Գարեգին Նուշիկյան. «Որպես պատգամավոր՝ միայն ուրախ կլինեմ օգտակար լինելու գիտնականներին»

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 22, 2012 14:00

Մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Գարեգին Նուշիկյանն իր նախընտրական ծրագրում ներառել էր նաև գիտությանն աջակցելու վերաբերյալ դրույթներ: «Անկախը» հարցազրույց է ունեցել Գարեգին Նուշիկյանի հետ` պարզելու, թե առաջիկայում պատգամավորն ինչ միջոցառումներ է նախատեսում, որոնք կնպաստեն գիտության զարգացմանը:

– 2000 թ. ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով նախատեսվում է, որ կենսաթոշակից բացի, գիտական կոչում ունեցող անձանց տրվելու են նաև հավելավճարներ, որոնց չափն ու տրամադրման կարգը պետք է սահմաներ ՀՀ կառավարությունը: Մինչ օրս այդ կարգը չի սահմանվել։ Պատրաստվո՞ւմ եք իրավիճակը շտկելու քայլեր ձեռնարկել ։

– Իսկապես, օրենքի  այդ դրույթը  շատ կարևոր սոցիալական նշանակություն ունի: Բոլորս էլ գիտենք, թե ինչքան բարդ ու տքնաջան աշխատանք է գիտնականի աշխատանքը:

Պետք է փաստենք, որ մեր հասարակության մեջ ապրում և ստեղծագործում են ականավոր, մեծավաստակ գիտնականներ, որոնք մեր հասարակության ու պետության պատվավոր քաղաքացիներն են:  Եվ նրանք իրավունք ունեն ապրելու բարեկեցիկ կյանքով ոչ միայն աշխատանքային, այլև կենսաթոշակային տարիքում: Սա ընդունված նորմալ կենսակերպ է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում: Այս գիտակցմամբ է, որ օրենքը նախատեսել է նման դրույթ: Ինչ վերաբերում է դրա կիրարկման մեխանիզմներին և ժամկետներին, դերակատարությունը գործադիր իշխանությանն է:

Նախ պետք է պարզել, թե ինչ թիվ են կազմում իրական գիտական աշխատանքով զբաղվող գիտնական-մասնագետները, ինչ օգուտ են  բերում պետությանը: Այնուհետև այդ թվից պետք է առանձնացնել կենսաթոշակառու գիտնականների թվաքանակը:  Կառավարությունը պետք է կարողանա պատշաճ պլանավորում կատարել իր բյուջետային եկամուտների և բյուջետային ծախսերի մասով՝ պարզելու, թե ինչքան հավելավճարներ կարող է հատկացնել արդեն կենսաթոշակառու դարձած գիտնականներին:

Բայց բյուջետային աշխատող գիտնականները ներառված չեն պետության կողմից սահմանված սոցիալական փաթեթում, որը նախատեսված է մինչև 160,000 դրամ աշխատավարձ ունեցող  պետական աշխատողների համար: Այս առնչությամբ ինչոր ծրագրեր ունե՞ք:

– Ինչպես գիտեք, 2012 թ. համար սոցփաթեթի ընդհանուր գումարը կազմում է 18 մլրդ դրամ՝ նախատեսված 117,200 մարդու համար: 2013 թ. պետբյուջեի նախագծով նախատեսված է ՝ 19.531 մլրդ դրամ 148,000 մարդու համար: Հուսանք, որ այս աճի մեջ չեն անտեսվի նաև գիտնականները: Այն, որ գիտնականները պետք է լինեն սոցիալապես ապահով, կասկածից վեր է: Հետևաբար, իսկապես ողջունելի կլիներ սոցփաթեթում ներառել նաև գիտնականներին, և ոչ միայն նրանց: Տրամաբանորեն ճիշտ կլիներ սոցփաթեթում ներառել նաև դասախոսներին, որոնց ներդրումը նույնպես մեծ է կադրերի պատրաստման և փորձի փոխանակման համար: Առհասարակ պետք է ընդունել, որ դասախոս-գիտնական կապը բավական սերտ է, և եթե նրանցից մեկին որոշ ուշադրություն է դարձվում, ապա բարոյական «պարտավորվածություն» է առաջանում նույնպիսի ուշադրության  արժանացնել նաև մյուս կոնտինգենտին: Սոցփաթեթում ներառել գիտնականներին և անտեսել դասախոսներին ճիշտ չի լինի և  ավելորդ լարվածության տեղիք կտա: Որպեսզի այս հարցը ցանկությունների մակարդակից բարձրացնենք գործնական ոլորտ, հարկավոր է պետբյուջեում գտնել համապատասխան ֆինանսական միջոցներ կամ ֆինանսական միջոցների վերաբաշխում կատարել: Այս մասին ավելի հստակորեն կարելի է խոսել այն ժամանակ, երբ գոնե մեկ տարվա կտրվածքով ամբողջական տեղեկություններ ունենանք սոցփաթեթի գործունեության մասին, դրանց  վերլուծությունից ստացված արդյունքները մեզ համար արդեն կողմնորոշիչ կդառնան՝ հետագայում հանդես գալու պետբյուջեում սոցփաթեթի մասով համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ անելու առաջարկություններով:

ՀՀում  դրամաշնորհային միջոցները ենթակա են հարկման, եթե միջազգային պայմանագրով այլ բան չի սահմանվում: Մինչդեռ  արտասահմանից գիտությանը տրամադրվող գումարը շահույթ չի ենթադրում գիտնականների համար, ուստի չպիտի ենթարկվի հարկման։ Սրա համար անհրաժեշտ է օրենսդրական կարգավորում: Պատրաստվո՞ւմ եք հանդես գալ նման նախաձեռնությամբ։ Եթե այո, ի՞նչ ժամանակահատվածում:

– Հետաքրքիր հարց է: Գիտական ծրագրերում ընդգրկվում են ինչպես մեր երկրի գիտնականները, այնպես էլ նրանց արտասահմանյան գործընկերները, կատարվում է փորձի փոխանակում, գիտելիքների հարստացում, հմտությունների բարձրացում, ծնվում են նոր գաղափարներ և մոտեցումներ: Ի վերջո, այստեղ մեծ ֆինանսական ռեսուրսներ են ուղղվում, որոնք ի սկզբանե հստակ մատնանշված ծախսման ուղղություն ունեն: Միջազգային-միջպետական նմանատիպ ծրագրերի շրջանակներում կատարվող ծրագրերի հստակությունը և դրանց թափանցիկությունը, ներառված գիտնականների շրջանակը, առաջադրված խնդիրներն ու նպատակներն արդարացնում են դրանց հարկերից զերծ լինելու պրակտիկան:

Բայց եթե այդ մոտեցումը տարածենք ամբողջ ոլորտի վրա, հնարավոր չէ բացառել զեղծարարությունը հարկերից խուսափելու համար: Իսկ դրանց նկատմամբ պատշաճ հարկային վերահսկողություն սահմանելը դժվար, բավական աշխատատար և վարչարարությամբ հագեցած գործունեություն է և ավելորդ բարդություններ կստեղծի: Պարզապես պետք է ոլորտի առավել խորքային ուսումնասիրություններ կատարել, հասկանալ դրանց էությունը, ճիշտ գնահատել միջազգային փորձը, այնուհետև հասկանալ` որքանով է արդարացված այդ փորձի տեղայնացումը Հայաստանում, որ ոլորտներում, ինչ ծախսեր է պահանջելու և, ի վերջո, ո՞րն է լինելու ակնկալվող արդյունքը, առհասարակ այն ի՞նչ է տալու պետությանն ու հասարակությանը: Ոչինչ չպետք է անել ինքնանպատակ: Հարկային արտոնություն տրամադրելը պետք է հանգեցնի առավել մեծ դրական արդյունքի՝ թե՛ տնտեսական և թե՛ սոցիալական առումով: Եթե մեր խորքային ուսումնասիրությունների արդյունքում գտնենք Հայաստանում գիտական գործունեություն իրականացնելու այնպիսի ոլորտներ, որտեղ այդ հարկային արտոնությունների կիրարկման մեխանիզմը կբերի դրական արդյունքներ, և դա կոնկրետ թվերով կարողանանք հիմավորել, ապա ես միայն ուրախ կլինեմ օգտակար լինել և անպայման հանդես կգամ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ:

Գիտական նպատակներով ներկրվող սարքավորումներն ու նյութերը մասամբ են ազատված մաքսատուրքից: Ըստ գիտնականների` պետք է լինի համապատասխան օրենք, որով գիտական սարքավորումների և նյութերի ներկրումը կազատվի մաքսատուրքերից։ Նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա՞ք։

– Եթե գիտնականները մեզ տրամադրեն փաստացի տվյալներ, թե գիտական գործունեություն ծավալելու համար ինչ մեքենասարքավորումներ են իրենց պետք, ինչպիսի ազդեցություն են ունենում դրանք գիտահետազոտական աշխատանքների որակյալ կատարման վրա և, ի վերջո, ինչպիսին է լինելու գնագոյացման մեխանիզմը՝ հաշվարկված մաքսատուրքերով ու առանց մաքսատուրքերի, համեմատական վերլուծության մեջ, ապա պատրաստ եմ սերտորեն համագործակցել նրանց հետ՝ փորձելով գտնել փոխշահավետ լուծումներ: Թող շահեն և՛ նրանք, և՛ պետությունը. չէ՞ որ դրանից շահեկան վիճակում ենք հայտնվելու բոլորս՝ հասարակությունը:

Շատ  փոքր երկներում ընդունված է գիտական փորձաքննության մասին օրենք, որը հնարավորություն  է տալիս փորձաքննության համար դիմել օտարերկրյա մասնագետներին։ Հայաստանում նման օրենք չկա։ Բայց օրենքի նախագիծը երկար տարիներ կառավարությունում է ու այդպես էլ Ազգային Ժողով չի հասնում։ Ինչպե՞ս սայլը տեղից շարժենք։

– Կառավարության կողմից նման օրենքի նախագծի մշակումը դրական նախաձեռնություն է, փաստում է այդ ոլորտում կառավարության շահագրգռությունը: Եթե կառավարությունն այդ օրենքի նախագիծը, ինչպես նշեցիք, արդեն իսկ պատրաստել է, և այն երկար տարիներ գտնվում է կառավարությունում, ապա, կարծում եմ, պետք է խնդրել կառավարությանը պարզաբանել, թե ինչու այդ օրենքի նախագիծը շրջանառության մեջ չի դրվել ԱԺ-ում: Հաջողության հասնելու համար պատրաստ եմ սերտորեն համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում` կառավարության հետ: Եթե այդ նախագծի առնչությամբ կառավարությունը խնդիրներ ունի, պատրաստ եմ գործի դնելու իմ կարողություններն ու հնարավորությունները ՝ խորքային ուսումնասիրությունների ենթարկելու դրանք, հասկանալու դրանց էությունը և գտնելու հնարավորինս լավագույն լուծումներ: Ինչքան շատ ջանք  թափենք նախագծային փուլում, այնքան ավելի կենսունակ և հաճախակի փոփոխությունների ենթարկվելու անհրաժեշտությունից զերծ օրենք կունենանք:

Որպես պատգամավոր՝ միայն ուրախ կլինեմ օգտակար լինելու գիտնականներին անհրաժեշտ օրենսդրական աջակցությամբ:

 Հ.Գ. «Անկախն» այս հարցերի պատասխանը փորձեց ստանալ նաև նախընտրական ծրագրում գիտության վերաբերյալ դրույթ ունեցող այլ մեծամասնական պատգամավորներից` Կարեն Կարապետյանից, Արտակ Սարգսյանից, Էդմոն Մարուքյանից: Սակայն տարբեր հիմնավորումներով մերժում ստացանք:

Դիտվել է 3566 անգամ:
Print Friendly

Leave a Reply