Կմնա՞ Յուրի Պատրիկեևը Հայաստանի հավաքականում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 25, 2012 7:03

2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում մեր երկրի ներկայացուցիչներին պարզերես արեցին միայն հունահռոմեական ոճի ըմբիշները, որոնք տիրացան մեկական արծաթե և բրոնզե մեդալի: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանին խնդրեցինք հայտնել, թե բավարարվա՞ծ է է մեր ըմբիշների օլիմպիական ձեռքբերումներով, օգտագործվե՞լ է ամբողջ  ներուժը:

– Ամեն դեպքում արդյունքը գոհացնող է, քանի որ հունահռոմեական ոճի ըմբիշների օլիմպիական մրցաշարում մեդալներ ենք ունեցել: Միայն ազատ ոճային ըմբիշների խնդիրն էր: Բայց նրանք էլ հնարավորություն ունեին թեկուզ մեկ քաշային կարգում պարգևի տիրանալու: 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը մոտ էր դրան, բայց չստացվեց: Արդեն խնդիր էր, որ Ռոման Ամոյանը մինչև օլիմպիական խաղերը չկարողացավ այդ ստուգատեսի ուղեգիր նվաճել, քանի որ նրանից մենք օլիմպիական մեդալ էինք սպասում: Ազատ ոճի մեր ըմբիշներից ոմանք էլ պետք է օլիմպիական վարկանիշ ձեռք բերեին, սակայն  ինչ-ինչ պատճառներով, նաև հիվանդության, արդյունքի չհասան:

Նույնը կարելի է ասել նաև գերծանրքաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեևի մասին, որն օլիմպիական մրցագորգի վրա չդրսևորեց իր կարողությունները: Վարագույրի  հետևում մնացածը պետք է վերլուծել, հետևություններ անել, որպեսզի չկրկնվեն: Բավարարված ենք, որ ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի կատարած աշխատանքն արդյունք տվել է, մերոնք անմասն չեն մնացել Լոնդոնում խաղարկված պարգևներից: Ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը ոչ մի խնդիր չի թողել մարզիչներին, նրանց սաներին: Ինչ հարց ներկայացվել է, դրա լուծումը տրվել է. աշխատավարձեր, հավելապարգևներ, ուժերի վերականգնիչներ, բժշկական միջամտություններ, ուսումնամարզական լրացուցիչ հավաքներ և այլն: Դրանով է  բացատրվում, որ  մրցաշրջանի ընթացքում նաև մեծ թվով հաջողություններ ենք ունեցել տարբեր տարիքային խմբերի միջազգային ներկայացուցչական ստուգատեսներում:

 Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան քննարկել է օլիմպիական խաղերում մեր ըմբիշների ունեցած մրցելույթները, գնահատական տրվե՞լ է:

– Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության նիստ չի անցկացվել, և խոր քննարկում դեռևս չի եղել: Առջևում Հայաստանի  հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի առաջնություններն են: Նախատեսվում է, որ հունահռոմեկան ոճի ըմբշամարտի առաջնությունից առաջ  մեր երկրի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության նիստ կհրավիրվի և քննարկում կանցկացվի: Վերլուծություններից հետո կհստակեցնենք հետագա անելիքները:

 Ե՞րբ են կայանալու առաջնությունները:

– Հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունն անցկացվելու է նոյեմբերի 22-24-ը Վանաձորում, իսկ ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը` դեկտեմբերի 22-24-ը Երևանում: Այս մրցումները կազմակերպվում են, որպեսզի համալրվեն Հայաստանի հավաքականները, և մարզիկները 2013-ի սկզբից նախապատրաստվեն մրցաշրջանի մեկնարկներին: Դա հավաքականների գլխավոր մարզիչների առաջարկով է կատարվել: Բանն այն է, որ գարնան սկզբին կազմակերպվելու է Եվրոպայի առաջնությունը: Եթե Հայաստանի առաջնություններն անցկացվեին հունվարին, ապա դրանք ինքնանպատակ կլինեին, քանի որ քիչ ժամանակ կմնար ուսումնամարզական հավաքների, ստուգողական միջազգային մրցաշարերի մասնակցության համար:

 Կա՞ն տիտղոսակիր ըմբիշներ, որոնք հրաժեշտ են տվել մեծ սպորտին և այլևս Հայաստանի հավաքականի կազմում հանդես չեն գալու:

– Դա կպարզվի այս առաջնություններից հետո: Բոլոր մարզիկները, նաև տիտղոսակիրները պետք է մասնակցեն Հայաստանի առաջնությանը: Միայն օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը բաց կթողնեն այն: Եթե ըմբիշներից  որևէ մեկը չմասնակցի մեր երկրի առաջնությանը` առանց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարությանը կամ տվյալ մարզաձևի հավաքականի գլխավոր մարզչին տեղյակ պահելու, ապա չի ընդգրկվի հավաքականի թեկնածուների շարքում: Հայաստանի առաջնությունում մրցագորգ են դուրս գալու անխտիր բոլոր լեգեոնականները, դրսից հրավիրված ըմբիշները: Չմասնկացողը մեխանիկորեն դուրս է մնալու թիմից:

 Հայաստանի հավաքականի հսկան` Յուրի Պատրիկեևը, նույնպե՞ս մասնակցելու է:

