ՀՀ կրթության եւ գիտության նախարարի այցը Ստրասբուրգ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 23, 2012 12:50

Նոյեմբերի 22-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ստրասբուրգ՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում էին նաեւ ԵՊՀ եւ ԵՃՇՊՀ ռեկտորներ Արամ Սիմոնյանը եւ Հովհաննես Թոքմաջյանը:

Նույն օրը կայացավ Արմեն Աշոտյանի եւ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպումը, որին ներկա էր նաեւ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը: Հանդիպման ընթացքում նախարար Աշոտյանը ներկայացրեց կրթության եւ գիտության բնագավառում Հայաստանի ձեռքբերումները եւ բարեփոխումների ընթացքը: Նախարար Աշոտյանը գոհունակությամբ նշեց, որ կրթության եւ գիտության բնագավառում ԵԽ հետ հաստատվել են արդյունավետ եւ գործընկերային հարաբերություններ, որոնց նպատակն է կրթության բնագավառն առավելապես ինտեգրել եվրոպական կրթական համակարգին, ինչը փոխլրացնում է նաեւ Բոլոնիայի գործընթացում Հայաստանի կողմից ձեռնարկվող հետեւողական քայլերը:

ԵԽ Գլխավոր քարտուղարը, ողջունելով նախարարին, բարձր գնահատեց Հայաստանում կրթության եւ գիտության բնագավառի բարեփոխումների ընթացքը՝ վստահեցնելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ:

Նախարար Աշոտյանը եւ Գլխավոր քարտուղար Յագլանդն այլ հարցերի շարքում մտքեր փոխանակեցին 2013թ. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության, ինչպես նաեւ ներքաղաքական եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply