Ցմահ դատապարտյալների հիմնախնդիրները բարձրաձայնելն այլևս տաբու չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | November 21, 2012 20:05

Ռուբեն Աբեղա Զարգարյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրեակատարողական հիմնարկների հոգևոր սպասավորության բաժնի պատասխանատուն է: Ասում է, որ եթե նախկինում դատապարտյալներին էր այցելում 2-3 հոգևորական, ապա վերջին մեկ տարվա ընթացքում այդ թիվը հասել է 8-ի: Պահանջը հենց դատապարտյալներինն է: Հոգևորականների հետ հանդիպումները դրական ազդեցություն են թողնում. «Մեզ գրած նամակներում արդեն իսկ երևում է փոփոխությունը,- ասում է նա,- անգամ նրանցից ոմանք հոգևոր ոլորտում կրթություն ստանալու ցանկություն են հայտնում: Նաև ասում են, որ այդ հանդիպումներից հետո իրենց մեջ հույս է արթնանում, վերարժևորվում է ապրելու իմաստը»:
Սակայն հոգևորականի հետ հանդիպումը միայն բավարար չէ ցմահ դատապարտյալների խնդիրները լուծելու համար: Դրանք բազմաթիվ են, որոնց մասին հատկապես վերջին շրջանում պարբերաբար բարձրաձայնվում է հասարակական կառույցների կողմից: Երկու տարի առաջ էլ ստեղծվեց հասարակական նախաձեռնություն՝ ի պաշտպանություն ցմահ դատապարտյալների: Հասարակության մեջ տաբու դարձած խնդիրը սկսեց վեր հանվել և լուսաբանվել:
Հավանաբար այդ ամենի արդյունքում Հայաստանի հելսինկյան կոմիտեն նախաձեռնեց միջազգային երկօրյա համաժողով «Ցմահ դատապարտյալների հիմնախնդիրները» թեմայով, որը մեկնարկեց նոյեմբերի 21-ին: Սա այս թեմայով առաջին միջազգային համաժողովն է Հայաստանում: Գիտաժողովի շրջանակներում ԽՍՀՄ նախկին հանրապետությունների 7 եվրոպական երկրների ներկայացուցիչներ ներկայացրին իրենց երկրների փորձը:
«Սա այն հարցն է, որը պետք է լուծել հումանիստական տեսանկյունից, սակայն մեր հասարակությունը դեռևս պատրաստ չէ դրան: Այնպես որ հաշվի առնել հասարակության պահանջն այնքան էլ ճիշտ չէ»,-ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ հակադարձելով այն տեսակետին, թե պետք է հաշվի առնել հասարակության վերաբերմունքը ցմահ դատապարտյալների նկատմամբ և նոր միայն բարեփոխումներ իրականացնել:
Ցմահ դատապարտյալների պաշտպաններն ամենևին չեն անտեսում տուժող կողմի իրավունքը, չեն պահանջում ազատ արձակում, այլ ընդամենը փորձում են, եվրոպական փորձը հաշվի առնելով, բարեփոխումներ իրականացնել. «Ունենալ տարբերակված մոտեցում` մարդը մեկ սպանության համա՞ր է դատապարտվել, թե՞ մի քանի, հաշվի առնել տարիքային ցենզը՝ 18 տարեկանից դարձնելով 21, վաղաժամկետ ազատ արձակման շեմը որոշ դեպքերում իջեցնել, խնդրահարույց գործերը վերանայել և այլն: Մի խոսքով, մենք առաջարկել ենք ճկուն մեխանիզմներ, որպեսզի այդ մարդկանց հնարավոր լինի ուղղել և վերադարձնել հասարակություն»:
2003 թ. նախագահի կողմից համաներման հրամանագրի շուրջ նույնպես տարակարծություններ կան: «Ներման դատավճռից հետո նախագահն իրավունք չուներ դատարանի դեր ստանձնել և նոր դատավճիռ հրապարակել,- նշում է Ռևազյանը՝ նկատի ունենալով մահվան դատավճիռը ցմահով փոխարինելու նախագահի հրամանագիրը:
Ռոբերտ Քոչարյանի այդ քայլը հումանիստական չի համարում նաև Ավետիք Իշխանյանը. «Նախ` դա նախագահի բարի կամքը չէր, այլ Եվրոպայի խորհրդի պահանջն էր, որ մահապատիժը վերանա, և այն դե յուրե արդեն վերացել էր: Գործերի վերանայման դեպքում ցմահ ազատազրկումն առավելագույն պատիժն էր, և հենց դա էլ ընտրվեց, հիմա դրա ի՞նչն է հումանիստական»:
Իշխանյանի համար մի բան հստակ է` վերաբերմունքը ցմահ դատապարտյալների նկատմամբ խիստ բացասական է:
Խնդիրը ցավոտ է և երկու կողմ ունի, ուստի պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հստակ տեսակետ կարտահայտի, երբ բավականին տեղեկատվություն կունենա արտասահմանյան փորձի մասին: «Իդեալական լուծումներ հնարավոր չէ գտնել, սակայն պետք է գտնել նաև հասարակության կողմից ընկալելի լուծումներ՝ միաժամանակ կրթելով այդ հասարակությանը»,- նշում է նա:
Հարությունյանը տեղյակ է ոլորտի բարեփոխման վերաբերյալ ՀԿ-ների և քաղաքացիական նախաձեռնության անդամների առաջարկներին, սակայն խուսափում է հստակ վերաբերմունք և կարծիք արտահայտել: «Պետք է ծանոթանալ այլոց փորձին,- ասում է նա,- միաժամանակ մենք իրավունք չունենք հենց էնպես վերցնել այլ երկրների փորձը և ընդօրինակել: Համենայն դեպս, այսօր աշխարհը փոխվել է և լուրջ հնարավորություններ է ընձեռել: Պետք է հասկանալ, թե ինչպես կիրառել այդ հնարավորությունները՝ միաժամանակ անվտանգության խնդիր չառաջացնելով»:
Ցմահ դատապարտյալների պաշտպանությամբ զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մուրադյանը կարծում է, որ վերջին երկու տարվա ընթացքում կոտրվել են շատ կարծրատիպեր, և այդ հարցում մեծ է եղել հատկապես անձնական հանդիպումների դերը տարբեր մակարդակի պաշտոնյաների և հասարակության ներկայացուցիչների հետ: Նա տեղեկացրեց, որ վերջերս հանդիպումներ են տեղի ունեցել նաև Ազգային ժողովի խմբակցությունների անդամների հետ: Զարուհի Մուրադյանը զարմացած է, որ մեր խորհրդարանում կան պատգամավորներ, որոնք շատ քիչ բան գիտեն ցմահ դատապարտյալների մասին: Ամեն դեպքում նա համոզված է, որ սայլը տեղից շարժվել է:
Նշենք, որ նախօրեին խորհրդարանում ՔԿՀ-ների լսումների ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գործնական առաջարկ արեց պատգամավորներին՝ խորհրդարանական երկու հանձնաժողովների հետ ստեղծել աշխատանքային խումբ և քննարկել ցմահ դատապարտյալների խնդիրներն ու հասարակական կառույցների կողմից ներկայացված առաջարկները, ապա օրենսդրական բարեփոխումներ ներկայացնել:

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply