Ինչպե՞ս է կատարվում ծննդի պետական գրանցումը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | November 29, 2012 7:14

Յուրաքանչյուր ընտանիքում երեխայի ծնունդը երջանիկ իրադարձություն է: Բայց և ամեն մի ծնունդ պետք է օրենքով սահմանված ձևով գրանցվի, իսկ դրա համար անհրաժեշտ են որոշակի հիմքեր: Այսպես, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է ծննդի պետական գրանցմանը: Ըստ այդ օրենքի 14-րդ հոդվածի` ծննդի պետական գրանցման հիմքերն են՝

ա) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը,

բ) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ,

գ) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող անձի կողմից՝ բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում,

դ) ծննդյան մասին սահմանված ձևի գրավոր հայտարարությունը՝ տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի (անձանց) կողմից, և երեխայի առողջության մասին բժշկական կազմակերպության տված տեղեկանքը՝ բժշկական կազմակերպությունից դուրս և առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում:

Եթե տվյալ անձը հայտարարություն տալու համար անձամբ չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին, ապա տվյալ հայտարարության տակ դրված նրա ստորագրությունը պետք է վավերացվի նոտարական կարգով:

Ծննդի պետական գրանցման վերոհիշյալ հիմքերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է դատարանի` երեխայի ծննդի  փաստը հաստատող և օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Ծննդի պետական գրանցումն իրականացնում է երեխայի ծննդի կամ ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը: Ծննդի ակտի գրառման մեջ, որպես երեխայի ծննդյան վայր, նշվում է երեխայի փաստացի ծննդյան վայրը կամ այն վայրը, որտեղ գտնվել է երեխան (վարչատարածքային միավորի, քաղաքային կամ գյուղական համայնքի անվանումը):

Կյանքում հնարավոր են դեպքեր, երբ երեխան ծնվի տրանսպորտային միջոցում: Այս հարաբերությունը ևս կարգավորվում է օրենսդրությամբ: Եթե երեխան ծնվել է տրանսպորտային միջոցում՝ ուղերթի ընթացքում, ապա ծննդի պետական գրանցումն իրականացնում է ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի կամ տրանսպորտային միջոցի ուղերթի տարածքում գտնվող ՔԿԱԳ որևէ մարմին: Այդ դեպքում որպես երեխայի ծննդյան վայր նշվում է երեխայի ծննդի պետական գրանցման վայրը:

Երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում: Երեխայի ծննդյան մասին հայտարարության հետ պետք է ներկայացվի երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև ծնողների (ծնողներից մեկի) կամ դիմողի անձը հաստատող, երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր:

Ծննդյան դիմումը (հայտարարությունը) գրավոր ներկայացվում է ՔԿԱԳ մարմին: Դիմումում պետք է նշել հետևյալ տեղեկությունները.

ա) երեխայի անունը, հայրանունը և ազգանունը,

բ) ծննդյան վայրը, ժամանակը և սեռը.

գ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Երեխայի ծննդյան մասին հայտարարություն տալու անհնարինության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարությունը տալիս է երեխայի գտնվելու վայրի համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` վարչական շրջանի ղեկավարը) կամ լիազորված անձը:

Երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը և մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ՝ նրանցից որևէ մեկի դիմումի հիման վրա: Երեխայի մոր մասին տեղեկությունները երեխայի ծննդի ակտի գրառման մեջ լրացվում են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի հիման վրա, իսկ հոր մասին տեղեկությունները՝ ծնողների ամուսնության վկայականի հիման վրա:

 

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply