Այս զորակոչի՝ արդար և թափանցիկ անցկացման բոլոր նախադրյալները ստեղված են. ռազմական փորձագետ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 22, 2012 16:18

Աշնանային զորակոչի ընթացքի և բանակում առկա մի շարք հարցերի շուրջ մենք զրուցեցին ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանի հետ:
– Ինչո՞վ է այս զորակոչը տարբերվում մյուսներից: Ի՞նչ նորամուծություններ կան:
– Իրականում այս զորակոչի՝ արդար և թափանցիկ անցկացման բոլոր նախադրյալները ստեղված են: Պաշտպանական գերատեսչությունը կարգավորել է բուժծառայության հետ կապված խնդրահարույց հարցերը, ինչպես նաև խստացրել է բուժզննությունը: Նոր թափ են ստացել իրավապահ մարմինների աշխատանքները, մասնավորապես՝ Ռազմական ոստիկանության գործունեությունն է առավել արդյունավետ դարձել, ինչպես զորակոչային փուլում, այնպես էլ հետզորակոչային հատվածում՝ զորամասերի հետ աշխատանքների ժամանակ: Նրանք ժողովրդի հետ աշխատում են մինչև հավաքակայան գալը:
– Նշեցիք հետզորակոչյան պրոցեսների մասին, վերջերս թերթերից մեկն անդրադարձել էր այդ հարցին՝ ընդգծելով, որ մի քանի ամիս է` հայոց բանակում զինվորների տեղափոխման հարցը դարձել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մենաշնորհը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը:
– Բոլորովին վերջերս պաշտպանական գերատեսչությունը որոշում ընդունեց, ըստ որի՝ զինվորների զորամասից զորամաս տեղափոխության հարցը ընկնում է ԳՇ պետի լիազորության տակ, կրկնեմ՝ ԳՇ պետի, ոչ թե պաշտպանության նախարարի, կամ էլ կորպուսի հրամանատարների, ինչպես նախկինում էր: Սա կարևոր քայլ էր հետզորակոչային փուլում կոռուպցիայից խուսափելու համար: Նախ այն պարզ պատճառով, որ միջին օղակներում ավելի շատ հավանական է համապատասխան գումարի միջոցով որևէ զինվորին հարմար զորամաս տեղափոխել: Այս առումով միջին օղակները կոռուպցիոն ռիսկերին ավելի շուտ են ենթակա: Այսկերպ ամեն ինչ արվեց, որ այդ ռիսկերը նվազեն: Սա ընդունված պրակտիկա է ոչ միայն մեր երկրում, այլև զարգացած պետությունների զինված ուժերում: Ես կարդացել եմ ձեր նշած նյութը Ժողովուրդ թերթում ու կարծում եմ, որ հարցը որոշ անձնական շահերի հետ է կապված, հակառակ դեպքում այս ձեռքբերումը նման շահարկելը չափազանց տարօրինակ է թվում: Ներկայումս ՀՀ ԶՈՒ-ում զինվորների տեղափոխման հարցով միայն գլխավոր շտաբի պետն է պատասխանատու, իսկ պաշտպանության բանակում՝ ՊԲ հրամանատարը:
– Այսինքն` պաշտպանության նախարարն այդ գործառույթները չի իրականացնում:
– Այո, ցավալի է, որ մեր պետության ամենահսկա գերատեսչության ղեկավարին այս ամենն են վերագրում` առանց հարցի մեջ խորամուխ լինելու: Ծիծաղելի է անգամ մտածել, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պետք է իր մյուս` կարևորագույն գործերը թողած զվաղվի, ասենք, մի զինվորի զորամասից զորամաս տեղափոխման հարցով: Սա գալիս է նրանից, որ շատ հաճախ բանակի մասին խոսում են այնպիսի մարդիկ և լրատվամիջոցներ, ովքեր անգամ չնչին պատկերացում չունեն այդ համակարգի վերաբերյալ: Պարզապես ելնելով ինչ-ինչ շահերից` փորձում են ամեն կերպ թիրախավորել Զինված ուժերը և նրա ղեկավար կազմը: Պաշտպանության նախարարի ղեկավարությամբ այժմ իրականացվում են չափազանց կարևոր գործընթացներ, պատահական չէ, որ ՀԱՊԿ-ՀՀ համագործակցությունը մեծ թափով առաջընթաց է ապրում, բարձր է նաև համագործակցությունը ՆԱՏՕ-ի, մասնավորապես ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության հետ, բացի այդ զորքերի ներսում շոշափելի փոփոխություններ են իրականացվում, ինչպես անձնակազմի պատրաստության և կանոնադրական հարաբերությունների բարելավման, այնպես էլ զինտեխնիկայի ձեռքբերուման ուղղությամբ: Այս ամենով հանդերձ պարզապես զավեշտալի է կարդալ նյութեր, որոնցում անգրագետորեն նշվում է, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը բան ու գործ թողած զբաղվում է զինվորների տեղափոխմամբ:

Հարցազրույց վարեց՝ Գագիկ Ղազարյանի

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply