ՓՄՁ նիստում քննարկվել է հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 21, 2012 18:58

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի արտահերթ նիստ:

Համաձայն հաստատված օրակարգի` քննարկվել է ՓՄՁ միջավայրի վրա հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթի ազդեցության հարցը: Այս առնչությամբ վարչապետ Սարգսյանը նշել է. «Տեղյակ եք, որ քննարկվում է օրենսդրական նոր փաթեթ, որը նպատակ ունի կատարելագործել հարկային օրենսդրությունը և վերաբերում է նաև փոքր ու միջին բիզնեսին: Մենք փորձել ենք դրանում ներառել այնպիսի դրույթներ, որոնք համահունչ են փոքր ու միջին բիզնեսի ցանկություններին և պետք է բարելավեն ՓՄՁ միջավայրը, հարկային վարչարարությունը: Այսօր պետք է քննարկենք կարևորագույն կետերը, որոնք ներառված են այդ օրենսդրության մեջ»:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը մանրամասներ են ներկայացրել «Շրջանառության հարկի մասին», «Ավելացրած արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին», «Հարկերի մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Ընդերքի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Ճանապարհային վճարի մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին», «Ակցիզային հարկի մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» և «Հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ:
Ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել վերոնշյալ օրենքների փոփոխությունների վերաբերյալ և որոշ դրույթների առնչությամբ դիտողություններ ներկայացրել:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` վարչապետն ընդգծել է, որ նշված փոփոխություններով հարկային օրենսդրության դաշտում առաջարկվում են որոշակի ճշգրտումներ, որոնք նպատակաուղղված են հարկային բեռի թեթևացմանը, հարկային վարչարարության կրճատմանը և ՓՄՁ գործունեության դյուրացմանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել հնչեցված առաջարկությունները և հարկային օրենսդրության փաթեթը լրամշակված տարբերակով ներկայացնել ՀՀ կառավարություն:

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply