ՕՓՐԱ ՈւԻՆՖՐԻ. «Ընթերցանությունն ինձ համար բաց դուռ էր»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 16, 2010 12:24

Գոյություն ունի ինտելեկտի զարգացման սահման, սակայն գոյություն չունի լայնասրտության սահման:

Մոհանդաս Գանդի

Օփրան կնոջ հավաքական կերպար է: Նա հավասարապես ձգում  է թե՛ կանանց և թե՛   տղամարդկանց` անկախ ազգային պատկանելությունից, տարիքից, հավատքից:  Ամեն օր 64 երկրների մոտ 14 միլիոն մարդ է դիտում «Օփրա Ուինֆրիի շոուն»` տարեկան ապահովելով  170 մլն դոլարի  եկամուտ:

Օփրան ոգևորում է մարդկանց. նա իր խոսքը չի ծանրաբեռնում ճոռոմ  բարոյախոսությամբ կամ քարոզներով: Միայն նա կարող է անկաշկանդ հարց ուղղել կինոաստղին` բնավ տհաճություն չպատճառելով.«Դուք երբևէ գրգռվե՞լ եք նկարահանումների  ժամանակ»: Մի երեկոյի ընթացքում նա կարող է հանրաճանաչ դարձնել ցանկացած արվեստագետի: Եվ պատահական չէ, որ նրա մասին  «Washington  Post»-ը գրում է. «Օփրային   չի կարելի հասարակ բառերով նկարագրել, ինչպիսիք են, օրինակ «վառ անհատականությունը» կամ «աստղի փայլատակումը»: Մենք գործ ունենք մի այլ` խոր երևույթի հետ»:

Օփրան ծնվել է 1954 թ. հունվարի 26-ին, Միսիսսիպիում: Նա իր մոր` 18-ամյա Վերնիտայի արտաամուսնական երեխաներից ավագն է: Ծնողներն ուզում էին նրան Օրփա  սովորական անունը տալ, սակայն, մանկաբարձի անուշադրության հետևանքով  Օրփան դարձել է Օփրա և,  ըստ էության, վերածվել  եզակի անվան:

Հանգամանքների բերումով Օփրային  դաստիարակել է տատիկը: Տարեց կինը  փոխարինում էր մորը, և փոքրիկը հենց այդպես էլ դիմում էր նրան:

Վաղ մանկության տարիներին Օփրան չգիտեր, թե ինչ է կոշիկը, իսկ զգեստ ունեցավ միայն դպրոց գնալու կապակցությամբ: Ֆերման, որտեղ բնակվում էին, մեկուսացած էր, հեռուստատեսություն անգամ չկար: Փոքրիկը ստիպված ընկերություն էր անում տնային կենդանիների հետ ու մխիթարվում ընթերցանությամբ: Նա խոստովանում է, որ տատիկից ստացել է ամենաարժեքավոր նվերը. տատիկը  երկուսուկես տարեկան Օփրային գրաճանաչ է դարձրել: Վինֆրին  խոստովանում է.«Ես մեծացել եմ գրքեր սիրելով…Դրանց միջոցով ես ներխուժում էի ուրիշի կյանք»: Երբ տատիկը նրան տարավ մանկապարտեզ, նա  իր ձեռքով գրեց մի դիմում, որով պաղատում էր  նախապատրաստական խմբի դաստիարակներին` փոխադրել իրեն առաջին դասարան: Ապշած դաստիարակներն այդպես էլ արեցին: Ակադեմիական առաջին  տարվա ավարտից հետո, աղջկան փոխադրեցին 3-րդ դասարան:

«Այն, ինչ այսօր ինձանից ներկայացնում եմ, իմ տատիկի աշխատանքի արդյունքն է: Այս ուժն ու մտածելակերպը ես ունեի արդեն 6 տարեկան հասակում: Ես իմ այդ տարիքից  շատ չեմ տարբերվում: Գրքերն ինձ սովորեցնում էին, ճանապարհ ցույց տալիս ու ասում, որ ինձ նման հազարավոր մարդիկ կան, և ես ոչ միայն կարող եմ հաջողության ձգտել, այլև հասնել: Ընթերցանությունն ինձ հույս էր տալիս: Այն ինձ համար կիսաբաց դուռ էր»:  Մոր մոտ անցկացրած  ժամանակների մասին գրում է.«Գերադասում էի թաքնվել զուգարանում ու լապտերիկի լույսի ներքո կարդալ ու կարդալ:

