Ինչու է ՍԴ-ն իր վրա վերցրել ԱԺ-ի սահմանադրական պարտականությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 21, 2012 14:32

ՄԻՊ-ի ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության, որ ներկայումս գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 260-րդ հոդվածի 3-րդ և 262-րդ հոդվածի 2-րդ պարբերությունները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը:

Մասնավորապես, ՄԻՊ-ի գրասենյակի վերլուծությունները ցույց են տալիս, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 20-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունները չեն համապատասխանում Վարչական իրավախախտումների մասին օրենքի դրույթներին, համաձայն որոնց՝ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի այդ մասին անհապաղ տեղյակ պահել իր կողմից ընտրված անձին:

ՄԻՊ-ի գրասենյակի վերլուծությունները հանգեցրել են այն եզրակացության, որ նշված իրավական նորմերը իրավակարգավորման կարիք ունեն: Բացի այդ, օրենքով սահմանված կարգով անձին ձերբակալելու, դրա ժամկետը երկարացնելու լիազորություն ունեցող սուբյեկտների ցանկը չի համապատասխանում ներկայումս գործող սահմանադրաիրավական պարտավորությունների տրամաբանությանը և ոգուն:

Միևնույն ժամանակ, ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք, և մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Բացի այդ, ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով պետք է տեղեկացվի իրեն ազատությունից զրկելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացնելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին:

ՄԻՊ-ը գտնում է, որ գործող օրենքի դրույթը ներկայացված է ոչ թե որպես պահանջ, այլ խնդրանք, և չի սահմանվում որպես կոնկրետ պետական մարմնի պարտականություն:

Ավելին, իրավանորմը սահմանում է դատախազի՝ մինչև 10-օրյա ժամկետով վարչական ձերբակալում կիրառելու իրավունք, որը ըստ ՄԻՊ-ի հակասում է Սահմանադրությանը, քանի որ ձերբակալված անձին 72 ժամվա ընթացքում դատարանի կողմից կալանավորման վճիռ չկայացնելու դեպքում անձը ենթակա է անհապաղ ազատ արձակման:

Ըստ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, օրենքների անհամապատասխանության վերացումը ԱԺ-ի սահմանադրական պարտականությունն է, և ԱԺ-ին տրվել էր երկու տարի ժամանակ օրենքները վերանայելու և ներկայիս Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:

«Դա պետք է աներ ԱԺ-ն: ՍԴ-ն քննում է այն գործերը, երբ առկա է իրավական վեճ և տեղի է ունեցել կոնկրետ անձի իրավունքների խախտում: Եթե իրավական վեճը բացակայում է, անձը բացակայում է, հիմա մենք ինչով ենք զբաղված»,- նիստի ժամանակ հռետորական հարց հնչեցրեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

ՄԻՊ ներկայացուցչի կարծիքով, եթե օրենքում կան չգործող դրույթներ, որոնք չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, ապա այն ՄԻՊ տեսանկյունից արդեն իսկ մտահոգիչ է և ենթակա է վերանայման:

«Եթե ընդունվում են ոլորտը կարգավորող նորմեր, որոնք անկախ կիրառումից առողջ չեն, ապա դա արդեն մտահոգիչ է»,- տեսակետ հնչեցրեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից Արամ Վարդևանյանը:

Այնուամենայնիվ, ՍԴ նախագահին մտահոգում էր այն հարցը, թե ինչու է ՄԻՊ-ը զբաղվում ՀՀ օրենսդրության անհուսալի օրենքների վերլուծությամբ:

«Նախորդ ՄԻ պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարանին, ներկայացրել վարչական իրավախախտումների մասին օրենքի 165 հոդվածների անհամապատասխանելիությունը ՀՀ Սահմանադրությանը»,- ասաց Գ. Հարությունյանը:

ՍԴ-ի ուսումնասիրությունների ընթացքում փաստվել է, որ այդ օրենսգիրքը վաղուց հնացել է և կորցրել արդիականությունը, և օրենքում տեղ գտած հոդվածների 90 տոկոսը չի գործում: Բացի այդ, պարտավորեցվել էր կառավարությանը կարճ ժամանակահատվածում ԱԺ ներկայացնել նոր օրենսգրքի նախագիծ, քանի որ Օրենքում տեղ գտած նորմերի անհամապատասխանության ընդունումը ՍԴ-ի կողմից օրենքի նորմերը կդարձներ առոչինչ:

Սակայն առ այսօր նույն կոտրած տաշտակն է և նույն անտարբերությունը ԱԺ-ի կողմից:

«Փաստինֆո»
Դիտվել է 778 անգամ:
Print Friendly

Leave a Reply