էդիկ Մինասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 23, 2012 17:46

Այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը անդրադարձավ երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մասնաշենքում տեղի ունեցած միջադեպին և ասաց, որ ինքը որևէ մեկին չի հարվածել:
“Նոյեմբերի 22-ին, ժամը 13:15, դասապրոցեսի ժամանակ, թվով 4-5 հոգի բարձրախոսով և տեսախցիկներով ներխուժեցին ԵՊՀ պատմության ֆակուլտետ և կատարեցին ապօրինի գործողություն` խաթարելով ֆակուլտետի բնականոն աշխատանքը, ոտնահարելով ուսանողների` կրթութոյւն ստանալու իրավունքը”,-ասաց Մինասյանը` նշելով, որ երիտասարդները անհարկի աղմուկ էին բարձրացնում, բղավում, վանկարկություններ անում` պահանջելով իշխանությունների զավթած ռեժիմի տապալում:
Այդ ընթացքում դեկան Մինասյանը դասի է եղել, բարձրացված աղմուկի պատճառով դուրս է եկել միջանցք, որ տեսնի ինչ է պատահել, և, տեսնելով երիտասարդներին, փորձել է նրանց կարգի հրավիրել` ասելով. “Տղաներ, դուք ուսանո՞ղ եք, ի՞նչ գործ ունեք էստեղ, դաս եք խանգարում”: Սակայն, դեկանի պնդմամբ, ակցիայի մասնակից երիտասադրները անհարկի և ավելորդ արտահայտություններով, թե “Դուք ով եք, որ միջամտեք, ինչացու եք”, վիրավորել են դեկանին և չեն ենթարկվել նրա կոչին, հրաժարվել են նույնիսկ ներկայանալ, թե իրենք ով են` ասելով. “Պետք էլ չի ասենք, թե մենք ով ենք”:
“Ու նորից գոռում-գոչյունով սկսեցին վազել միջանցքով մեկ և գոռալ. “Ուսանողնե’ր, ոտքի’ կանգնեք, բռնությունները շարունակվվում են”: Ես էլ, որպես դեկան, փորձելով թույլ չտալ, որ դասապրոցեսը խանգարվի, նորից կանչեցի երիտասարդներին` ասելով, որ դասը խանգարում են, սակայն նրանք չեկան` ասելով, որ լավ են անում խանգարում են”:
Մինասյանը նաև հայտարարեց, որ ինքը որևէ մեկին չի հարվածել, դեռ մի բան էլ իրեն են ձեռքերով հրմշտել, և այդ ընթացքում մոտեցել են իր ֆակուլտետի ուսանողներն ու փորձել թույլ չտալ, որ հրմշտոցը շարունակվի:
“Ես անկեղծորեն խոստովանում եմ, որ որևէ մեկին չեմ հարվածել, ես երբեք ինձ թույլ չեմ տա ուսանողի վրա ձեռք բարձրացնել”,-ասաց Մինասյանը:
Իսկ թե ինչպես է պատահել, որ եիտասարդները, ովքեր, ի դեպ, համաձայն տեղեկությունների, “Հակահարված” նախաձեռնողական խմբի անդամներ են եղել, անարգել մուտք են գործել ֆակուլտետի շենք, Է. Մինասյանն ասաց, որ նրանք հետևի մուտքից են մտել, նույնիսկ ծխել են միջանցքում, ինչի համար դիտողություն են ստացել անվտանգության աշխատակիցների կողմից, որից հետո, չգիտես ինչպես, ազատ բարձրացել են մասնաշենքի երկրորդ հարկ:
ԵՊՀ ֆակուլտետի դեկանը նշեց, որ ինքը նկատողություն է արել մասնաշենքի անվտանգության աշխատակիցներին` կարգադրելով ասյուհետ ավելի խիստ լինել անծանոթ և օտար մարդկանց ներս թողնելու հարցում:

Վահե Մակարյան

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply