Հայերը կենսաբանությունից դմբո՞ են, թե՞ թեստերն են անորակ. դիմորդներից միայն մեկն է գերազանց ստացել

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 18, 2009 12:03

qnutyunnerԿենսաբանությունից ամբողջ հանրապետությունում 1.757 դիմորդից միայն մեկն է ստացել 20 միավոր, 233 հոգի էլ` անբավարար: Միջին գնահատականը եղել է 11,7-ը:

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի 4-րդ դպրոցում կենսաբանություն առարկայի միասնական քննության ժամանակ աղմուկն այնքան շատ էր, որ աշակերտները չեն կարողացել կենտրոնանալ ու բարձր բալեր ստանալ:

Կենսաբանություն առարկայի մասնագետ Սուսաննա Զոհրաբյանի աշակերտներից միայն մեկն է ստացել 18,25 միավոր, մյուսները ստացել են միջին գնահատական, մինչդեռ նա ասում է, որ 17 և ավել ստացող աշակերտների թիվը պետք է գերակշռեր:

Քննություն տվող աշակերտները բողոքել էին ուսուցչուհուն, որ բացի բարդ գրված թեստերից, իրենց խանգարել են նաև սենյակում հսկողների հեռախոսազրույցները:

«Մենք ինքներս դրսից մոնիտորով տեսնում էինք, որ երեխաներն իրար օգնում են, իսկ հսկողներն էլ հեռախոսով երբեմն խոսում էին: Իմ աշակերտները դուրս գալիս բողոքում էին, որ աղմուկից նույնիսկ իրենց գլուխը ցավում էր»,-ասում է Սուսաննան:

Կենսաբանության 2222 հարցատոմսերը հրապարակվել են քննությունից մեկ շաբաթ առաջ, ինչը լուրջ բարդություն է առաջացրել աշակերտների համար: Կենսաբանության ուսուցչուհին պատմում է, որ իր անձնական կապերն աշխատեցնելու շնորհիվ է կարողացել աշակերտների համար համապատասխան ինֆորմացիա հավաքել ու դպրոցական ծրագրից դուրս նոր հրատարակված դասագրքեր ձեռք բերել: Նրա խոսքով` թեստերում եղել են անճշտություններ. Օրինակ`մի հարցի մեջ ճիշտ պատասխանը չի եղել, մյուսում` սխալ պատասխանը:

Մինչև թեստերի հրապարակվելը, կրկնուսույցները ձեռք են բերում դրանց մոտավոր բովանդակությունը, իսկ ով ինքնուրույն է պարապում, զրկված է լինում նման ինֆորմացիայից: Սաղմոսավան գյուղից Անուշ Հարությունյանը, ով կենսաբանությունն ինքնուրույն էր պարապել, ասում է, որ կրկնուսույցի մոտ պարապած ընկերուհու օգնությամբ է տեղեկացել թեստերի տարբերակների մասին և կենսաբանությունից ստացել է 12 միավոր:

«Կային հարցեր, որ բախտի բերմամբ ուղղակի նշել եմ, բայց կային նաև երկու ճիշտ պատասխան ունեցող հարցեր,-ասում է Անուշը,-օրինակ` հարց. կենդանու սաղմնային արգանդն ինչի՞ց է կառուցված: Տարբերակները երկուսն էին` սաղմնային թաղանթ և սաղմնային թերթիկ»: Նա նշել է սաղմնային թաղանթը, որը, ըստ համակարգչի, ճիշտ պատասխանն է եղել, ընկերուհին նշել է սաղմնային թերթիկը, որը սխալ է համարվել: Ընկերուհիները դիմել են գինեկոլոգին, ով բացատրել է, որ երկու տարբերակներն էլ ճիշտ են:

Քիմիայի քննության թերությունը ոչ միայն թեստերի բարդությունն է, այլև տրված ժամանակի սղությունը, որ բավարար չի այն լիարժեք հանձնելու համար. դիմորդը 3 ժամում պետք է հասցնի պատասխանել թեստի 80 հարցերին:

Դիմորդ Արամայիս Վարդանյանը, ով հունիսի 19-ին կհանձնի քննությունը, հաշվում է, որ միջին հաշվով մեկ հարցին պատասխանելու համար տրված է 2,25 րոպե, իսկ 5-6 բարդ խնդիրները լուծելու համար կծախսվի առնվազն 15 րոպե. ստուգելու մասին խոսք լինել չի կարող:

Թեստի մեջ կա քիմիայի պատմությանը վերաբերող հարց, թե որ գիտնականը երբ և ինչ հայտնագործություն է արել, ինչը դպրոցական ծրագրի մեջ չի մտնում:

Դիտվել է 2693 անգամ:
Print Friendly

Leave a Reply