Հանրային խորհուրդն ամփոփել է ՀՀ նախագահի հետ հանդիպման արդյունքները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 22, 2012 15:02

Ս.թ. նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Օրակարգում ս.թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հետ կայացած հանդիպման արդյունքների և դեկտեմբեր ամսին ՀԽ լիագումար նիստի և ՀՀ Նախագահի հետ հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքների քննարկումն էր:

Վ. Մանուկյանը ներկայացրեց ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի ընթացքը: Հանրապետության ղեկավարի որոշմամբ ՀԽ Քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովում ՀԽ անդամ, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ մշակված Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգն ուղարկվել է ՀՀ կառավարություն այն ուսումնասիրելու նպատակով:

Կառավարություն է ուղարկվել նաև ՀԽ անդամ Յուրի Ջավադյանի /ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ/՝ Արարատյան հարթավայրում ավանդական հոսքային ձկնաբուծական համակարգերից կիսափակ ջրօգտագործման համակարգերի անցման նախագիծը: Ջավադյանը տեղեկացրեց, որ Կառավարությունում քննարկվել է գործընթացը սկսելու հարցը:

«Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծի մշակման հարցի վերաբերյալ ՀՀ Նախագահը հանձնարարել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանին ՀԽ նախագահ Վ. Մանուկյանի հետ քննարկել աշխատանքային խմբի ձևավորման հարցը: Աշխատանքային խմբում ընդգրկվելու են ՀԽ անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ և Կառավարության ներկայացուցիչներ:

Հայկական հեռուստաեթերի բարեփոխման վերաբերյալ Հանրապետության ղեկավարն առաջարկել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանին ՀԽ առաջարկությունների հիման վրա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հետ միասին սկսել հայկական հեռուստաեթերի բարեփոխումների հայեցակարգի և զարգացման կոնկրետ ծրագրերի մշակումը, առաջակություններ ներկայացնել անհրաժեշտ աշխատանքային մարմիններ ստեղծելու վերաբերյալ: Հանրային խորհրդի կողմից աշխատանքային խմբում կընդգրկվեն ՀԽ անդամներ Հովիկ Մուսայելյանը, Հայկ Դեմոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը:

Քննարկվեցին նաև ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրացված այլ հարցեր, որոնք վերաբերում են ՀՀ քաղավիացիայի խնդիրներին, հանքերի մշակմանը, Ազգային համագործակցության հիմնադրամի գործունեությանը և Կառավարության թիվ 2 մասնաշենքի վաճառքին:

Նշենք, որ քաղավիացիայի հարցի վերաբերյալ Հանրային խորհրդում տեղի է ունեցել քննարկում, ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից պատրաստվում է քաղավիացիայի զարգացման հեռանկարների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:

«Հանքերի շահագործման մասին» հայեցակարգի անհրաժեշտության հարցը, որը ՀՀ Նախագահի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել էր ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը, կքննարկվի դեկտեմբեր ամսին կայանալիք ՀԽ լիագումար նիստում:

Նիստի վերջում ելույթ ունեցան ՀԽ անդամներ Արտուշ Ղուկասյանը / ՀՀ ՀԽ գիտության, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ/ և Հայրո Գալստյանը / ՀՀ ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ/:

Ղուկասյանը խոսեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին, որի ընդունմամբ ԲՈՀ-ը կարող էր լուծարվել, և նրա գործառույթներն անցնեին ԲՈՒՀ-երին: Նա նշեց, որ այդ գործըթնացը կանխելու համար ՀԽ-ն ԳԱԱ-ի հետ համատեղ կազմակերպվել է քննարկում, որի արդյունքները ներկայացվել են ՀՀ Վարչապետին և ՀՀ ԿԳ նախարարին: Առաջարկներն ընդունվել են, և հարցը ստացել է դրական լուծում:

Գալստյանը խոսեց համավճարի մասին՝ նշելով, որ անթույլատրելի է այն կիրառել Ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ քաղցկեղով հիվանդ անձանց դեպքում: Նա հայտնեց, որ հարցը կքննարկվի ՀԽ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի նիստում և իր լուծման առաջարկներով կներկայացվի ՀԽ լիագումար նիստի քննարկմանը:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply