Ֆլորա Մարտիրոսյանի բարեկամները տեղեկացրել են, որ նրան կհուղարկավորեն Հայաստանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 22, 2012 12:47

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի եւ թաղման արարողությունը կլինի Հայաստանում, թե ոչ` պարզ կդառնա այսօր` նոյեմբերի 22-ին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ զրուցել են սիրված երգչուհու բարեկամներից մեկի հետ, ով հավաստիացրել է, որ արարողությունը տեղի կունենա Հայաստանում, սակայն նախարարությունը սպասում է երգչուհու ընտանիքի անդամների` ամուսնու եւ երեխաների որոշմանը: Հարազատների դրական պատասխան ստանալուց հետո, ՀՀ վարչապետի որոշմամբ, կստեղծվի կառավարական հանձնաժողով` հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունները Հայաստանում կազմակերպելու համար:

Արթուր Պողոսյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպման գործընթացը երկար է տեւում, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ է տարվում Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսի կողմից:

ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան պատճառը լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են: Սիրված երգչուհին Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիրն է, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիրը, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնողը:

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply