Բոլոնյան գործընթացն արդեն 10 տարեկան է

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 16, 2010 16:16

ԿԳ նախարար Արմեն Աշոտյան

Այս տարվա հուլիսից Բոլոնյան գործընթացն ունենալու է համանախագահների ինստիտուտ: Հայաստանը և Լեհաստանը միասին ստանձնելու են համանախագահի պարտավորությունները  2011 թվականի հուլիսի մեկից՝ վեց ամիս ժամանակով:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով Բոլոնիայի հռչակագրին Հայաստանի մասնակցության ընթացքում առաջացած խնդիրներն ու առկա ձեռքբերումները:

Բոլոնիայի գործընթացը միջպետական նախաձեռնություն է, որ մեկնարկել է 1999 թվականին:  Գործընթացի նպատակն է եղել մինչև 2010թ-ը ստեղծել Եվրոպական բարձրագույն կրթության տարածք: Գործընթացին անդամակցում են 47 երկրներ: Հայաստանը Բոլոնիայի գործընթացին միացել է 2005 թվականից:  Գործընթացի տասնամյա ընթացքը ամփոփելու և հետագա քայլերը որոշելու համար Վիեննայում և Բուդապեշտում տեղի է ունեցել խորհրդաժողով, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը:

«Բոլոնիայի հռչակագրի հիմնական նպատակն իրագործված է՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքն արդեն իրականություն է: Սակայն միասնական կրթական տարածք հիմնելու ճանապարհին առաջացել են խոչընդոտներ, որոնք պետք է լուծում ստանան մինչև 2020 թվականը»,- ասում է Աշոտյանը:

Աշոտյանն ասում է, որ Բոլոնիայի գործընթացն ունի երեք կոմպոնենտ: Այն  նախ և առաջ կրթական գործընթաց է, որ միտված է Եվրոպայի տարածքում ստեղծելու ընդհանուր կրթական միջավայր և ընդլայնված Եվրոպայի շրջանակներում ներդնել կրթական փոխճանաչելի համակարգ: Երկրորդ  բաղադրիչն, ըստ Աշոտյանի,  քաղաքական է.  «Գործընթացն  ունի խորը քաղաքական իմաստ. միավորված Եվրոպայի ստեղծումն՝ միասնական քաղաքական, տնտեսական, սոցիալական դաշտով,  անհնար է առանց միասնական կրթական տարածքի»: Երրորդ բաղադրիչը սոցիալականն է.գործընթացն, ըստ Աշոտյանի,  միավորել է բարձրագույն կրթության ոլորտում ներգրավված բոլոր շահառուներին՝ ուսանողներին, գործատուներին,  պետական  և միջազգային կառույցներին:

Աշոտյանն ասում է, որ Բոլոնիայի գործընթացին  միանալուց ի վեր Հայաստանն ունեցել է մի շարք ձեռքբերումներ կրթական ոլորտում. ներդրվել է եռաստիճան կրթական համակարգը, անցում է կատարվել գնահատման կրեդիտային համակարգին, որը հնարավորություն է տալիս ուսանողներին իրենց գիտելիքները դրսևորել պրակտիկ ոլորտում և ավելի օբյեկտիվ գնահատական ստանալ:  Ներդրվել է նաև կրթության որակի վերահսկողության համակարգը: Բացի այդ՝ Բոլոնյան համակարգի մաս լինելը մոբիլության հնարավորություն է տալիս. հայաստանաբնակ ուսանողները հանգիստ կարող են իրենց կրթությունը շարունակել Բոլոնիայի տարածքի գրեթե բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Աշոտյանն ասում է, որ Բոլոնիայի գործընթացի իրականացման ճանապարհին ի հայտ են եկել նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք բնորոշ են ոչ միայն Հայաստանին, այլև Բոլոնյան համակարգի բոլոր անդամ երկրներին: Նախարարի խոսքով՝ համընդհանուր խնդիրներից է այն, որ  բարեփոխումները հաճախ կրում են ֆորմալ բնույթ միայն, ուսանողները վատ են իրազեկված գործընթացի մասին, Բոլոնիայի գործընթացի մասին հաճախ ամբողջական պատկերացում չունեն նաև բուհերի դասախոսները:

