Աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողության կազմակերպչական աշխատանքներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 22, 2012 13:48

Հայաստանի  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանի նախագահությամբ նախարարության դահլիճում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝  նվիրված բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բացման հադիսավոր արարողության կազմակերպչական աշխատանքներին:

Հանդիպմանը ներկա են գտնվել բուհերի և մարզադպրոցների ներկայացուցիչներ, որոնց փոխնախարարը տեղեկացրել է, որ նոյեմբերի 28-ին կայանալու է մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը և նշել այդ միջոցառման բացառիկ կարևորությունը: Նրա խոսքերով. ”Շուրջ 10 օր ողջ աշխարհի ուշադրությունն ուղղված է լինելու Հայաստանին: Այնպես որ, աննախադեպ այս միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել բարձր մակարդակով, ինչի համար պատասխանատու ենք բոլորս՝ ողջ հայ ժողովուրդը”:

Նշենք, որ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, նոյեմբերի 28-ին, ժամը՝ 18:00-ին, որին ներկա են լինելու ՀՀ և ՀԱՕԿ բարձրաստիճան ղեկավարներ, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնակից 71 երկրների պատվիրակության անդամներ և շուրջ 15 երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Այս առաջնությունն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, որի մասնակիցները 17-18 տարեկան երիտասարդ բռնցքամարտիկներն են` 10 քաշային կարգերում:

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply