Գյումրիում անհապաղ պետք է մաքրել տնակների քանդումից առաջացած շինաղբն ու «ստեկլովատը» (video)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 23, 2012 10:46

Ընթացիկ տարում, Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում 1756 բնակարանների շահագործումն ու դրանց տրամադրումը երկրաշարժի հետևանքով անօթևան, վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին նշանակում է, որ Գյումրին շատ շուտով ազատվելու է մոտ 1200 ժամանակավոր կացարաններից: Քանի որ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն բնակարան ստացած ընտանիքները պետք է կարճ ժամկետում քանդեն ժամանակավոր կացարանները, տարածքները ազատեն և հանձնեն համայնքին, որից հետո միայն իրավունք կունենան սեփականաշնորհել նոր ստացած բնակարանները, բացառությամբ երկու և ավելի տնակ ունեցող բազմանդամ ընտանիքների: Նրանց թույլատրվում է պահպանել մեկ տնակը:

Իսկ այդ քանակությամբ տնակների քանդումից հսկայական շինաղբ, և որ մարդու առողջության համար ամենավտանգավորն է, ապակյա մանրաթելերի կամ մեզ բոլորիս ավելի շատ «ստեկլովատ» անվամբ հայտնի նյութեր են առաջանում քանդված տնակների տեղերում:

Գյումրիում, նախորդ տարիներին, քաղաքապետարանին պետական բյուջեից տրամադրվում էին հսկայական գումարներ, ինչպես ժամանակավոր կացարանների քանդման, այնպես էլ քանդված տնակների տարածքները շինաղբից և հատկապես ապակյա մանրաթելերի մնացորդների կույտերից մաքրելու համար: Սակայն այդ նպատակով համայնքին այլևս գումարներ չեն հատկացվում, իսկ ժամանակավոր կացարանների տնօրինողները տնակները քանդելիս շինանյութը վաճառում կամ տանում են, թողնելով շինաղբը:

«Շիրակ կենտրոնի» աշխատատակիցներն այսօր տնակային ավաններ այցելության ընթացքում ականատես եղան նույնիսկ քանդված տնակների տարածքներում թողնված շինաղբի և ապակյա մանրաթելերի հարևանությամբ խաղացող երեխաների:
Հ.Գ. Գյումրիում տնակներից ազատված այս տարածքների մեծ մասը վաղուց տեր ունեն, ովքեր գնել են դրանք չնչին արժեքով, ուստի տեղին կլինի, որ հենց նրանց պարտադրվի, որպեսզի մաքրեն շինաղբից և ստեկլովատից իրենց պատկանող տարածքները:

Ներկայացնում ենք «Շիրակ կենտրոնի» կողմից նկարահանված կադրեր քանդված տնակների վայրերից:

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply