Գլխավոր հյուպատոս Գրիգորյանի հանդիպումը Աջարիայի կառավարության նախագահի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 23, 2012 12:31

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը հանդիպել է Աջարիայի ինքնավար Հանրապետության Կառավարության նորանշանակ նախագահ Արչիլ Խաբաձեին:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ՀՀ գլխավոր հյուպատոսը շնորհավորեց Աջարիայի նոր ղեկավարին նշանակման կապակցությամբ` հույս հայտնելով, որ Ինքնավար Հանրապետության եւ ՀՀ գլխավոր հյուպատոսության միջեւ առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի նաեւ նոր ղեկավարության օրոք: Աջարիայի նախագահը տեղեկացրեց նոր ծրագրերի, ինչպես նաև նախկինում սկսված ծրագրերն ավարտին հասցնելու իր մտադրության մասին:

ՀՀ գլխավոր հյուպատոսը եւ Աջարիայի կառավարության նախագահն անդրադարձան Բաթում-Խուլո-Ախալցիխե-Բավրա` Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող ավտոճանապարհի շինարարությանը, ինչի առիթով պրն. Խաբաձեն հայտնեց, որ երկրի ղեկավարությունը հաստատակամ է այդ ճանապարհը կառուցելու գործում: Ճանապարհը գրեթե կրկնակի կկրճատի Հայաստանի հետ ավտոհաղորդակցության տեւողությունը, ինչի շնորհիվ ավելի շատ զբոսաշրջիկներ կարող են այցելել Աջարիայի առողջարաններ:

Զրուցակիցները շոշափեցին աջարահայ համայնքին վերաբերող խնդիրների լայն շրջանակ: Կառավարության ղեկավարն ընդգծեց վերջինիս ակտիվ դերը Ինքնավար Հանրապետության կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Քննարկվեցին նաեւ Աջարիայի եւ ՀՀ Լոռու մարզի քույր քաղաքների միջեւ համագործակցության հետագա խորացմանն առնչվող հարցեր:

Դիտվել է 643 անգամ:
Print Friendly

Leave a Reply