Հայաստանը վարում է կառուցողական անորոշության քաղաքականություն. Արտակ Շաքարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 22, 2012 15:11
Թուրքագետ Արտակ Շաքարյանը կարծում է, որ Հայաստանը հայ-թուրքական հարաբերություններում վարում է կառուցողական անորոշության քաղաքականություն:
“ՀՀ-ն վարում է կառուցողական անորոշության քաղաքականություն: Մեզ այս անորոշությունը ձեռնտու չէ, մենք պետք է ունենանք որոշակի սցենար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը` Շաքարյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին և Հայաստանի վրա գործադրվող ճնշումներին, ապա թուրքագետի կարծիքով այս առումով Եվրամիությունը պասիվ է. “Հայաստանի վրա ճնշումները, հայ-թուրքական զարգացումներն ավելի շատ Միացյալ նահանգներին են պետք, ավելի շատ ԱՄՆ-ն է ճնշել ու ճնշում և ավելի շատ հենց ԱՄՆ-ին է հետաքրքիր հայ-թուրքական վատ սահմանը կամ լավ հարաբերությունները կամ, պարզապես, առիթը ապրիլի 24-ին “ցեղասպանություն” բառը չարտաբերելու համար”:
Շաքարյանը նշեց նաև, որ պետական հանձնաժողովի ջանքերով կամզակերպված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մեծ աղմուկ է բարձրացնելու. “Ցավոք, հանրությունը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, ինչպես են պատրաստվում այդ տարելիցին:, սակայն մի կողմից ճիշտ է դա, քանի որ թուրքական կողմի համար այն կարող է անակնկալ դառնալ, մյուս կողմից էլ, հոռետեսները կանխատեսում են, որ 6-7 գրքի հրատարակումից ավել բան չի լինելու”:
Արտակ Շաքարյանի կարծիքով Թուրքիան էլ ձեռքերը ծալած չի նստում և ինչ-որ տեղ ավելի հանգամանալից է պատրաստվում 2015-ին. “Նրանք հայտարարել են, որ աշխատելու են հայկական սփյուռքի հետ, քանի որ, ըստ նրանց, այդ սփյուռքը օսմանյան հպատակներն են: Իսկ մենք գիտենք, որ նույն հայկական սփյուռքն ասում է, որ իր հայրենիքը ոչ թե Հայաստանն է, այլ օրինակ՝ Մալաթիան է”,-ասաց բանախոսն ու հավելեց. “Անկարան, հայկական սփյուռքի թեկուզ աննկատ մի խմբի հետ աշխատելով, կարող է հայտարարել, թե հայ-թուրքական հարաբերություններում կա գործընթաց”:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