– Եթե նա ցանկություն ունի շարունակելու մրցելույթները Հայաստանի հավաքականի կազմում, ապա պետք է գա: Բանն այն է, որ վճարվում են, աշխատավարձ են ստանում այն մարզիկները, որոնք բարձր արդյունք են ցույց տալիս: Եթե Պատրիկեևն ընթացիկ մրցաշրջանում լավ արդյունքի չի հասել, ապա պետք է ներկայանա Հայաստանի առաջնությանը: Եթե անգամ ըմբիշը մրցագորգ էլ դուրս չգա, մարզիչները պետք է որոշեն, թե նա ինչ է անելու հետագայում:

 Այսինքն` տիտղոսակիր այդ մարզիկի Հայաստանի հավաքականում մնալչմնալու հարցը վերջնականապես որոշված չէ՞:

– Առայժմ պարզ չէ: Նա պետք է վճռի: Հաջորդ օլիմպիական խաղերին նա  ըմբիշի համար պատկառելի տարիքի կլինի, և ևս չորս տարի մրցագորգի վրա դիմանալը հեշտ չէ: Պատրիկեևի հետ ֆեդերացիայի ղեկավարության կնքած պայմանագրի ժամկետը լրացել է: Մարզիկն ամիսը շուրջ  6 հազար դոլար աշխատավարձ էր ստանում, իսկ բարձր արդյունք ցույց տալու դեպքում` ավելին: Պետք է հստակեցվի, թե նա ինչ խնդիրներ կներկայացնի, ֆեդերացիան էլ ինչպիսի պահանջներ կդնի:

 Իսկ Ռոման Ամոյա՞նը:

– Նա է պետք է մասնակցի Հայաստանի առաջնությանը:

 Օրերս  Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությանն ինչո՞ւ Հայաստանի հավաքականը մարտական կազմով չէր ներկայացել:

– Հանդես գալու հնարավորություն էր տրվել մեր երկրի երիտասարդական  հավաքականին: Իր ցանկությամբ նրանց էր միացել նաև Արթուր Ալեքսանյանը: Իսկ թիմը մրցագորգ էր դուրս բերել մարզիչ Արմեն Բաբալարյանը: Այդ ստուգատեսն առաջին անգամ էր կազմակերպվել, և հրավիրվել էին մասնակցելու Եվրոպայի առաջնությունում առաջին վեց տեղերը գրաված հավաքականները: Քանի որ առջևում Հայաստանի առաջնությունն  է, սկզբում դիմել էինք, որ մեզ ազատեն մասնակցելուց: Փաստորեն, մեր լավագույն ըմբիշները չէին հասցնի ուժերը վերականգնել և հետո հանդես գալ Հայաստանի առաջնությունում: Բայց հայտնեցին, որ Հայաստանի հավաքականի մասնակցությունը պարտադիր է: Թիմ մրցավայր չգործուղելու դեպքում սպառնում էին, որ ֆինանսական տույժեր կկիրառվեն: Եվ ըմբշամարտի մեր երկրի ֆեդերացիայի ղեկավարությունը և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը որոշեցին, որ նպատակահարմար է` մասնակցի Հայաստանի երիտասարդական հավաքականը: Այդ է պատճառը, որ մերոնք,  պարտվելով Ուկրաինայի (3:4), Ադրբեջանի (1:6) հավաքականներին  և 7:0 հաշվով առավելության հասնելով Բուլղարիայի ներկայացուցիչների նկատմաբ, գրավեցին 5-րդ տեղը:

 Բայց երևում է` մյուս թիմերը, նաև Ադրբեջանի հավաքականը ևս մարտական կազմերով չէին մասնակցում, քանի որ մրցաշարի հաղթող Ռուսաստանի ընտրանին Ադրբեջանի հավաքականին հաղթել է 7:0 հաշվով:

– Թերևս, բայց միայն մեր հավաքականի մասին կարող եմ հստակ հայտնել, որ այն մարզիկները, որոնք մրցագորգ էին դուրս եկել, միջազգային ստուգատեսների մասնակցելու շատ մեծ փորձ չունեին:

 – 2013-ի մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ըմբիշներին ի՞նչ փորձություններ են սպասում:

-Մարտին Վրաստանում կայանալու է Եվրոպայի առաջնությունը, իսկ սեպտեմբերին Հունգարիայում անցկացվելու է աշխարհի առաջնությունը: Հավաքական թիմերի մարզիչներն արդեն ներկայացրել են  նախապատրաստական ծրագրերը, ուսումնամարզական հավաքների անցկացման վայրերը, ստուգողական միջազգային այն մրցաշարերը, որոնց մասնակցելու են մեր ըմբիշները:

 Հետաքրքիր է, ինչո՞ւ է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունն անցկացվելու Վանաձորում, իսկ ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը` Երևանում:

– Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարությունը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային ընտրանու գլխավոր մարզիչը նպատակահարմար համարեցին, որ այդ մրցաձևի առաջնությունը կայանա Վանաձորում, որպեսզի քարոզչություն կատարվի, մարզաձևն ավելի մասսայականանա: Բացի այդ, Վանաձորի մարզապալատի պայմանները հիանալի են: Իսկ ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա մայրաքաղաքի «Դինամո» մարզասրահում:

Դիտվել է 1721 անգամ:
Print Friendly

Leave a Reply