Ինձ հեգնում էին` մտածելով, որ ես երևակայում եմ, ուզում  եմ մի բան դառնալ: Մինչդեռ, ես արդեն դարձել էի»:

12-ամյա  Օփրային եկեղեցում ելույթ ունենալու համար վճարել են 500 դոլար: Ոգևորված աղջնակը հոր մոտ հայտարարել է, որ դառնալու է շատ ճանաչված մարդ: Նա սկսել է օրագիր պահել, ուր պահ էր տալիս իր երազանքները:

Հարթ չի եղել փառքի ուղին.   14 տարեկանում ծննդաբերություն, երեխայի կորուստ, ապա` հիասթափություն: Այդ վիճակից օգնել է դուրս գալ հայրը. «Նա շուռ տվեց կյանքս` համոզելով, որ ես ավելին եմ, քան կամ: Նա սրբորեն հավատում էր դրան: Հորս ուսման սերն ինձ ճիշտ ուղու վրա դրեց»: Հայրը ստիպում էր աղջկան ամեն  օր 5 նոր բառ գրանցել իր բառարանում,  այլապես ճաշից կզրկվեր: Քոլեջում ուսանելու տարիներին  Օփրան հեռուստատեսությունից առաջարկ ստացավ: Երկրորդ կուրսում արդեն նա տարեկան 15000 դոլար եկամուտ ուներ: Սակայն հայրը շարունակում էր մնալ գլխավորը ու խստորեն հետևում էր կարգուկանոնին:

Մի անգամ Օփրային առաջարկվեց  մի սյուժե ստեղծել քաղաքի «սպիտակ» հատվածում: Երբ նա խանութպանի հետ պետք է ծանոթանար, ողջույնին ի պատասխան լսեց. «Մենք նեգրերի  ձեռքը չենք սեղմում, չքվեք»: Վինֆրին պատասխանեց. «Գրազ կգամ, որ նեգրերը գոհ կմնան»:

Մասնագիտական հաջողություններ

22 տարեկանում արդեն Վինֆրին Բալթիմորի Էյ-Բի-Սի հեռուստաընկերության առաջին կին մեկնաբանն էր: Հեռուստակայանն իմիջի իր պատկերացումն ուներ և Օփրայի  համար ստիպված էր նոր սանրվածք ու հագուստ փորձել. «Ձեր մազերը շատ կոպիտ են, քիթը` բավականին փռված, ծնոտը` խոշոր»:

Երբ ներկի պատճառով Օփրայի մազերը թափվեցին, նա ուղղակի  կաթվածահար էր, կարողացավ միայն արտաբերել.«Շատ դժվար է ճանաչել ինքդ քեզ, երբ քաչալ ես»: Մխիթարվելու համար սկսեց շատ ուտել ու ինքն իրեն միայնության մատնեց:  Վերջին հաշվով, այդ ապրումները վերածվեցին  ինքն իրեն բացահայտելու զորավոր միջոցի: Նա հանգեց մի իմաստնության. «Իմ ազդրերը երբեք չեն նմանվի Դայանա Ռոսի  ազդրերին (տարիներ շարունակ Դայանան եղել է Օփրայի պաշտամունքի առարկան): Ուրեմն, ավելի լավ է ես մնամ Օփրան»:

Ուինֆրին էքստրավերտ է, ինտուիտիվ-զգացմունքային: Նա ձախլիկ է: Նրա զգայնությունը  տեղին ու ժամանակին ճիշտ հարցադրումներ անելու ու կարևոր տեղեկություններ ստանալու հնարավորություն է տալիս: Նա օժտված է մի բացառիկ հատկությամբ. կարողանում է համոզել մարդկանց, որ անկեղծանան,  սիրտները բացեն աշխարհի առաջ: Դա  շատ բնական է ստացվում, քանի որ նա նույնպես ցանկացած պահի կարող է մերկացնել իր հոգին:

Օփրան ընտանիք ստեղծելու հարցում շտապողականություն չի ցուցաբերել, ամուսնացել է 40 տարեկանում: Նա կարիերան գերադասեց ընտանիքից: Բայց եթե  վաղ հասակում որոշեր ընտանիք կազմել, ապա, ամենայն հավանականությամբ,  չէր հասնի այս բարձունքներին:

Ջին ԼԱՆԴՐԱՄ

«Տասներեք կին, որոնք վերափոխեցին աշխարհը» գրքից

Դիտվել է 2098 անգամ:
Print Friendly

Leave a Reply