ՍԱՊԾ երկու աշխատակիցներն ազատվեցին պատժի կրումից

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | November 22, 2012 13:02

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության «Կենտրոն-1» տարածքային ստորաբաժանման երկու վճարող-տեսուչների դեմ գործով դատավճիռը:

Դատարանը ամբաստանյալներ Արմեն Ավետիսյանին ու Հովհաննես Միրզոյանին մեղավոր ճանաչեց խոշոր չափերի յուրացում ու վատնում կատարելու, փաստաթղթեր կեղծելու մեջ (նրանք մեղադրվում են իրենց վստահված կենսաթոշակների գումարներից յուրացման եղանակով խոշոր չափերի գումարներ հափշտակելու մեջ՝ վճարային ցուցակներում կենսաթոշակառուների անվան դիմաց ստորագրությունները կեղծելու միջոցով): Դատարանը երկու ամբաստանյալներին էլ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ Խոշոր չափերով յուրացնելը և վատնելը, դատապարտեց երկուսուկեսական տարվա, իսկ 325-րդ հոդվածի առաջին կետով՝ փաստաթղթեր կեղծելը, 6-ական ամսվա ազատազրկման, սակայն՝ կիրառելով Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ընդունված համաներման մասին որոշումը, ազատեց նրանց պատժի կրումից:

ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության ավագ դատախազ Հովհաննես Ենոքյանը միջնորդել էր ամբաստանյալներին համապատասխանաբար դատապարտել երկուսուկեսական և մեկական տարվա ազատազրկման և համաներմամբ ազատել պատժի կրումից:

Գործը դատարանում քննվեց արագացված դատաքննության կարգով, քանի որ երկու ամբաստանյալներն էլ լիովին ընդունել են իրենց մեղքը, անկեղծորեն զղջացել և կամովին վերականգնել հանցագործությամբ պատճառված վնասը:

Ա.Ավետիսյանը մինչև 2010թ. դեկտեմբերի 30-ն աշխատելով վճարային ծառայության Երևանի «Կենտրոն-1» տարածքային ստորաբաժանումում որպես վճարող-տեսուչ, 2008–2010թթ. ընթացքում վճարային ցուցակներում երկու մահացած կենսաթոշակառուների անվան դիմաց ստորագրությունները կեղծել էր, նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել խոշոր չափերի, ընդհանուր՝ 682.590 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները։ Իսկ նույն ստորաբաժանումում մինչև 2010թ. դեկտեմբերի 30– ը որպես վճարող- տեսուչ աշխատած Հովհաննես Միրզոյանը՝ տեղեկանալով կենսաթոշակառուների մահվան կամ ՀՀ-ից բացակայելու մասին, 2007–2010թթ. ընթացքում, կեղծելով վճարային ցուցակներում ընդգրկված 3 կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափերի՝ 1.231.574 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները։

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 718 անգամ:
Print Friendly

Leave a Reply