Հայ հանքատերերից հետո` թեկուզ ջրհեղեղ

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 23, 2012 7:00

Հայաստանի տնտեսության մեջ անհամեմատ մեծ դեր ունեն հանքարդյունաբերությունն ու ընդերքօգտագործումը: Սակավապաշար Հայաստանի տնտեսության ՀՆԱ-ի աճը կամ ցուցանիշները Հայաստանի անկախացումից ի վեր ապահովվել են հենց հանքարդյունահանման և արդյունաբերության շնորհիվ` կազմելով երկրի ՀՆԱ-ի գերակշիռ մասը:

Հանքարդյունաբերությունը չտեսնված արտոնություններ է վայելում

 

 Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործումը դրամական արտահայտությամբ  2012 թ. կկազմի 175 միլիարդ  510 մլն դրամ` նախորդ տարվա համեմատ ունենալով 3.1 տոկոս աճ: Այս ցուցանիշը հրապարակվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2012 թ. տարեկան հաշվետվությունում:

Ընդ որում` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգի կազմակերպությունների հարկային պարտավորությունների վճարման աճը 2012 թ. կազմել է 4.2 տոկոս: Սա հետագայում կդառնա հայրենի կառավարության ներկայացրած ցուցանիշներից: Սակայն այն մարդիկ, որոնք հետաքրքրվում են ոլորտով ու պայքարում Հայաստանի առանց այն էլ սակավ պաշարներն առավել արդյունավետ օգտագործելու հարցերով, բոլորովին այլ կարծիք ունենք հանքարդյունաբերության և ընդերքօգտագործման մասին և կարծում են, որ այս ոլորտից հարկերը, տուրքերն ու վճարները անհասկանալի փոքր են, եթե չասենք` չնչին:

Հանքարդյունաբերությունը, կարելի է ասել, հարկային դաշտից դուրս է մղված: Այս համակարգի համար գործում են սովորական հարկատեսակները, օրինակ` աշխատավարձերից եկամտահարկ, շահութահարկ և այլն: Սակայն աշխարհում այլ փորձ  կա: Հանքարդյունահանողներն ամբողջ աշխարհում ստիպված են այն երկրին, որտեղ հանքեր են շահագործում, հասցված վնասների փոխհատուցում անել: Խոսքը էկոլոգիական և այլ վնասների մասին է:

Հայաստանում նույնպես, ըստ օրենքի, պետք է այդպես լինի: Սակայն  պետությանը հասցված գումարները հաշվարկում են, բայց պետական գանձարան ոչ մի լումա չի մուծվում:

«Ու անհասկանալի է, թե դա ինչ օրենքով է սահմանվում: Իրականում չկա, այդ օրենքը, ես մինչև հիմա չեմ գտել: Պետությանը, ժողովրդին հասցված վնասը չի հատուցվում: ՀՀ-ում կան մոտ 500 շահագործվող հանքեր` մետաղական և ոչ մետաղական, և դրանցից ոչ մեկը տնտեսությանը հասցված  վնասը չի հատուցում: Մի օրինակ պետք է բերեմ. այս տարի ասում են, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը 20 մլն տոննա հանքանյութ է վերամշակել: Դրանից մոտ 19.5 մլն տոննա պոչանք է առաջանում: Յուրաքանչյուր տոննա  պոչանքի համար, որպես ծանր մետաղներ պարունակողի, «Բնապահպանական վճարների դրույքաչափի մասին» ՀՀ օրենքով նրանք պետք է մուծեին 48 հազար դրամ: Իմ հաշվարկներով` մոտավորապես 950 մլդ դրամ միայն  այդ թափոնների համար պետք է պետական գանձարան մուծվեր: Բայց իրականում մեկ տոննայի դիմաց վճարվել է 0 դրամ: Դրանից ավելին ասելու կարիք չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

 Փաստորեն, քանի որ հանք արդյունահանելու հետևանքով առաջանում են թափոններ, ու այդ թափոնները մնում են արդյունահանման երկրում, իսկ այդ թափոնները համարվում են բնակչության առողջությանն ու շրջակա միջավայրի համար վնասակար ու վտանգավոր, դրա համար հանքարդյունահանողը պետք է առանձին գումարներ մուծի պետությանը` ժողովրդին: Համենայն դեպս այդպես են անում աշխարհի բոլոր նորմալ երկրներում: Իսկ Հայաստանում, պարզվում է, դա միայն թղթի վրա է: Ու  հսկայական գումար, փաստորեն, որ կարող էր մտնել ՀՀ պետական բյուջե, չի մտնում:

Իսկ սերունդները թող իրե՞նք մտածեն իրենց մասին

Նշվածը հանքարդյունաբերության ոլորտի հիմնական խնդիրը չէ: Ամեն ինչ կարելի է մի քիչ այլ` ավելի մտածված ու արդյունավետ կազմակերպել: Օրինակ` միայն հանքանյութի արդյունահանումը կամ այդ հանքանյութի միայն առաջնային մշակումը մեծ արդյունքներ չեն ապահովում: Ճիշտ է, եթե դու վաճառում ես խտանյութը և վաճառում ես մետաղը, եկամուտները տարբեր են, ու մետաղ վաճառելուց ավելի շատ եկամուտ է ստացվում, սակայն տարբերությունը  մեծ չէ: Աշխարհում գոյություն ունի աշխատանքի միջազգային բաժանում. կան պրիմիտիվ երկրներ, որոնց պաշարները շահագործվում և արդյունահանվում են, հումք մատակարարող երկրներ, վերամշակող երկրներ և բարձր տեխնոլոգիաներ, ինովացիաներ և այլն արտահանող երկրներ:

Այդ համակարգում Հայաստանն այժմ հանդիսանում է հանքահումք, առաջնային մշակման ենթարկված հումք, գյուղմթերք արտահանող երկիր: Այսինքն` գտնվում է աշխատանքի միջազգային բաժանման ստորին սանդղակում: Բայց նույնիսկ այդ դեպքում, ինչպես համոզված է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, մենք պետք է արդյունահանեինք այնքան, ինչքան ի վիճակի էինք օգտագործել, այսինքն` դրա բազայի վրա տնտեսության աճ ապահովելու համար: Նույնիսկ հումքի արտահանման դեպքում էլ այնքան հոգատար պետք է լինեինք, որ եկած եկամուտներն օգտագործվեին կառուցվածքային  բարեփոխումների կամ նոր արտադրություններն ու ճյուղերը զարգացնելու, տեխնոլոգիաներ ներուծելու համար: Այսինքն` պետք է այն լուման, որ մենք ստանում ենք մեր ընդերքի հարստությունը վաճառելու հաշվին, գոնե պետք է արդյունավետ օգտագործվեր:

Շրջանառության մեջ կան մոտեցումներ ու տեսակետներ, թե օրինակ` պղնձի վերամշակման նոր մետալուրգիական կոմբինատ ստեղծելու համար պետք է հումքի արդյունահանման ծավալներն ավելացվեն:

«Բայց կարծում եմ, որ սա ասվում է` հիմնավորելու համար արդյունահանման ծավալների մեծացումը»,- կարծիք հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Նա նաև հավելեց, որ վերամշակաման արդյունքն ավելի թանկ է, քան հումքը, բնականաբար, այստեղ կա տնտեսական էֆեկտ: Սակայն այդ էֆեկտն այնքան չէ, որքան մենք պատկերացնում ենք, այնքան չէ, որ դարման դառնա մեր վերքերին:

Խնդիրը հետևյալն է. երբ խոսքը հանքարդյունաբերության ու հումքի առաջնային վերամշակման մասին է, ապա պետք է հասկանանք, որ դա այստեղ արդեն տարածված ճյուղ է, ու աշխատատեղերի ստեղծման  առումով տնտեսական էֆեկտը շատ չի տարբերվի ներկայիս վիճակից: Առավել ևս, որ ոլորտի գերատեսչությունն իր հաշվետվությունում նշում է. «Էներգետիկայի և բնական պաշարների համակարգի կազմակերպությունների աշխատողների միջին թվաքանակն ընդերքօգտագործման ոլորտում 2012 թ. կազմել է 7440 մարդ և նախորդ տարվա համեմատ աճ չի գրանցել»:

Իսկ ցանկացած զարգացած կամ իր ապագայով մտահոգ երկիր, ոչ միայն իր, այլև ուրիշի պաշարները բերելով իր երկիր, խնայելով իր պաշարները, դրանք թողնելով որպես ռեզերվ, ստեղծում է արտադրանք, որում հումքի բաժինը շատ չնչին տոկոս է կազմում: Արտադրում են ապրանք, հետո անհամեմատ ավելի բարձր գնով վաճառում են այդ հումքն արտահանող երկրին ու ստանում հսկայական եկամուտներ: Դա միջազգային մասշտաբով շահագործում է նշանակում: Իսկ մեզ պես երկրներն այդ դեպքում դառնում են շահագործվող երկիր:

«Իմ կարծիքով` եթե Հայաստանը սկսի մի քիչ այլ կերպ մտածել ու մոտենալ մեր հանքահումքային ռեսուրսների օգտագործմանը` անցնի գիտատար ու խորը վերամշակման փուլի և շուկա արտահանի ոչ թե հանքանյութ կամ առաջնային մշակված հումք, այլ խորքային ու վերջնական մշակված ապրանք, ապա շահույթը կլինի մի քանի անգամ ավելի շատ` 4-5 անգամ: Հնարավոր չէ, որ տարբերությունն ընդամենը 10 կամ 20 տոկոս լինի: Որովհետև արդյունքներ կան, որոնք ավելի ինովացիոն են, գիտատար են, ու այս դեպքում և՛ լրացուցիչ աշխատատեղեր կստեղծվեն, և՛ կունենանք զարգացած տնտեսություն, ավելի քիչ հանք շահագործելով` ավելի ահռելի շահույթ կունենանք: Եվ, ի վերջո, արտագաղթը ոչ թե կխորանա, այլ ընդհակառակը`  կարող է նաև ներգաղթ լինել: Այդպես են լուծվում խնդիրները»,- ասաց Աշոտ Եղիազարյանը:

Խնդիրն այն է, որ վերջնական ապրանք արտադրելուց հետո հարկավոր է նաև այդ ապրանքների համար շուկա գտնել: Սակայն համաշխարհային շուկան էլ է բաժանված խոշոր խաղացողների միջև: Բնականաբար, շուկայական հարաբերություններում ստատիկ վիճակ չկա, կա դինամիկա` մեկը փոխարինվում է մյուսով: Կա, իհարկե մրցակցություն, սակայն դու կարող ես գրավել ուրիշի տեղը, եթե ստեղծես համեմատական մրցակցային առավելություններ: Հնարավորություն կա, այլ բան է, որ դա դժվար է անել: Իսկ ուղղակի հողը փորելն ու հանածը վաճառելն անհամեմատ ավելի հեշտ է, թեկուզ եկամուտները վերջնական մշակման դեպքում կարող են լինել մի քանի անգամ ավելին: Ստացվում է, որ մեզ մոտ չեն ուզում դժվար, բայց եկամտաբեր ճանապարհով գնալ, այլ ընտրել են հեշտ` ընդերքը գիշատիչ կերպով շահագործելու ճանապարհը:

 

 

Դիտվել է 1850 անգամ:
Print Friendly

Leave a Reply