Հանրային խորհուրդը մեկ տարեկան է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 15, 2010 16:45

Մեկամյա գործունեությանընթացքում ՀԽ-ն հասցրել է քննարկել  400 դիմում-բողոք, ստացել է 100 առաջարկություն  տարբեր կազմակերպություններից, կատարել է երկու պաշտոնական այց՝ ԼՂՀ և ՌԴ:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԽ անդամ Գրիգոր Բադիրյանը՝ ամփոփելով կառույցի մեկամյա գործունեությունը:

Հանրային խորհուրդը կազմավորվել է 2009թ.  մարտի 11-ին: Ներկայումս այն  ունի 36 անդամ, 12 հանձնաժողով, 66 ենթահանձնաժողով:

ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանը ՀԽ բարձրացրած հարցերից հատկապես կարևորում է երկուսը՝ հեռուստաեթերի բովանդակության հարցը և ինտերնետհասանելիության խնդիրը Հայաստանում:  «Այժմ աշխատում ենք  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ և մեկ ամսվա ընթացքում պետք է վերհանենք Հայաստանում ինտերնետհասանելիության հիմնական խոչընդոտները»,- ասում է Մուսայելյանը:  Նա նաև նշում է, որ ՀԽ ծավալած քննարկումներից պարզվել է, որ հանրության մի լայն հատված դժգոհ է ներկայիս հեռուստաեթերից, «իսկ երիտասարդության շրջանում հանցագործությունների թվի աճը և հանցագործությունների նմանակումը քրեական սերիալներին առիթ դարձավ ահազանգելու և մոնիթորինգի հանձնաժողով ստեղծելու համար»: Մուսայելյանն ասում է, որ չնայած ՀԽ-ն շատ կետերում համաձայն չէ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ շրջանառության մեջ դրած հեռուստաեթերի չափորոշիչների հետ, սակայն ողջունում է դրա գոյությունը:

Ասուլիսի մասնակից ՀԽ անդամները՝ Աստղիկ Գևորգյանը, Հովիկ Մուսայելյանը և Գրիգոր Բադիրյանը,  նշեցին, որ ՀԽ-ն զերծ չէ թերություններից և դեռ կայացման երկար ճանապարհ ունի անցնելու:  Ըստ Աստղիկ Գևորգյանի՝  ՀԽ-ին են վերաբերում բոլոր այն հարցերը, որոնք հուզում են հանրությանը, սակայն «թերացում է, որ ֆիզիկապես չենք հասցնում արձագանքել հանրությանը հուզող բոլոր հարցերին: Օրինակ, ոսկու շուկայի խնդիրը դուրս մնաց ՀԽ ուշադրությունից»:

Դիտվել է 1969 անգամ:
Print Friendly

Leave a Reply