Աշխարհի ամենամեծ եռացող կաթսան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | November 26, 2012 12:00

Մերձավոր Արևելքում այժմ ծավալվում են իրադարձություններ, որոնք այսպես թե այնպես ազդում են Հայաստանի վրա: Նախ` այդ տարածաշրջանում հայկական գաղթօջախներ կան: Երկրորդ` այն մեզ անմիջապես հարող տարածաշրջան է, և այնտեղի զարգացումները չեն կարող ազդեցություն չունենալ մեզ վրա: Սա դեռ այն դեպքում, եթե հաշվի չառնենք, որ մերձավորարևելյան «խաղերում» Հայաստանի համար առանձնացված դեր էլ կարող է լինել:

Առկա իրավիճակ, որ տեսնում են բոլորը

Մերձավոր Արևելքում նոր` «անսպասելի» զարգացումներ են տեղի ունենում: Սիրիական ճգնաժամի սկզբնական փուլում բոլոր փորձագետները համոզմունք էին հայտնում, թե իրադարձությունները կշարունակվեն այնքան, քանի դեռ արտաքին միջամտություն չի լինի, քանի որ սիրիական ընդդիմությունը մեկ կետից չի կառավարվում, բազմադեմ է: Վերջերս  հայտնի դարձավ սիրիացի ապստամբների նոր կոալիցիան և հայտարարվեց նրա ղեկավարի անունը: Սրանով կարծես պետք է ցրվեր այդ մտավախությունը, թե եթե նույնիսկ Սիրիայի կառավարական ուժերը որոշեն դադարեցնել ռազմական գործողությունները, ապա դա հնարավոր չի լինի ապստամբ ընդդիմության մասնատվածության պատճառով: Բայց բազմաթիվ ապստամբ խմբավորումներ շտապեցին հայտարարել, որ չեն ճանաչում ապստամբ ուժերի կոալիցիոն ղեկավարությանը և պատրաստվում են ստեղծել նոր` իսլամական Սիրիա, չնայած ՄԱԿ-ը ճանաչել էր ապստամբների կոալիցիան:

Սիրիական զարգացումների առաջին արձագանքը նկատվեց Լիբանանում, և փորձագետներն այս անգամ էլ մտավախություն հայտնեցին, թե սիրիական սցենարների կրկնությունը սպառնում է նաև Լիբանանին:

Դեռ քննարկումների փուլում էին Լիբանանի զարգացումները, երբ սկիզբ առան իսրայելա-պաղեստինյան խնդիրները, որոնք սառեցված փուլում էին: Այսօր արդեն Գազայի հատվածում Իսրայելն ու Պաղեստինը զինված առճակատման են գնում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն էլ հայտարարել է, որ իրենք Հյուսիսատլանտյան դաշինքի հրթիռները կտեղակայեն Թուրքիա-Սիրիա սահմանին` այնտեղից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում ցնցումների ալիքի տարածումը բացառելու նպատակով:  Այս ամենին հավելենք նաև այն, որ վերջերս «Ֆաթխ» և «Համմաս» արաբական զինված խմբավորումները հայտարարեցին միավորման և միասնական ճակատով հանդես գալու մասին: Սրանք այն փաստերն են, որոնք այսօր առկա են Մերձավոր Արևելքում` դարձնելով այս տարածաշրջանը մի մեծ, եռացող կաթսա:

Ի՞նչ է կատարվում այսօր Մերձավոր Արևելքում

Եթե ուզում ենք ճիշտ հասկանալ, թե ինչ է կատարվում այսօր Մերձավոր Արևելքում, պետք է վերադառնանք 2006 թ. հունիս, երբ ԱՄՆ-ի այն ժամանակվա պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն առաջին անգամ օգտագործեց «Նոր մեծ Մերձավոր Արևելք» եզրույթը, որը եկավ փոխարինելու մի քիչ հնացած և անիրական համարվող «Մեծ Մերձավոր Արևելք» եզրույթին:

ԱՄՆ պետանվտանգության նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին կարծում էր, որ «Նոր Մերձավոր Արևելքի» մեջ պետք է մտնեն Եվրասիական Բալկանները, որոնք ներառում են Հարավային Կովկասը, և Կենտրոնական Ասիան` Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը, ինչպես նաև Թուրքիան:

Քոնդոլիզա Ռայսի հայտարարությունից հետո` 2007 թ., պահեստազորի փոխգնդապետ Ռալֆ Պետերսը, որ այժմ աշխատում է ԱՄՆ ազգային ռազմական ակադեմիայում, «Armed Forces Journal» հեղինակավոր պարբերականում հրապարակեց Մեծ Մերձավոր Արևելքի երկրների նոր` հեռանկարային սահմանների քարտեզը:

«Ինչպես երևում է քարտեզից, տարածաշրջանում ամերիկյան գեոստրատեգիայի նպատակը տարածաշրջանի ապագաղութացումից հետո ձևավորված սահմանների փոփոխությունն է: Փորձագետները նշում են, որ Ամերիկայի պաշտոնական մոտեցումներից երևում է այս  տարածաշրջանի երկրների ընդերքի հարստություններին մոտենալու տրամաբանությունը, առաջին հերթին էներգակիրների տնօրինումը` տարածաշրջանում մարիոնետ ու անկենսունակ երկրներ ու վարչակարգեր ստեղծելու ճանապարհով»,- նշված է «Վիքիպեդիա» համացանցային հանրագիտարանում:

«Այդ քարտեզն ամբողջովին չի իրականացնում ԱՄՆ-ի նպատակները Մերձավոր Արևելքում, սակայն ընդհանուր իմաստով այն արդեն իրողություն է: Այսօրվա աշխարհաքաղաքական դիրքերն ու սահմանները ձեռնտու չեն ԱՄՆ-ին: Որովհետև առանձին պետությունների հնարավորություն են տալիս  վարելու անկախ քաղաքականություն: Դա ԱՄՆ-ին ձեռնտու չէ, և այօր ԱՄՆ-ն անում է ամեն ինչ, որ Մերձավոր Արևելքում բոլորը բոլորից կախված լինեն և բոլորի հույսը լինեն գերտերությունները, որոնց դերում ԱՄՆ-ն տեսնում է միայն իրեն: Մնացածը` այդ «չարիքի օղակը»` Իրաքը, Իրանը, Սիրիան և այլն, արդեն բառախաղեր են, որոնք հնարավորություն են տալիս ԱՄՆ-ին, նախ, համոզելու իր ժողովրդին, որ այդ ուժային միջամտությունն անխուսափելի է և կփրկի  ԱՄՆ-ին, երկրորդ` նշելու նպատակները»,- ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Սակայն մի քիչ դժվար է հասկանալ, թե ինչու է ԱՄՆ-ն կայուն երկրները քանդում և փորձում իշխանության բերել ծայրահեղ իսլամիստական կազմակերպությունների: Տրամաբանություն չի երևում: «Հիմա ԱՄՆ-ն ստեղծում է այն պայմանները, որ Մերձավոր Արևելքի  պետությունները մեկը մյուսից կախված լինեն և առանձին-առանձին հույսները դնեն ԱՄՆ գերտերության վրա: Եվ երկրորդ` ստեղծում են այնպիսի պայմաններ, որոնք կհանգեցնեն մեծ ծայրահեղությունների` քաղաքացիական կամ տարբեր երկրների միջև պատերազմների, որոնք արդեն ԱՄՆ-ին «բարոյական իրավունք» կտան իր զորքերը, ՆԱՏՕ-ի հետ մեկտեղ կամ առանձին, մտցնել այդ տարածաշրջան»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:

Ո՞ւր են տանում մերձավորարևելյան զարգացումները

Մերձավոր Արևելքում անկայունության գործընթաց է` տուրբոլիզացիա: Սիրիայում պատերազմ է, հակամարտող կողմերից մեկը Սիրիան և Իրանն են, նրանց կարծես աջակցում են Ռուսաստանը և Չինաստանը: Այնտեղ քաղաքացիական պատերազմ չկա, ինչպես ներկայացնում էին: Որովհետև կառավարական երկրների դեմ կռվող զորքերի մոտ 70 տոկոսը վարձկաններ են` տարբեր երկրներից, որոնց ֆինանսավորում են Քաթարը, Սաուդյան Արաբիան, աջակցում են նաև արևմտյան տերությունները` ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան` հատուկ ծառայություններով: Եվ սիրիական պատերազմի հիմնական նպատակն ուղղված է Իրանի դեմ, որին ուզում են զրկել տարածաշրջանի ամենասերտ դաշնակցի ներկայությունից: Այս գործընթացներում շատ ակտիվ ներգրավված է Թուրքիան, և տարածաշրջանային անկայունությունն այսօր տարածվում է ամենուր:

«Եվ կան վատ սցենարներ, որոնց  հետևանքով Իրանը կարող է շատ թուլանալ, իսկ Թուրքիան` դառնալ տարածաշրջանի առաջատար: Կա այլ սցենար`  Թուրքիան կարող է թուլանալ և կազմալուծվել: Բոլոր դեպքերում այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, երկու վտանգ է ներկայացնում Հայաստանի համար: Առաջին` Մերձավոր Արևելքի մեր բոլոր համայնքները վտանգի տակ են, իսկ մենք գիտենք, որ Մերձավոր Արևելքի հայկական համայնքները մեր սփյուռքի դեմքն էին: Եվ սա կփոխի ոչ միայն այդ գաղթօջախների դեմքը, այլև ամբողջ  բովանդակությունը: Այսինքն` դա վտանգ է հայությանը, և վտանգ է նաև Հայաստանին, որովհետև եթե անկայունությունը տարածվի, և օրինակ` Թուրքիան դառնա տարածաշրջանի առաջատար, ապա դա շատ վտանգավոր է, որովհետև գաղտնիք չէ, որ նա շատ կոշտ դիրքորոշում ունի Հայաստանի նկատմամբ»,- տեսակետ հայտնեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Իսկ ինչ վերաբերում է «Նոր Մերձավոր Արևելքի» կառուցման գործընթացների իրատեսականությանը, ապա, ըստ Գագիկ Հարոթյունյանի, այն արդեն կառուցվել է. հիմա Մերձավոր Արևելքն իր դեմքը փոխած նոր տարածաշրջան է: Այնպես որ ոչ թե ընթանում են «Նոր Մերձավոր Արևելք» ստեղծելու գործընթացներ, այլ կարելի է ասել` գործընթացներն ավարտվում են:

Այս կարծիքին է նաև քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը. ըստ նրա` փոփոխություններ կլինեն և արդեն կան, քանի որ օրինակ` Իրաքն այսօր փաստացի երեք պետություն է և այլն:

«Բայց չեմ կարծում, որ այս դեպքերը կավարտվեն հենց ԱՄՆ-ի ծրագրով: Դա բավական ժամանակատար գործընթաց է, և ԱՄՆ-ի առջև դրված խնդիրները միանգամից լուծելու փորձն իսկապես կհանգեցնի շատ մեծ պատերազմի` ոչ  համաշխարհային, բայց տարածաշրջանային շատ մեծ պատերազմի, որում ԱՄՆ-ի հնարավորությունները թույլ չեն տա տիրել այդ ամենին: Ուստի նրանք հերթականություն են սահմանել, և ես չեմ զարմանա, եթե Վիկիլիքսի նման  մի կազմակերպություն բացահայտի այդ հերթականությունը: Հերթով են լուծում այդ խնդիրը, և այդ գործընթացը կարող է շատ երկար տևել` 10, 15 կամ 20 տարի: Բայց այն, որ ԱՄՆ-ն ձգտելու է դրան, միանշանակ է»,- նշեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է այդ տարածաշրջանից նոր համաշխարհային պատերազմ սկսվելուն, ապա փորձագետները դա անհավանական են համարում: Բացի այդ,  ակնհայտ է, որ գերտերություններին, հատկապես ԱՄՆ-ին էլ ձեռնտու չէ համաշխարհային պատերազմը: Այսինքն`  արյունահեղություն կլինի տարբեր կետերում և բավական շատ, բայց դա, ըստ փորձագետների, չի վերաճի համաշխարհային պատերազմի:

 

Դիտվել է 1572 անգամ:
Print Friendly

Leave a Reply