Վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել երկու նորանշանակ նախարարներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 16, 2010 14:34

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր երկու նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին` տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին։

Անդրադառնալով կառավարությունում նոր նախարարների նշանակման հարցին` վարչապետը մասնավորապես նշել է. «Քաղաքական իրականության մեջ մենք ընտելանում ենք, սովորում ենք քաղաքական կոալիցիայի ռեժիմով աշխատելուն։ Քաղաքական կուսակցությունները, որոնք ձեւավորել են կառավարություն, նախարարների պաշտոններում նշանակում են իրենց կուսակցության ներկայացուցիչներին, որպեսզի ի կատար ածվի կուսակցության քաղաքականությունը։ Նրանք հանդես են գալու հենց քաղաքականության իրականացման եւ վերահսկման դիրքերից»։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանին նրա կատարած աշխատանքի համար եւ նշել.«Վերջին երկու տարիները հանգիստ ռեժիմով չենք աշխատել, եւ այդ ծանր բեռն իր ուսերի վրա կրել է ե՛ւ ձեր կոլեկտիվը, ե՛ւ, իհարկե, նախարար Գուրգեն Սարգսյանը։ «Օրինաց երկիր» կուսակցության հետ քաղաքական կոնսուլտացիաներ են տեղի ունեցել, եւ որոշում է կայացվել, որ «Օրինաց երկիրը» իր կադրային պոտենցիալն ավելի արդյունավետ օգտագործելու տեսակետից նպատակահարմար է գտնում, որ Գուրգեն Սարգսյանը զբաղվի կուսակցության խնդիրներով եւ աշխատանքներով, իսկ կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ զբաղեցնի նախարարի պաշտոնը։ Պարոն Սարգսյանին մաղթում ենք արդյունավետ աշխատանք նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության շարքերում։ Վստահ ենք` այն աշխատանքը, որ նա ստանձնել է, շատ լավ իրականացնելու է»։
Տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմին ներկայացնելով տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Մանուկ Վարդանյանին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է. «Մեր պետականաշինության մեջ Մանուկ Վարդանյանը հայտնի գործիչ է: Նա իրեն դրսեւորել է որպես հմուտ կառավարիչ, փորձառու մարդ, եւ այդ առումով կարծում եմ, որ նախարարության աշխատանքներում խնդիրներ չեն առաջանա, քանի որ նա լավ է տիրապետում կառավարման համակարգի բոլոր կանոններին։ Այսօր նաեւ Մանուկ Վարդանյանի ծննդյան օրն է։ Ցանկանում եմ բոլորիս անունից շնորհավորել Մանուկ Վարդանյանին` մի կողմից նախարարի պաշտոնում նշանակվելու, մյուս կողմից` ծննդյան օրվա առթիվ, եւ հուսով եմ, որ այդ տոնական տրամադրությունը կփոխանցվի նաեւ կոլեկտիվին»։

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին` կառավարության ղեկավարը նշել է. «Պարոն Երիցյանը կառավարման համակարգի կանոններին քաջատեղյակ մարդ է, եւ դա էլ հույս է ներշնչում, որ նախարարի փոփոխությունը համակարգում սահուն տեղի կունենա, ցնցումներ չեն լինի, եւ բնականոն աշխատանքները կշարունակվեն։ Հանրապետության նախագահի, վարչապետի, «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում որոշում է կայացվել, որ այսօր նպատակահարմար է, որ այս պաշտոնը ստանձնի հենց պարոն Երիցյանը։ Ես շնորհավորում եմ պարոն Երիցյանին նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»։

Դիտվել է 1973 անգամ:
Print Friendly

Leave a Reply