Նախարարական կրքեր ՕԵԿ-ում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 16, 2010 13:17

Արթուր Բաղդասարյան «Երկու նախարարների փոփոխությունը  պայմանավորված է կուսակցության նախաձեռնած լուրջ բարեփոխումների գործընթացով ու որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Մեղմ ասած, անհեթեթություն են այն հրապարակումները, թե փոփոխությունները պարտադրված էին «Օրինաց երկրին»» -ՕԵԿ-ական նախարարների փոփոխության առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նա հիշեցրեց ՀՅԴ-ի նմանօրինակ գործելաոճը 2008-ի մայիսի 29-ին, երբ ետ կանչվեցին ու փոխարինվեցին միանգամից 3 նախարար` Լևոն Մկրտչյանը, Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը:

«Քաղաքական կուսակցությունը ենթադրում է վիթխարի ծավալի կազմակերպչական աշխատանք: ՕԵԿ-ը ներկայացված է ողջ երկրում ու հետևաբար` կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծեն ոչ թե երիտասարդները, այլ փորձառու, բանիմաց գործիչները»,-ասաց Բաղդասարյանը:

«Օրինաց Երկրի» նախագահը պարզաբանեց նաև, թե ինչու են իրենց կողմից առաջադրվել Մանուկ Վարդանյանն ու Արմեն Երիցյանը: Ըստ «Արմեն Երիցյանի հետ մենք երկար տարիներ ընկերներ ենք, միասին պաշտպանել ենք դոկտորական ատենախոսություն ՌԴ նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայում, համատեղ գիրք ենք հրատարակել: Կա բարեկամություն Արմեն Երիցյանի ու թե իմ, թե կուսակցության առանցքային քաղաքական դեմքերի միջև: Նույնը վերաբերում է Մանուկ Վարդանյանին, ում հետ 1995թ-ից ԱԺ պատգամավորներ ենք եղել, միասին շատ լավ ճանապարհ ենք անցել»,-ասաց Բաղդասարյանը` նշելով, որ թեկնածությունները բնականաբար համաձայնեցված են եղել Հանրապետության  նախագահի հետ: Բաղդասարյանը ասաց նաև, որ Նախագահի հրամանագրերից հետո նորանշանակ նախարարները անդամագրվել են ՕԵԿ-ին:

ՕԵԿ նախագահն անդրադարձավ նաև օրեր առաջ վարչապետ Տիգրանս Սարգսյանի կողմից  գյուղատնտեսության նախարարին արված խիստ նկատողությանը` ասելով, որ դա մաս է կազմում սովորական աշխատանքային գործընթացի, և ոչ մի լարվածություն չկա իր ու վարչապետի միջև: «Գերասիմ Ալավերդյանը լիարժեք վայելում է «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական թիմի աջակցությունը: Նա կազմակերպված, փորձառու գործիչ է ու մեր կարծիքով` որպես նախարար բավական արդյունավետ  է աշխատում»,-ասաց Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ կուսակցությունը պատվիրել էր անկախ սոցիոլոգիական հարցում ու պարզել, որ Գ. Ալավերդյանը  գյուղատնտեսության նախարարության և նրա ենթակա հիմնարկություններում ունի բարի համբավ ու ի վիճակի է իրագործել իր առջև դրված ծրագրերը:

Դիտվել է 2303 անգամ:
Print Friendly

Leave a Reply