Հակոբ Սերոբյան. «Մոսկվայից առանց մեդալի չենք վերադառնա»

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 26, 2012 7:00

Վեջերս Մեքսիկայում կայացած Մարմնամարզության  միջազգային ֆեդերացիայի համաժողովից հետո Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի ղեկավարության կազմում կատարված փոփոխությունները նպաստավոր են Հայաստանի մարմնամարզության ներկայացուցիչների համար:

«Ինչպես հայտնի է, Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել իտալացի Բրունո Գրանդին: Մեծ փոփոխությունն այն է, որ մարմնամարզիկների տեխնիկական կոմիտեի նախագահի պարտականությունները վերջին 14 տարին կատարել է ռումինացի Ադրանու Ստոյկոն: Կարելի է ասել` մարմնամարզությունում ռումինական մաֆիա էր ձևավորվել, և նա, իր շուրջը համախմբած մի խումբ մարդկանց հետ, ինչ ցանկանում էր, այն էլ անում էր: Այժմ այդ պաշտոնում ընտրվել է ամերիկացի Սթիվ Բուշերը: Նա ծանոթ է հայկական մարմնամարզության փառահեղ պատմությանը, ավանդույթներին, մեր երկրի հավաքականի մարզիկներին, Հայաստանի ներկայացուցիչների հետ միշտ էլ լավ հարաբերություններ է ունեցել, մի շարք հարցերում աջակցել է, Հայաստանի  լավագույն մարմնամարզիկներին խորհուրդներ տվել, քաջալերանքի խոսքեր ասել: Նախկինում նա միջազգային ֆեդերացիայում նժույգաթափերի պատասխանատուն էր: Բացի այդ, բազամամարտի առանձին մրցաձևերի երկու ղեկավարներ նույնպես Հայաստանի ներկայացուցիչների նկատմամբ  լավ տրամադրված մասնագետներ են: Այնպես որ առաջիկայում մեր մարմնամարզիկները պետք է փորձեն դրսևորել կարողությունները` վստահ լինելով, որ իրենց նկատմամբ անդրկուլիսյան խարդավանքներ չեն լինի»,- ասաց Սերոբյանը:

Դեկտեմբերի 12-17-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալու է  Միխայիլ Վորոնինի հուշամրցաշարը: Դա մարմնամարզության միակ ստուգատեսն է, որում սահմանված են դրամական մրցանակներ: Ընդ որում, պարգևատրվում են ոչ միայն աչքի ընկած մարզիկները, այլև նրանց մարզիչները:

Հայաստանի պատիվը կպաշտպանեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Սերոբ Սողոմոնյանը, Արամ Մուրադյանը: Նախատեսվում է, որ Հայաստանի ներկայացուցիչները հանդես կգան թիմային պայքարում, բազմամարտում և բազմամարտի առանձին մրցաձևերում: Նախատեսվում է, որ կմասնակցեն աշխարհի   մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչներ, ադ թվում նաև ուժեղ կազմեր ունեցող Ճապոնիայի, ԱՄՆ-ի հավաքականները: Իսկ կազմակերպիչները մրցասպարեզ կհանեն երկու հավաքական: Առանձին թիմով հանդես կգա «Դինամո» մարզընկերությունը, որի ներկայացուցիչ է եղել Վորոնինը:

«Նախատեսում ենք, որ մեր մարմնամարզիկները մեդալներով վերադառնան: Անցյալ տարի նախապատրաստվում էինք  հունվարին Լոնդոնում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին և մեր ուժեղագույններին չէինք գործուղել Մոսկվա: Մերոնք մեդալ չբերեցին: Իսկ 2010-ին Մերդինյանը նժույգաթափերում դարձել էր հաղթող: Այս մրցաշարով տարին կեզրափակենք: Հետո նախապատրատվելու ենք 2013-ի ապրիլի17-21-ը նույնպես Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որում Հայաստանից մրցահարթակ դուրս կգա 5 մարմնամարզիկ»,- ասաց Սերոբյանը:

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply