Իտալիայի լրագրողները նոյեմբերի 26-ը համընդհանուր գործադուլի օր են հայտարարել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 23, 2012 9:57
Իտալական մամուլի ազգային ֆեդերացիան նոյեմբերի 26-ը լրագրողների համընդհանուր գործադուլի օր է հայտարարել: Առիթը սենատում քննարկվող այն փաստաթուղթն է, որով լրագրողներին զրպարտության համար սպառնում են բանտային ժամկետով, իսկ գլխավոր խմբագրին ու նրա տեղակալին` 5-50 հազար եվրո տուգանքով:
Հինգշաբթի սենատորները հավանության են արժանացրել այդ փաստաթղթում կատարված ուղղումները` հրատարակչությունների խմբագիրներին ազատազրկման ժամկետից ազատելուն ուղղված շտկումները: Վերջնական քվեարկությունը կայանալու է նոյեմբերի 26-ին:
Իտալական մամուլի ազգային ֆեդերացիան բացասաբար է արձագանքել այդ որոշմանն ու առաջիկա երկուշաբթին հայտարարել “լռության օր”: Այդ օրը լրատվական գործակալություններն ու մյուս ԶԼՄ-ները չեն աշխատելու առավոտյան 7:00-ից մինչև հաջորդ օրվա 7:00-ն:
Զրպարտությունների շուրջ քննարկումները բորբոքվել են այս տարվա սեպտեմբերից: Երկրի վճռաբեկ դատարանը մեղադրանք առաջ քաշեց Միլանի Il Giornale-ի գլխավոր խմբագիր Ալեսսանդրո Սալլուստիի նկատմամբ, որը զրպարտության համար մեղավոր ճանաչվեց:
Իտալիայի արդարադատության գերագույն մարմինը ճանաչված լրագրողին 14 ամսով ազատազրկեց` առանց վաղաժամկետ ազատման իրավունքի: Սակայն երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոն և արդարադատության նախարար Պաոլա Սևերինոն նրա պատիժը նվազեցնելու կողմ են արտահայտվել:






Facebook
Tweet This
Email This Post