«Խնդիրներն ընդհանուր են բոլորի համար, միայն թե մասշտաբներն են տարբեր»,- ասում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ խնդիրները պետք է հաղթարահրվեն միասնական պայքարով:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան

Սիմոնյանի կարծիքով՝ ընդհանուր բարձրագույն կրթական տարածք հիմնելու նպատակն է դիմանալ համաշխարհային մրցակցությանը: «Բոլոնիայի գործընթացի անդամ 47 երկրները մտադիր են գերիշխող դիրք ունենալ համաշխարհային գիտակրթական տարածքում»:

Սիմոնյանն ասում է, որ Բոլոնիայի գործընթացի  10-ամյակին նվիրված կոնֆերանսի մասնակիցները  համաձայնության են եկել, որ Բոլոնիայի գործընթացը եկել է ոչ թե փոփոխելու արդեն իսկ գոյություն ունեցող հին արժեքները, այլ ավելացնելու նորը:  «Հին ու նոր արժեքները պետք է միահյուսել և ստեղծել մի նոր արժեհամակարգ»,- ասում է Սիմոնյանը:

Աշոտյանը կարևորում է, որ  Բոլոնիայի հռչակագրի անդամ 47 երկրների շարքում Հայաստանն ունենա և ընդգծի իր ուրույն տեղը: Նրա խոսքով՝ Հայաստանն այս գործընթացի առաջատարներից չէ, սակայն նաև վերջիններից չէ: «Կրթության որակով և մակարդակով ունենք միջին եվրոպական դիրք. քիչ  զիջում ենք Արևելյան եվրոպայի երկրներին և բոլորովին չենք զիջում ԱՊՀ երկրներին»,- ասում է Աշոտյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը դեռևս հսկայական աշխատանք ունի կատարելու Բոլոնիայի գործընթացի ամբողջական իրականացման ոլորտում:

Նախարարն ասում է, որ կրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են լինելու, քանի որ «ջրի երեսին մնալ ցանկացող երկրները»  պետք է մշտապես բարեփոխեն իրենց կրթական համակարգը: Աշոտյանն ասում է, որ Բոլոնյան հռչակագրի բաղադրիչների կիրառումն, օրինակ,  բերել է նրան, որ կրեդիտային համակարգը հաճախ ձևական բնույթ է կրում, ռոտացիայի կիրառումը բերել է ներբուհական կոռուիպցիայի աճի, սակայն ծագած խնդիրները հիմք չեն կարող դառնալ անգամ կարճ ժամանակով բարեփոխումները դադարեցնելու համար:

Նախարարը նաև նշեց, որ  Բոլոնիայի հռչակագրով ևս  նախատեսված է սոցիալապես խոցելի խավերի համար կրթության մատչելիության ապահովումը, ուստի պետությունը շարունակելու է կրել սոցիալական որոշակի խմբերին բարձրագույն կրթության մատչելիությունը ապահովելու դերը. «Ներմուծելու ենք նաև նոր արտոնություններ Հայոց բանակից զորացրվածների համար»:

ԵՊՀ ռեկտորն ասում է, որ ԵՊՀ-ն դարձել է Բոլոնյան գործընթացի ակտիվ մասնակիցը 1999-2000 ուսումնական տարուց, երբ բուհի բոլոր ֆակուլտետներում ներդրվեց ուսուցման եռաստիճան համակարգը:  Սիմոնյանն ասում է, որ ԵՊՀ-ն հիմա խնդիր ունի կազմելու որակյալ դասախոսական անձնակազմ: «Դասախոսներ կան, որոնք արդեն եկու տասնամյակ  որակավորման բարձրացում չեն անցել»,- ասում է Սիմոնյանը՝ նշելով, որ այժմ ստեղծում  են որակավորման նոր համակարգ:  Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն դասախոսական կազմում ընդգրկում է երիտասարդների, սակայն դեռևս ոչ բավարար քանակությամբ:

Սիմոնյանը խնդիր է համարում նաև համալսարանում առկա կաշառակերության երևույթը, որի դեմ պայքարը նրա հավաստմամբ դեռևս անարդյունավետ է:

Դիտվել է 3021 անգամ:
Print Friendly

Leave a Reply