Սիրելիին գտնելու համար առագաստանավով 2500 մղոն է անցել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 23, 2012 12:41
Անգլիական «Daily Mail» թերթը մի հետաքրքիր սիրո պատմություն է հրապարակել, որն էլ տեղ է գտել նաև թուրքական «Doğan» լրատվական գործակալության կայքում:
Թուրքիայի քաղաքացի 38-ամյա Ռամազան Նոյան Ջուլումը Հյուսիսային Կիպրոսում տարիներ առաջ անգլիացի մի աղջկա հետ է ծանոթացել և սիրահարվել նրան: Ջուլումը յոթ տարի է ծախսել, որպեսզի աղջկան գտնի սոցիալական կայքերում: Այնուհետև նա հացադուլ անունով անձնական բլոգ է բացել, որտեղ աղջկան նույնիսկ ամուսնության առաջարկ է արել և նշել, որ եթե նրա սերը փոխադարձ պատասխան չգտնի, ապա ինքը հացադուլ է հայտարարելու: Ի վերջո նա իր բլոգում գրել է. «Երբ Անգլիա գամ, պատրաստ եմ քեզ համար մեռնելու»:
Ի զարմանս բոլորի` Ջուլումը կատարել է իր խոստումը և սիրելիին գտնելու համար Թուրքիայի Բոդրում քաղաքից «Նինովա» կոչվող փոքրիկ առագաստանավով յոթ ամիս առաջ մի երկար ճանապարհորդություն է սկսել դեպի Անգլիա: Նա, շրջելով Եվրոպայի ափերով և անցնելով շուրջ 2500 մղոն ճանապարհ, վերջապես հասել է անգլիական առափնյա Պլիմուտ քաղաքը:
Սակայն անգլիական ոստիկանությունը ձերբակալել է Անգլիայի ջրային սահմանը անօրինականորեն հատած սիրահար ճանապարհորդին: Նրա մոտ ոչ անձնագիր, ոչ էլ վիզա չի եղել և միայն հարցաքննությունից հետո է պարզվել, որ նա օտարերկրացի է:
Ջուլումը նախկինում բջջային հեռախոսների խաղային համակարգերով զբաղվող մի ընկերության տնօրենն է եղել, սակայն վերջին յոթ տարում աղջկա հանդեպ հիվանդագին սերը նրան խելակորույս վիճակի է հասցրել:






Facebook
Tweet This
Email This Post
