Օլիմպիական ցուցանիշները` կրթական բարեփոխումների արդյունավետության լավագույն հիմնավորում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 21, 2012 15:43

“Աստղագիտություն” և “Ինֆորմատիկա” առարկաների միջազգային օլիմպիադաներում մրցանակների արժանացած աշակերտներին այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Շնորհակալական խոսք հղելով աշակերտներին, ուսուցիչներին, թիմի ղեկավարներին ցուցաբերած արդյունքի համար` նախարարը նշել է.”Մոտ երեք ամիս առաջ ՀՀ Նախագահն ընդունեց միջազգային օլիմպիադաներում մրցանակային տեղերի արժանացած աշակերտներին, շնորհավորեց և հույս հայտնեց, որ գալիք երկու աշակերտական օլիմպիադաներում ևս հայ աշակերտները կշարունակեն նվաճել մեդալներ և հաջողությամբ հանդես գալով` բարձր կպահեն Հայաստանի պատիվը: Անցավ երեք ամիս, և վերջին երկու` “Աստղագիտություն” և “Ինֆորմատիկա” առարկաների օլիմպիադաներում ևս մեր դպրոցականներն արձանագրեցին հերթական փայլուն արդյունքը` թվով 6 մեդալ, այդ թվում` 1 ոսկի, 1 արծաթ և 4 բրոնզ: “Հաջողության պատմություններ” արձանագրած աշակերտները մեր հպարտությունն ու ուրախությունն են և կրթական համակարգում տեղի ունեցող լայնածավալ փոփոխությունների արդյունավետության լավագույն ապացույցն ու աշխատանքի լավագույն հիմնավորումը, լավագույն սպեղանին` կրթական բարեփոխումներում իրականացվող խնդիրների հաղթահարման գործում”,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ համաձայն վիճակագրության` այս տարվա ցուցանիշներով` 16 օլիմպիական մեդալ, Հայաստանի թիմը, Խորհրդային Միության նախկին երկրների, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի հետ համատեղ, կիսում է 5-7-րդ տեղերը: ԱՊՀ երկրների շարքում, ըստ նախարարի, Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ մեկ շնչին ընկնող մեդալների քանակով` 2-3-րդ տեղերը: Անդրկովկասի մյուս երկու երկրների` Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները զբաղեցրել են համապատասխանաբար 14-րդ և 15-րդ տեղերը: “2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաների արդյունքով` Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ ցուցաբերելով ամենաբարձր արդյունքները: Եվս մեկ ուրախալի փաստ` այս տարի ընդլայնվել է նաև դպրոցների աշխարհագրությունը` այդ թվում նաև մարզային. փայլուն են հանդես եկել Գորիս և Վանաձոր քաղաքի դպրոցները` ցույց տալով, որ Հայաստանում կրթության որակի վրա կատարվող աշխատանքների բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերն իրենց պտուղները տալիս են ոչ միայն օլիմպիական շարժման ավանդական դպրոցներում, այլ նաև մարզային կրթօջախներում: Հուսով եմ, որ հաջորդ տարի ավելի մեծ ներկայացվածություն կունենանք մարզերի աշակերտության կողմից”,-ընդգծել է Արմեն Աշոտյանը` հավաստիացնելով, որ այսուհետ ևս նախարարության ուշադրության կենտրոնում են լինելու օլիմպիականների նախապատրաստման և հավաքագրման աշխատանքները, որպեսզի, ըստ նախարարի, ապագայում ևս .հայ օլիմպիականները լավագույնս ներկայացված լինեն միջազգային օլիմպիադաներում և իրենց ցուցանիշներով ուրախացնեն հայ հասարակությանը: Արմեն Աշոտյանը, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով օլիմպիականների ուսուցիչներին, մարզիչներին, դպրոցի տնօրեններին, ինչպես նաև ծնողներին` աշակերտների կրթության գործում իրենց ավանդն ունենալու, ինչպես նաև նրանց կայացման և առաջխաղացման համար, աշակերտներին հանձնել է պարգևներ` ՀՀ կառավարության անունից: Օլիմպիականներն ու ուսուցիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախարարին` անմիջական աջակցության, ինչպես նաև թիմերին Ծաղկաձորում “մարզվելու” և ուսումնական հավաքների հնարավորություն ընձեռելու համար:
2012 թվականին “Մաթեմատիկա”, “Ֆիզիկա”, “Կենսաբանություն”, “Քիմիա”, “Ինֆորմատիկա” և “Աստղագիտություն” առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական` նվաճելով 16 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ և 5 գովասանագիր: Առհասարակ, բոլոր առարկաների գծով այս տարի հայ օլիմպիականները գրավել են մրցանակային տեղեր:
Ի դեպ, 2003 թվականին հայ աշակերտները նվաճել են 11, 2004 թվականին համապատասխանաբար` 14, 2005–ին` 10, 2006-ին` 5, 2007-ին` 8, 2008-ին` 5, 2009-ին` 7, 2010-ին` 7 և 2011-ին` 6 մեդալ:

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply