Էկզեմա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 27, 2012 7:09

Էկզեման մաշկի  քրոնիկական հիվանդություն է, որը երբեմն սրացումներ է ունենում:  Հիվանդությանը բնորոշ է քորով ուղեկցվող մաշկային ցանի առաջացումը:  Ժամանակակից բժշկության մեջ էկզեման երբեմն ոչ թե առանձին հիվանդություն են դիտում, այլ համախտանիշների համալիր: Նման մոտեցումը համապատասխանում է տիբեթյան բժշկության մոտեցումներին, որը մաշկային հիվանդությունները (դերմատիտներ ու դերմատոզներ) համարում է օրգանիզմի ներքին հիվանդությունների արտաքին դրսևորումներ:

Բուժումը

Էկզեմա ախտորոշման դեպքում,  տիբեթյան բժշկության համաձայն, կատարվում է  անհատական բուժում` կախված հիվանդության զարգացման գլխավոր մեխանիզմների բնույթից: Որպես կանոն, էկզեմայի բուժումը ներառում է  բուսադեղամիջոցներ ու կենսաակտիվ կետերի վրա ներգործություն (կետային մերսում, ասեղնաբուժություն)` ալերգիկ գործոնը վերացնելու, նյարդային համակարգի հավասարակշռությունը վերականգնելու, ստամոքս-աղիքային տրակտի, լեղուղիների  աշխատանքը բարելավելու համար, մի խոսքով, բոլոր այն պատճառները վերացնելու, որոնք կարող են էկզեմայի պատճառ դառնալ:

Էկզեմա ախտորոշման դեպքում տիբեթյան մեթոդով բուժումը հնարավորություն է տալիս ոչ միայն մաշկային հիվանդության ախտանշանները վերացնել, այլև մի շարք ներքին  խնդիրներ:

Ախտանշանները

Նկատվում է մաշկի կարմրություն, այտուց, բշտիկների առաջացում, որոնք լցված են անգույն հեղուկով, առաջանում են ճաքեր, և մաշկը կեղևակալում է, թեփոտում, քոր գալիս: Բշտիկները հեշտ են պատռվում, որի պատճառով մաշկի վրա խոնավ հատվածներ են առաջանում:

Էկզեմա կարող է առաջանալ մարմնի տարբեր հատվածներում. ձեռքերին, դեմքին, ոտքերին, կան նաև վարիկոզ էկզեմա և այլ տեսակներ: Երեխաների մոտ հաճախ հանդիպում է դեմքի վրա տեղակայված էկզեմա, մեծերի մոտ հիմնականում հանդիպում է ձեռքերի վրա (դաստակներին) ու ոտքերին (թաթերին):

Էկզեմայի տեսակները

Ժամանակակից բժշկության մեջ էկզեմա են անվանում մաշկային հիվանդությունների մի քանի տեսակ , որոնց մեջ համախմբված են բնույթով ու տեղակայությամբ տարբեր դրսևորումներ:

Հիմնական տեսակ է համարվում իդիոպաթիկ էկզեման, որն ունի սուր բորբոքային բնույթ. մաշկի վրա առաջանում են բշտիկներ, որոնք պայթում են` ստեղծելով թաց հատվածներ: Սովորաբար այս պրոցեսը մեծ հատվածներ է  ընդգրկում (դեմքը, ձեռքերը, մարմնի այլ հատվածներ): Կախված էկզեմայի տեղայնությունից` տարբերում են մի քանի տեսակներ:

Մանրէաբանական. սա նման է իդիոպաթիկ էկզեմային, սակայն բնորոշվում է թարախային կեղևներով: Այն սովորաբար առաջանում է  մաշկի մեխանիկական վնասվածքների շուրջ (վերք, քերծվածք, թարախապալար, խոց):

Թեփոտ էկզեմա. բնորոշ են թեփային թերթիկները գլխամաշկի վրա, մազերի տակ, սակայն կարող է առաջանալ նաև այլ տեղերում, ասենք` կրծքին:

Մասնագիտական էկզեմա. առաջանում է արտաքին թունավոր ազդեցությամբ, սովորաբար կապված է  աշխատանքային պայմանների հետ (քիմիական արտադրանքի արտադրամասերում):

Կոշտուկանման էկզեմա. առաջանում է ափերում, ոտնատակին, երբեմն տարածվում է նաև դաստակների ու ոտնաթաթերի երեսային մասում:

Արդեն ասվեց, որ էկզեման տիբեթյան բժշկության մեջ առանձին հիվանդություն չի դիտվում: Այն օրգանիզմում ինչ-որ խախտման հետևանք է: Նման խախտում կարող է լինել դիսբակտերիոզը (աղիքների ֆունկցիայի խանգարումը), նյարդային համակարգի հավասարակշռության, ներզատիչ, իմունային համակարգի հավասարակշռության խախտումը և մի շարք այլ պատճառներ:

Բուժման համար հարկավոր է պարզել, թե հատկապես ինչն է պատճառ դարձել, ու բուժել հիմնական  պատճառը:

Դիտվել է 7933 անգամ:
Print Friendly

Leave a Reply