ՍԱԿԱՎԱԹԻՎ ՀԱՆՃԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ. Սերգեյ Փարաջանովը՝ Արտավազդ Փելեշյանին

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | November 28, 2012 14:30

Այս օրերին Երևանում է տաղանդավոր ռեժիսոր, տարածական մոնտաժի հեղինակ, աշխարհահռչակ վավերագրող «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից հեռուստադիտողների լայն զանգվածների շրջանում սիրելի Ռևազը՝ Արտավազդ Փելեշյանը: Նա բաց դաս կամ վարպետության դաս է անցկացրել Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում: Ներկաները և՛ ուսանողներ էին, և՛ դասախոսներ, և՛ արվեստասերներ ու արվեստագետներ:

Մեծ կինոպոետը սիրով ու հոգատարությամբ պատասխանել է բոլորի հարցերին: Դահլիճից ուղղված հարցին, թե՝ մաեստրո, ինչո՞ւ ավելի հաճախ ֆիլմեր չեք նկարահանում, ռեժիսորը ափսոսանքով է պատասխանել.

Եթե ինձ հաջողվեր նկարահանել իմ «Հոմո սափիենսը», իմ բոլոր ֆիլմերը, որոնք հիմա կան, կթվան շատ փոքրիկ էսքիզներ դրա համեմատ:

ՓԵԼԵՇՅԱՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի լեփ-լեցուն դահլիճում օրերս ցուցադրվեցին վարպետի չորս ֆիլմերը, որից հետո նա պատասխանեց ուսանողների հարցերին: Վարպետին ժամանակը չի փոխել. ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ այսօր նրան հետաքրքրում է կյանքը՝ իր տխուր և ուրախ գույներով:

– Գիտեք, իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև նրանք լի են սխալներով: Եթե սխալներ չլինեն, երկար չեն ապրի, սխալների պատճառով են դրանք երկար ապրում,- ասում է Փելեշյանը:

Համաշխարհային վավերագրողը խորհուրդ տվեց ուսանողներին. «Մի՛ վախեցեք ոչ մի բանից, բայց անպայման ամեն ինչ ներդրեք առաջին ֆիլմի համար, հավատացեք, դա է որոշում ձեր ապագան»:

74-ամյա կինովավերագրողը ուսանողներին ու ներկաներին փոխանցեց նաև կինոյի մասին իր պատկերացումները՝ վստահեցնելով, որ տարիները քիչ բան են կարողացել փոխել:

– Կինոն համարում են սինթետիկ արվեստ, բայց իմ կարծիքով սինթետիկ արվեստ չէ, այն ինքնուրույն արվեստ է: Կինոն չի խմում ո՛չ գրականության, ո՛չ երաժշտության, ո՛չ կերպարվեստի ջրերը, կինոն խմում է այնտեղի ջրերը, որտեղից առանձին վերցրած խմում են և՛ գրականությունը, և՛ երաժշտությունը, և՛ կերպարվեստը,- վստահեցնում է Փելեշյանը:

Homo Sapiensը՝ 44 ՏԱՐԵԿԱՆ

 

Ավելի քան 44 տարի առաջ՝ 1968-ին, վարպետը գրել է «Homo Sapiens» ֆիլմի սցենարը, 1974-ին ներկայացրել այն, բայց մինչև այժմ այն կյանքի չի կոչվել: Ասում է, որ ֆիլմի ընդհանուր բյուջեն 1 մլն դոլար է:

– Եթե ինձ հաջողվի «Հոմո սափիենսն» անեմ, այնքան նորարարություն կա այնտեղ, որ մինչև կյանքիս վերջ ինձ հերիք է,- վստահեցրել է Փելեշյանը:

Այն հարցին, թե Կինոկենտրոնի տնօրենն օրերս ասել է, որ պատրաստ է տրամադրել գումար, միայն իր նախաձեռնությունն է պակասում, վավերագրող Փելեշյանը զարմանքով է արձագանքել՝ բա ինձ ինչի՞ չեն ասում:

Կինոպոետը խոսել է նաև ժամանակակից քաղաքացու հոգեբանությունից, ասելով` «այսօր մարդիկ շատ ավելի «խիտրի» են դարձել»:

ԻՐ ՖԻԼՄԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Փելեշյանը երկար-բարակ չի խոսում իր ֆիլմերի մասին: Դրանք ամենևին ամենակարող ֆիլմեր չի հռչակում:

Իր ֆիլմերում անընդհատ կադրի հետ երաժշտության առկայության փաստը շատ է հետաքրքրել ներկաներին: Փելեշյանն ասում է.

– Երաժշտությունը բառ չէ, ես մոնտաժ չեմ անում պատկերը երաժշտությանը, ես մոնտաժ եմ անում պատկերի զգացմունքը երաժշտության զգացմունքի հետ, իսկ դրանք տարբեր են, դրա համար նրանք անհրաժեշտ են ինձ:

ՓԵԼԵՇՅԱՆԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՄՈՆՏԱԺԸ

 

– Աշխարհի բոլորը ֆիլմերի մոնտաժը համարվում է իրար կողք-կողքի լայնածավալ պատկերների միացումը, իմ ֆիլմերում ես օգտագործում եմ ուրիշ մոտեցում, ինձ միացումը չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է դրանք իրարից բաժանելը, հեռավորության վրա դնելը՝ օգտագործելով ուրիշ պատկերներ: Իմ կարծիքով` հեռավորության վրա գտնվող լիցքավորվող պատկերներն իրար մեջ ավելի ուժեղ են խոսում և ոչ միայն իրար մեջ են խոսում, այլ դրանք խոսում են մեջտեղում ընկած բոլոր պատկերների հետ, դա  է մեխանիզմը,- ասում է կինովավերագրողը:

Պատահական չէ, որ Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է սակավաթիվ կինոհանճարներից մեկը:

Կինոյի տեսաբանները նրա դիստանցիոն՝ տարածական մոնտաժն անվանում են «հոգևոր-ինտուիտիվ»՝ առաջնորդվելով նրանով, որ հանդիսատեսից պահանջվում են այն ընկալելու նույնպիսի ջանքեր, ինչպիսին և հեղինակից:

Ասենք, որ Փելեշյանի հետքերով փորձում է գնալ հայտնի Գոդֆրի Ռեջիոն, որ պնդում է.

– Իմ կուռքը կինոյում Արտավազդ Փելեշյանն է, հայ վավերագիր, հանճար: Եթե ես կայծեր եմ ստեղծում, ուրեմն նա՝ մեծ կայծակներ:

Բեմադրիչի վերջին նկարահանած ֆիլմը կոչվում է «Վերջ»: Այն  ստեղծվել է 1993-ին: Այդ ժամանակվանից ի վեր լռություն է: Կարելի է այս հարցին պատասխանել կինոքննադատ Լյուդմիլա Դոնեցի խոսքերով. «Այստեղ նկատվում է և բացահայտվում է մի օրինաչափություն. սոցիալական ապստամբությունները Փելեշյանի ժամանակները չեն: Նա Հավերժության պատանդ է: Նրա ֆիլմերը դժվար է վերլուծել, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ընկալվում է որպես մինիմալ և անբաժանելի տարր, որի համար յուրաքանչյուր այլ մեկնաբանություն սխալ է: Դա, ըստ էության, Փելեշյանի մոնումենտալ ժեստն է: Դա և՛ հեղափոխության պահն է, և՛ այն պահն է, որը դառնում է ամբողջ ժողովրդի ապրած կյանք, և՛ պատմության պահը: Նրա ֆիլմերը հակասում են սովորական վավերագրական ֆիլմերի պատկերացումներին: Նրանց մեջ շատ հաճախ շեշտավորված են ռիթմը, երաժշտությունը, մոնտաժը: Դրա համար շատ հաճախ Փելեշյանին համարում են նկարիչ, որն աշխատում է վավերագրական կադրերով»:

ՓԵԼԵՇՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՄԻԱԿ ՖԻԼՄԸ՝ «ԿԻՆՈՊՈԵՏԸ»

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հայկ Օրդյանն ասում է, որ Արտավազդ Փելեշյանի  մասին ֆիլմ նկարահանելն իր համար, իրոք, մեծ փորձություն էր:

– Արտավազդ Փելեշյան կինոռեժիսորի մասին ընդհանրապես ֆիլմ նկարահանելը փորձություն էր, որովհետև մի բան է մտածել դրա մասին, մի այլ բան է դա իրականացնելը: Ի վերջո, ֆիլմը հանձնեցինք հանդիսատեսի դատին,- ասում է Հ. Օրդյանը: Նա առանձնապես շնորհակալ է հենց վավերագրական կինոյի մեծ վարպետին` Փելեշյանին, որ նա կա. «Նրա ֆիլմերով ես ինքս անձամբ կրթվել եմ ու շատ կցանկանայի, որ մեր ավելի երիտասարդ սերունդը նույնպես կրթվեր ու դաստիարակվեր նրա ֆիլմերով: Հասկանար այդ մեծ մտածողի կարևորությունն ու արժեքը»:

Ասում են` Փելեշյանը էմոցիոնալ մարդ է, հարցազրույցներ տալ չի սիրում, նաև չի սիրում, երբ իր մասին շատ են խոսում:

– Երբ Փելեշյանին ասացինք` գիտե՞ք, Ձեր մասին ֆիլմ ենք ուզում նկարահանել, նա ասաց. «Խնդրե՛մ, նկարահանեք»: Ասացինք` պիտի գանք Ձեզ էլ նկարահանենք, ասաց. «Խնդրե՛մ, եկեք»: Երբ գնացինք, նա անգամ դուռը չբացեց և ասաց. «Ո՛չ մի նկարահանում»: Սակայն մենք մեծ սիրով ու պատասխանատվությամբ ենք արել այս ֆիլմը:

Օրդյանն ասում է, որ ֆիլմի սպասված քննադատը հենց Փելեշյանն էր: Նա ասաց. «Ընդհանուր առմամբ գոհ եմ, ուղղակի չարժեր շատ անձնականս շոշափել, չէ՞ որ դա անձնական է»:

 ՓԵԼԵՇՅԱՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ

 

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թ. փետրվարի 22-ին, Լենինականում (այժմ` Գյումրի), չնայած լոռեցի է, վանաձորցի: Գյումրեցիները, որ սիրում են հպարտանալ իրենց հայրենակիցներով, Փելեշյանին համարում են Գյումրու ծնունդ, սակայն «ասպետաբար» զիջում են նրան վանաձորցիներին` համոզված, որ անհնար է «բռնի» կերպով գյումրեցի դարձնել այս նշանավոր արվեստագետին: Վանաձորում դպրոցն ավարտելուց հետո, Փելեշյանն աշխատել է  «Հայֆիլմ» կինոստուդիայում, հայկական հեռուստատեսությունում, ապա մեկնել Մոսկվա, 1963-1967 թթ. սովորել  Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտում:

«Փելեշյանի առաջին իսկ ֆիլմերը («Սկիզբ», «Մարդկանց երկիրը») նրան ոչ թե ուղղակի անուն բերեցին, այլ նաև համբավ. տալիս էին մրցանակներ, փորձագետները քննարկում էին նրա ուրույն մոնտաժը, որը մեծ դեր էր խաղում, որովհետև նրա ֆիլմերի մեծ մասը արխիվային կադրերի հիման վրա է արվել: Ռեժիսորի խոսքերով՝ այդ մոնտաժային մտածողության համար նա պարտական է Լեոնիդ Կրիստիին: Չնայած նրան, որ Փելեշյանի վաղ շրջանի ֆիլմերը հիշեցնում են Էյզենշտեյնի և Վետրովի ֆիլմերը, սակայն և՛ կինոգետները, և՛ հանդիսատեսը անմիջապես զգացին, թե ինչն է տարբերությունը. այն, ինչը որ թվում էր նմանություն,  զուտ արտաքինն էր, իսկ էությամբ դրանք ընդհանրապես հակադիր էին իրար»,- գրել է ժամանակի խորհրդային մամուլը: 1969-ին Փելեշյանը նկարեց «Մենք» ֆիլմը, որը կառուցված էր Արամ Խաչատրյանի գունեղ երաժշտության հիման վրա, և որը շատ շուտ հանրահայտ դարձավ:

– Երբ ես անվանեցի ֆիլմը «Մենք», նկատի ունեի հայ ժողովրդին, բայց այն ավելի մեծ «Մենք»-ի մի փոքր մասնիկն է, – ասում է Փելեշյանը:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

 

 

Դիտվել է 1831 անգամ:
Print Friendly

Leave a Reply