Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիներ են ներառված Սիրիայում զոհված վարձկանների ցուցակում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 22, 2012 12:49
Սիրիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է ներկայացրել երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի ժամանակ զոհված արտասահմանցի 143 ահաբեկիչների ցուցակը, որի կազմում կան նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիներ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է Inner City Press լրատվական գործակալությունը: Նշվում է, որ բոլոր վարձկանները կռվել են ընդդիմության կողմից: Ցուցակում Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թունիսի, Եգիպտոսի, Սուդանի, Լիբիայի, Աֆղանստանի, Հորդանանի, Թուրքիայի, Եմենի, Իրաքի, Քուվեյթի, Լիբանանի, Ալժիրի, Չադի, Պակիստանի քաղաքացիների կողքին տեղ են գտել ահաբեկիչներ նաեւ Ադրբեջանից, Չեչնիայից, ինչպես նաեւ պաղեստինցիներ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի կենտրոնակայանին ներկայացվել էին անկախ փորձագիտական տվյալներ, ըստ որոնց` Սիրիայում կռվում էին 11 երկրների գրոհայիններ:
2012 թ-ի հոկտեմբերի 19-ին սիրիական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Հալեպում պետական զորամիավորումների կողմից ոչնչացված ահաբեկչական խմբավորման կազմում ոչնչացվել է Ադրբեջանի քաղաքացի Հասին Ղազլըն: Հետաքննությունը պարզել էր, որ ադրբեջանցի ահաբեկիչն ավազակային խմբի հետ Սիրիայի տարածք է մուտք գործել Թուրքիայով: Նոյեմբերի 9-ին իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ կառավարական ուժերի կողմից ահաբեկիչների դեմ իրականացրած գործողությունների արդյունքում ոչնչացվել է Ադրբեջանի քաղաքացի Զաուր Իսլամովը: Նշվել է, որ ոչնչացված ահաբեկչական խմբի կազմում եղել են Սաուդյան Արաբիայի եւ Ադրբեջանի քաղաքացիներ:
Ադրբեջանի կողմից Սիրիայի հակակառավարական ուժերին օգնություն ցուցաբերվելու մասին վաղուց է հայտնի: Դեռեւս հոկտեմբերին իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուքիայի միջնորդությամբ Ադրբեջանը սիրիացի ահաբեկիչներին 500 հազար եվրոյի օգնություն է հատկացրել: Օգոստոսի վերջին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում անկարգությունների մեջ մեղադրել է Թուրքիայի կառավարությանը` հայտարարելով, որ «Թուրքիան անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում տեղի ունեցող արյունահեղության համար»:






Facebook
Tweet This
Email This Post
