Ալեքսանդր Իսկանդարյան. «Օբաման «genocide» բառը չի արտասանի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 15, 2010 16:24

Ալեքսանդր Իսկանդարյան «Հավերժ փակ սահմաններ չեն լինում, և, ի վերջո, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ժամանակի ընթացքում հանգելու է դրան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Միևնույն ժամանակ քաղաքագետը համաձայնեց այն մարդկանց հետ, ովքեր կարծում են, թե թուրքական խորհրդարանում արձանագրությունների վավերացման գործընթացում այժմ ճգնաժամ է: «Հասկանալով, որ քաղաքականության մեջ կարող են բավական անսպասելի բաներ տեղի ունենալ,ես, այնուամենայնիվ, որոշակի հավանականություն տեսնում եմ, որ արձանագրությունները առաջիկա 1.5 ամիսների ընթացքում  կվավերացվեն, սակայն դրա հավանականությունը շատ փոքր եմ համարում»,-ասաց Իսկանդարյանը՝ հավելելով, որ Թուրքիայում գործընթացը մահացած են համարում մինչ ապրիլի 24-ը:

Անդրադառնալով հնարավոր զարգացումներին, քաղաքագետը ասաց, որ պաշտոնական մակարդակով գործընթացը չի կասեցվի, սակայն՝ քանի դեռ արձանագրությունները վավերացված չեն, քաղաքական առումով դրանք ուժ չունեն: Որպես զարգացման հնարավոր տարբերակ Իսկանդարյանը մատնանշեց արձանագրություններից միայն մեկի վավերացումը, ինչը Հայաստանի շահերից չի բխում: Ուստի՝ ըստ քաղաքագետի, ընդհանուր առմամբ գործընթացը չի կանգնի. «Նման գործընթացները հավերժ չեն կանգնում, դրա վերսկսումը հավանական է կես տարուց, մեկ տարուց: Ուղղակի հարաբերությունները կվերադառնան մինչ ֆուտբոլային դիվանագիտությունը գոյություն ունեցող վիճակին»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման՝ քաղաքագետը նշեց, որ այս պահին այն անմիջականորեն ազդում է հայ-թուրքական կարգավորման գործընթացի ու իրավիճակի վրա։ «Թուրքերը դա ընդունում են որպես ճնշում»,-ասաց Իսկանդարյանը: Ինչ վերաբերում է հավերժական հարցին՝ կարտասանի՞ արդյոք Օբաման ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառը, ապա, քաղաքագետի համոզմամբ այս տարի ևս ԱՄՆ նախագահը այդ բառը չի բարձրաձայնի. «Նա ինչ ասես կասի՝ հայերեն, թուրքերեն, չինարեն, ֆրանսերեն՝ ղարաբաղյան բարբառով, բայց ցեղասպանություն՝ հենց «genocide» բառը չի արտասանի»,-ասաց քաղաքագետը:

Դիտվել է 2557 անգամ:
Print Friendly

Leave a Reply