Իրավապաշտպան. ՍԴ պետք է դիմեն հիմնականում դատարանները

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | November 23, 2012 12:51

Մինչդեռ 2011-ին դատարանների կողմից ՍԴ է ներկայացվել ընդամենը մեկ դիմում

Սահմանադրական դատարան դիմելու ակտիվությունը Հայաստանում ցածր է: Ավելի շատ ՍԴ պետք է դիմեն նախագահը, ԱԺ պատգամավորները: Իսկ հիմնական դիմողները պետք է լինեն դատարանները: «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թ. ընդունված որոշումների վերաբերյալ ՍԴ տարեկան հաղորդման համաձայն` 2011-ին ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 361 դիմում:

Դիմումներով աչքի են ընկնում ֆիզիկական անձինք: 2011-ին ներկայացվել է 287 դիմում: 50 դիմում ներկայացրել է ՀՀ նախագահը, 15 դիմում` իրավաբանական անձինք, 1 դիմում` ՀՀ կառավարությունը, 2 դիմում` Մարդու իրավունքների պաշտպանը, 1 դիմում` դատարանները: ՀՀ Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների, Հանրապետության նախագահի թեկնածուների կողմից ՍԴ չի ներկայացվել ոչ մի դիմում:

Սահմանադրական դատարան դիմումների փաստացի պատկերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Pastinfo.am»-ի թղթակիցը դիմեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին: «Ընդհանուր պատկերում քաղաքացիների տեսակարար կշիռը պետք է ավելի փոքր լինի: Ոչ թե պետք է քաղաքացիները քիչ դիմեն, այլ մյուս դիմող սուբյեկտները պետք է ակտիվանան»,- նշեց իրավապաշտպանը:

Նրա խոսքով` ժողովրդավարական նորմալ երկրներում ՍԴ հիմնականում դիմում են դատարանները: Եթե կա ողջամիտ կասկած կիրառման ենթակա օրենքի սահմանադրականության վերաբերյալ` դատավորը պարտավոր է մարդու կասկածը փարատելու համար դիմել ՍԴ, հետո միայն կիրառել կամ չկիրառել այն: Հայաստանում քաղաքացին աղաղակում, բղավում է, որ նորմը, որը պատրաստվում է կիրառել դատարանը, կամ որ արդեն առաջին ատյանի դատարանը կիրառել է, վերաքննիչ դատարանը պետք է ստուգի դրա կիրառման իրավաչափությունը` սահմանադրությանը հակասում է: Քաղաքացին բերում է նաև փաստարկներ: Սակայն դատարանը գործի վարույթը չի կասեցնում, նորմի սահմանադրականության հարցով չի դիմում ՍԴ:

Արտակ Զեյնալյանի խոսքով` դատարանները չեն դիմում ՍԴ, քանի որ անկախ և ինքնուրույն չեն: Ինչ վերաբերում է քաղաքացիների դիմումներին, ապա իրավապաշտպանի կարծիքով՝ դրանք էլ ավելի շատ կլինեին, եթե քաղաքացիները տեսնեին, որ ՍԴ-ի հակասահմանադրական և անվավեր ճանաչած նորմերի պարագայում դատական ակտի շրջադարձ է լինում:

«ՍԴ-ի որոշումները չեն կատարվում Վճռաբեկ դատարանում, այդ պատճառով էլ մարդիկ ՍԴ դիմելու մեջ արդյունավետ պաշտպանության միջոց դեռ չեն տեսնում: Մինչ օրս ՍԴ-ի որոշումից ոչ ոք օգուտ չի քաղել, ոչ մի դատական ակտի շրջադարձ չի եղել: Հանկարծ հօգուտ մարդու դատական ակտ չկայացնեն: Սա է դատարանների մտածողությունը, որը պետք է փոխվի»,- խոսքը եզրափակեց իրավապաշտպանը:

Իսկ մենք եզրափակենք՝ եթե կան այլ տեսակետներ, պատրաստ ենք հրապարակել նաև դրանք:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply