Վիրտուալ ուսումնական կրթություն. Ի՞նչ է առաջարկում կրթական այս ծրագիրը

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 23, 2012 14:38

Աշխարհասփյուռ հայության համար այսօր hայկական կրթություն ստանալն արդեն խնդիր չէ, և հետաքրքրվողները հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական մշակույթին և պատմությանը` առանց բուհի ուսանող դառնալու: Հաշվի առնելով տեխնոլոգիական ոլորտում արձանագրված վերջին տարիների հաջողությունները և նպատակ ունենալով բավարարել արդի ուսանողի և հասարակության տարատեսակ պահանջները` ստեղծվել և գործում է հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ): Հետաքրքիր է առհասարակ, թե այս մեխանիզմով ինչպես է  հնարավոր կրթություն ստանալ, և ինչքանո՞վ է այն արդյունավետ բուհերի  ներկայիս բազմազանության և մրցակցության պայմաններում:

Վիրտուալ կրթության այս մեխանիզմը նպատակ ունի հայկական համապարփակ կրթության հնարավորություն տալ աշխարհի տարբեր երկրների ուսանողների և աշակերտների` անկախ տարիքից, բնակության վայրից և գիտելիքների մակարդակից: Այն հիմնադրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ և գործում է արդեն մոտ երեք տարի:

Հայկական առաջին առցանց համալսարանը ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ հայկական կրթությունը հասանելի է դարձնում բոլորին և ամենուր: Այն շարունակում է ուսումնական գործընթացը` ավելացնելով դասընթացների և ծրագրերի քանակը, ընդլայնելով նաև աշխարհագրությունը:

Ուսուցումն իրականացվում է վիրտուալ տարբերակով, ամենշաբաթյա մուլտիմեդիա դասախոսություններով, որոնք ներառում են տեքստ, ձայն, նկարներ և տեսանյութեր: Յուրաքանչյուր ավարտած դասընթացից կրեդիտ վաստակելով` ուսանողները կարող են ստանալ հաստատության վկայականը: Ծրագիրը ներկայացվում է մի քանի լեզուներով` հայերենով (արևելահայերեն և արևմտահայերեն), անգլերենով, ֆրանսերենով, իսպաներենով, ռուսերենով, իսկ  վերջերս ավելացել է նաև թուրքերենը:

ՀԲԸՄ-ի կենտրոնական խորհրդի անդամ, Հայաստանի վիրտուալ համալսարանի հիմնադիր, ամերիկաբնակ Երվանդ Զորյանի տեղեկացմամբ, այս եռամյա ժամանակահատվածում համալսարանը կարողացել է աշխատանքներ ծավալել հայոց լեզուն ու մշակույթը աշխարհասփյուռ հայության շրջանում տարածելու ուղղությամբ: Ըստ նրա` այսօր շատ հայեր զրկված են հայկական դպրոցներ հաճախելու հնարավորությունից, ուստի այս համակարգով ուսուցումը հնարավորություն կտա նրանց ամրապնդելու հայրենասիրական ոգին:

Ծրագրում կիրառվող տեխնոլոգիաները մշակվել և զարգացել են Հայաստանում, Երևանի գիտնականների և ինժեներների անմիջական համագործակցության արդյունքում: Երվանդ Զորյանը նշեց, որ   ձեռք բերված արդյունքների հիման վրա իրենք ազդարարելու են արդեն երեք նոր ծրագրերի մեկնարկը, որոնցից մեկը ուղղված է  երեխաների ուսուցմանը: Հաջորդ նորարարությունը լինելու է մոբիլ սարքերի միջոցով ուսուցման իրականացումը և մուլտիմեդիա փաթեթների կիրառումը:

Ուսանողներն այս համակարգով կարող են նյութերը յուրացնել իրենց նախընտրած տեմպերով, ինչպես նաև օնլայն դեմ առ դեմ հանդիպել ուսուցիչների և վիրտուալ դասընկերների հետ ֆորումների և տեսաձայնային  հաղորդակցության միջոցով: ՀՎՀ-ն բաղկացած է 3 բաժիններից` հայոց լեզու, պատմություն և մշակույթ, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է գիտելիքների տարբեր մակարդակների չորս դասընթաց: Մշակույթ բաժնում դասավանդվում է հայ երաժշտություն և ճարտարապետություն:

Մինչ օրս հայկական առցանց առաջին համալսարանն ունեցել է ուսումնական 11 շրջան, որին մասնակցել է ավելի քան 2000 հոգի աշխարհի մոտ 60 երկրներից: Իսկ համալսարանի մասնաճյուղերը հիմնադրվել են Թբիլիսիում և Ռոստովում: Հաստատությունը համագործակցում է նաև սփյուռքում գործող մի շարք դպրոցների հետ` իրականացնելով համատեղ կրթական ծրագրեր:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` անցած 3 տարիներին շահառուների թիվը սրընթաց աճել է, այսուհանդերձ այդ թիվը դեռևս չի համապատասխանում հաստատության գործադրած ջանքերին ու պոտենցիալին: Որպեսզի հայանպաստ գործունեությունն իր նպատակին հասնի, պետք  է ավելացնել շահառուների թիվը:

Նախարարի համոզմամբ` բարձրագույն տեխնոլոգիաների կիրառումը, հատկապես մասնագիտական կրթության ոլորտում, երկար տարիներ կաղում էր:  Տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառվում էին հանրակրթության ոլորտում շտեմարանների, օնլայն դասագրքերի և այլ կայքերի դեպքում, սակայն բարձրագույն կրթության ոլորտում այս գործիքը բացակայում էր:

«Տվյալ նախագիծը լավագույնն է այս ոլորտում, և ես ուրախ եմ, որ այս քոլեջի ստեղծումից հետո հայաստանյան մի շարք բուհեր սկսեցին ակտիվանալ այս ուղղությամբ: ԵՊՀ-ում, ԵՊՃՀ-ում, Ագրարային համալսարանում, օրինակ, արդեն գործում է  հեռակառավարվող կրթության այս տեսակը, սակայն լավագույն ինժեներական լուծումներն ու գաղափարներն առաջարկում է վիրտուալ քոլեջը, որը լուծում է նաև հայապահպանության խնդիրը: Այն էլեկտրոնային բովանդակությունը և շտեմարանը, որը ստեղծվել է այս համալսարանի գործարկման շնորհիվ, դժվար է գերագնահատել, հատկապես արևմտահայերենով կրթական ծրագրերի մատուցումը մեծացնում է պոտենցիալ շահառուների շրջանակը: Մենք ուրախ ենք, որ նախարարության կողքին այս ծրագրով հայտնվեց մի լուրջ գործընկեր, որը մեզ օգնում է ծածկել սփյուռքի կրթական կարիքների դաշտը: Որպեսզի այս քոլեջն ավելի գրավիչ դառնա երիտասարդության համար, այն կլիցենզավորվի, ինչը հնարավորություն կտա բոլոր պոտենցիալ ուսանողներին այն ավարտելուց հետո ստանալ պետական նմուշի վկայականներ: Մենք կճանաչենք այս քոլեջը որպես բուհ, ինչը կլինի առաջին վիրտուալ հաստատությունը»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Լ. Ն

Դիտվել է 1742 անգամ:
Print Friendly

Leave a Reply